VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Իրատես» թերթը գրում է. «Քաղաքական օրակարգում 2018-ից հետո ապագա վարչապետի հնարավոր թեկնածուների հարցը շարունակում է մնալ գերակա։ Կարեն Կարապետյանը, ինչպես հայտարարել է, պատրաստ է կրկին մնալու վարչապետի պաշտոնում։ Լռում է Սերժ Սարգսյանը, խոսում են քաղաքական վերլուծաբանները, որոնց դիտարկումներով` Սերժ Սարգսյանը կարող է լինել ապագա վարչապետ եւ, ըստ էության, պետության ղեկավար։ ՀՀԿ-ի գաղափարական հատվածի ներկայացուցիչները, սակայն, պնդում են, որ Սերժ Սարգսյանը մտադիր չէ զբաղեցնելու վարչապետի պաշտոնը. նա շատ պարզ ասել է, որ իր քաղաքական կարիերան կապում է ազգային անվտանգության հետ, իսկ սա ենթադրում է այլ կարգավիճակ։ Եվ մինչ Հովիկ Աբրահամյանը լուրեր է տարածում, թե իրեն առաջարկվել է ԱԱԽ քարտուղարի պաշտոնը, իրականում այդ պաշտոնի համար այլ թեկնածու կա։
Բանն այն է, որ սահմանադրական փոփոխություններից հետո Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը բավականին մեծ դերակատարում եւ շատ հարցեր որոշելու իրավասություն է ձեռք բերում։ Եթե մինչ այժմ ԱԱԽ-ն ընդամենը խորհրդակցական մարմին էր, այժմ այն որոշումներ թելադրող է, ըստ էության, իշխանության թեւ, որը կարող է գործընթացներ ուղղորդել։ Իսկ սա նշանակում է եւ՛ ներքին, եւ՛ արտաքին քաղաքական զարգացումների վրա սեփական «կնիքն» ունենալու իրավասություն։ Այս պայմաններում հազիվ թե Սերժ Սարգսյանն այդ կարեւոր պոստը վստահեր Հովիկ Աբրահամյանին։ Ավելին, նույն աղբյուրների պնդմամբ, ամենայն հավանականությամբ, ԱԱԽ քարտուղարի պաշտոնը 2018-ից հետո կստանձնի հենց Սերժ Սարգսյանը»:
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Հովիկ Աբրահամյանը ստիպված է լինելու շա՜տ երկար ժամանակով գործազուրկի կարգավիճակին համակերպվել։ Նախ` տապալվեց նրա ծրագիրը ընդդիմության, ավելի ճիշտ, «Ծառուկյան» դաշինքի ստվերային կառավարման հարցում, հետո էլ, Բաղրամյան 26-ում կրկին հյուրընկալվելը շա՜տ հեռու է իրականությունից։ Մնում են նրա թելադրած ինֆորմացիոն արտահոսքերը, իբր, ԱԱԽ քարտուղար են նշանակում, գուցե նաև` վարչապետ։ Իրականում, ասում են, իշխանությունը բոլոր հաշիվները փակել է Հովիկ Աբրահամյանի հետ, և նա կարող է շատ երկար ժամանակ տրամադրել թոռներին կամ էլ ընդդիմության խոպան դաշտում վարուցանք անել։ Թեև դեռ հարց է՝ Հովիկ Աբրահամյանից ընդդիմություն դուրս կգա՞»:
«Փաստ» թերթը ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն հուշագրի ստորագրման հարցով հարցազրույց է վերցրել իշխող կուսակցությունը ներկայացնող, պատգամավոր Սամվել Նիկոյանից, ով, ըստ օրաթերթի, հաստատել է այն տեղեկությունները, որ ԱԺ ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ականները միմյանցից ձայներ են խլել: «ՀՀԿ հնաբնակներից Սամվել Նիկոյանը, ով այս անգամ ևս պատգամավոր ընտրվեց ՀՀԿ համամասնական ցուցակով, «Փաստի» հետ զրույցում բացահայտում է, որ ՀՀԿ–ում ևս թեկնածուներն իրարից ձայներ են խլել: Անդրադառնալով ընտրություններում բաժանված ընտրակաշառքին, ՀՀԿ ներկայացուցիչն ասում է, թե «ընտրակաշառքը լրագրողների շրջանառության մեջ դրած գաղափարն է», և որ իրեն որևէ մեկը երբևէ ընտրակաշառք չի առաջարկել», - գրում է թերթը ու մեջբերում Նիկոյանի խոսքերը. «Ձայներ խլելու մասին, այդ առումով Դուք լրիվ ճիշտ եք, որովհետև այս ընտրությունները տարբերվում էին մնացած բոլոր ընտրություններից, որովհետև բոլորը բոլորին մրցակիցներ էին: Կոնկրետ Շիրակի մարզում մենք ունեինք 13 թեկնածու: Բնական է, որ մեկը մյուսից ձայներ էր խլում»:
Վարչապետ Կարեն Կարապետյանը շարունակում է իր շոուները. կառավարության երեկվա նիստի ժամանակ, դիմելով գործադիրի անդամներին, վարչապետն ասել է, թե շատ ժամանակ իր հանձնարարականները թերի են կատարվել, ու պահանջել, որ այսուհետ հանձնարարականներն արվեն օրենքի տառին համապատասխան: Սակայն Կարապետյանն այդպես էլ չի հստակեցրել, թե նախարաներից ո՞վ է այս ընթացքում արհամարհել իր հանձնարարականները: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց կառավարության անդամներից մի քանիսի հետ՝ փորձելով պարզել` ինչո՞ւ են իրենք թերանում հանձնարարականները կատարելիս, արդյո՞ք վարչապետի առաջադրած խնդիրներն են անլուծելի: Տեղեկացնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում շատ նախարարներ պնդեցին, որ գոնե իրենք վարչապետի ասածները պարտաճանաչ կատարել են, ու նախատինքը իրենց չի եղել ուղղված:
Իրավիճակը պարզաբանելու համար «Ժողովուրդ»-ը դիմեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին` գոնե նրանից պարզելու, թե ում էին վերաբերում վարչապետի խոսքերը: «Ընդհանուր մոտեցում է… Կոնկրետ որեւէ մեկին ուղղված չէ, ձեւավորված ավանդույթին է ուղղված ավելի»,- պարզաբանեց Հարությունյանը: Այսպիսով՝ Կարեն Կարապետյանի երեկվա խոսքերն անհասցե հայտարարությունների շարքից էր` սեփական անձի PR նպատակներով: Ի վերջո, նա դեռ մտադրություն ունի շարունակել պաշտոնավարումը 2018թ. ապրիլից հետո, երբ ուժի մեջ մտնի նոր Սահմանադրությունը, գործի խորհրդարանական կառավարման համակարգն ու երկրի փաստացի ղեկավարը դառնա վարչապետը: Բայց Կարեն Կարապետյանը ճիշտ կաներ` իր PR շոուները անցկացներ ոչ ուրիշների, այդ թվում` իր նախարարների հեղինակության հաշվին, այլ իրականում գործ աներ, որի արդյունքը զգային նաեւ շարքային քաղաքացիները:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գյումրիի նախկին քաղաքապետ։, նորընտիր պատգամավոր Վարդան Ղուկասյանի որդին կրկին ասպարեզում է հայտնվել: «Ժողովուրդ»-ի հավաստի տեղեկություններով՝ օրերս Գյումրիում աղմկալի դեպք է եղել. Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, մտել է իրենց պատկանող, բայց վարձավճարով տրված գազալցակայան եւ ծեծի ենթարկել աշխատակիցներին: Ավելին՝ մեզ հայտնի դարձավ, որ Ս. Ղուկասյանի կողմից դաժան ծեծի ենթարկվողների մեջ է եղել նաեւ մի երիտասարդ, որի քեռին «Գազպրոմ Արմենիայի» Շիրակի մասնաճյուղի փոխտնօրեն Աղասի Ջանոյանն է: Գյումրիում տարածված լուրերի համաձայն՝ երիտասարդ տղայի աչքը այն աստիճանի է վնասվել, որ նա կանգնած է կուրանալու վտանգի առջեւ»:
«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ ռեյտինգային ցուցակով Շիրակի մարզում առաջադրված պատգամավորի թեկնածու Մարտուն Գրիգորյանը ընտրություններից մեկ ամիս անց որոշել է վրեժխնդիր լինել «անշնորհակալ գյումրեցիներից», որոնք իրեն այդքան քիչ ձայն տվեցին: Մասնավորապես, Մարտուն Գրիգորյանը որոշել է հետ պահանջել ոչ միայն իր բաժանած ընտրակաշառքը գումարի տեսքով, այլեւ գյումրեցիներին տված սառնարանները, լվացքի մեքենաներն ու հեռուստացույցները: Մարտուն Գրիգորյանի մարդիկ ցուցակով մտնում են ընտրակաշառք վերցրած գյումրեցիների բնակարաններ եւ հետ պահանջում կենցաղային տեխնիկան եւ գումարը: Մեզ հասած տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը իմացել է Մարտուն Գրիգորյանի գործողությունների մասին եւ խիստ տոնով հրահանգել է վերջ տալ այդ էժանագին քայլին, քանի որ վերջին հաշվով Գրիգորյանը այդ քայլով իր անվան հետ է խաղում»:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետարանը 2015 թվականին մայրաքաղաքի բարեկարգման ծրագրերի շրջանակներում Երեւան քաղաքի վարչական շրջաններում տեղադրվել է թվով 550 «Երեւան» նստարան եւ 600 հատ ձուլվածքով աղբաման, իսկ 2016 թվականին՝ 450 «Երեւան» գրվածքով նստարան, 300 ձուլվածքով մեծ աղբաման եւ 310 ձուլվածքով փոքր աղբաման: Այս ծրագիրն իրականացվել է «Նիկոլ Դուման» արտադրական կոոպերատիվի հետ կնքված պայմանագրերի արդյունքում: Նշենք, որ «Երեւան» նստարաններն արժեն 165 հազար դրամ, իսկ աղբամանները՝ 78 հազար դրամ, տարիների ընթացքում մեկ միավոր ապրանքի գինն աննշան տատանում է տվել: Եթե բազմապատկենք 2015 եւ 2016 թվականներին ձեռք բերված միայն նստարանների արժեքները, ապա ստացվում է, որ 165 միլիոն դրամ է հատկացվել այդ գնման համար «Նիկոլ Դուման» ընկերությանը:
Armtimes.com-ը իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գրանցամատյանից պարզեց, որ «Նիկոլ Դուման» արտադրական կոոպերատիվի իրավաբանական սուբյեկտի կարգավիճակ է ստացել 1995 թվականին եւ գործունեություն է ծավալում Երեւան քաղաքի Արցախի փողոց 23/1 հասցեում: Նույն հասցեում է գտնվում «Նիկոլ Դուման»-ի ձուլարանը, որտեղ շրջայց է կատարել նաեւ քաղաքապետ Տարոն Մարգարյանը 2014 թվականին: Այս կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարը 2009 թվականից հանդիսանում է Կառլեն Գեւորգյանը, որը «Նիկոլ Դուման»-ի 4 բաժնետերերից մեկն է 25 տոկոս բաժնեմասի տիրապետելով: Երեւանի քաղաքապետարանի հայտարարած մրցույթներին մասնակցում է միայն «Նիկոլ Դուման» ընկերությունը: Այս խնդրի մասին դեռեւս 2015 թվականին բարձրաձայնել է Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը:
Կառլեն Գեւորգյանը ՀՅԴ-ական է, «Հայկական ժամանակ»-ը դեռեւս 2003 թվականին գրել էր, որ Գեւորգյանը ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի շրջանակում ՀՅԴ-ին բաժին հասած 8 փոխնախարարի պաշտոն ստացածնեցրից մեկն է: Նա զբաղեցրել է քաղաքաշինության փոխնախարարի պաշտոնը: Քաղաքական հավակնությունները, սակայն, Կառլեն Գեւորգյանին տարիների ընթացքում չեն լքել, նա 2012 թվականին մեծամասնական ընտրակարգով ցանկացել է Երեւանի թիվ 12 ընտրատարածքից, որն այն ժամանակ ներառում էր Էրեբունի վարչական շրջանը, պատգամավոր ընտրվել: «Նիկոլ Դուման»-ի ձուլած նստարանները Երեւանի բազմաթիվ ձուլարաններում կարելի է պատվիրել 80-ից 100 հազար դրամի սահմանում, սակայն այն ավելի էժան գնով են ստանում արտերկրում: Ստորեւ ներկայացված նստարանն ԱՄՆ-ում է վաճառվում, այն արժե 113 ԱՄՆ դոլար՝ մոտ 54 հազար դրամ»:
«Փաստ» օրաթերթը գրում է. ««ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը նախորդ տարի ավելի քան 185 հազար ԱՄՆ դոլար փոխառություններ է ունեցել: Այս մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված 2016 թ. տարեկան հայտարարագրից: Այսպես, Մկրտումյանը հայտարարագրել է 185 հազար 790 ԱՄՆ դոլար փոխառություններ եւ 23 միլիոն 783 հազար դրամ տարեկան եկամուտ, որից 16 միլիոն 591 հազար եւ 376 հազար դրամը աշխատավարձեր են, իսկ 6 միլիոն 815 հազար դրամն էլ տրված փոխառությունների՝ վարկերի դիմաց ստացված տոկոսը կամ հատուցումը: Պաշտոնյայի դրամական միջոցները նախորդ տարի ավելացել են 3 միլիոն դրամով: Տարեսկզբին նա ունեցել է 17 միլիոն, իսկ արդեն տարեվերջին՝ 20 միլիոն դրամ: Կինը՝ Մարինե Մկրտումյանը, հայտարարագրել է միայն 30 հազար ամերիկյան դոլար դրամական միջոցներ»: