24.11.2024
Ֆոտո՝ Sputnik
prev Նախորդ նորություն

Հայաստանում կաշառք ստանալու պահին ձերբակալվել է դատավոր. ԱԱԾ

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ենթադրյալ կաշառք ստանալու պահին ձերբակալվել է ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:


Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԱԾ-ից, քրեական գործով անձին տուգանքի դատապարտելու համար դատավորը պահանջել և անձամբ ստացել է 600 ԱՄՆ դոլար գումար։


Գումարի փոխանցումն իրականացվել է Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո: Առերևույթ հանցագործության առթիվ նախապատրաստված նյութերը փոխանցվել են ՀՀ գլխավոր դատախազություն։


Ինչպես հայտնում է armtimes.com-ը, վերջին 15 տարում, սա երրորդ դեպքն է, երբ կաշառք վերցնելիս դատավոր է ձերբակալվում: 15 տարվա մեջ առաջին անգամ կաշառք վերցնելիս ձերբակալվել, կալանավորվել, ապա դատապարտվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Խաչատուր Խաչատրյանը (2014թ.). նա մեղավոր է ճանաչվել 20.000 ԱՄՆ դոլար կաշառք վերցնելու մեջ:


Երկրորդը՝ Շենգավիթ վարչական ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանի ձերբակալությունն է. (2016թ.), նա մեղադրվում է 1000 ԱՄՆ դոլար կաշառք վերցնելու մեջ: