24.11.2024
ԱԺ առաջին նիստը կնախագահի ազգային փոքրամասնության ներկայացուցիչը
prev Նախորդ նորություն

Ադրբեջանական խնձորի գործով ՊԵԿ աշխատակիցներ են ձերբակալվել. նրանք կաշառք են վերցրել

Հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակիցների կողմից կաշառք ստանալու, ապօրինի ճանապարհով հանրապետություն գյուղատնտեսական ապրանքներ ներկրելու և ապօրինի ձեռնարկատիրություն իրականացնելու հետևանքով պետությանը խոշոր վնաս պատճառելու դեպքի վերաբերյալ քննվող քրեական գործի շրջանակներում ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության Բագրատաշենի բաժանմունքի մաքսային տեսուչը և նույն բաժանմունքի հերթափոխի պետը ներգրավվել են որպես մեղադրյալներ. վերջիններս կալանավորվել են: Այս մասին հայտնում են Հատուկ քննչական ծառայությունից:


Քննությամբ պարզվել է, որ ՊԵԿ-ի հիշյալ պաշտոնյաները մի շարք անհատ ձեռնարկատերերի օգտին ապօրինի գործողություններ կատարելու և Բագրատաշենի մաքսակետով ներկրված միրգ-բանջարեղենը պատշաճ զննության չենթարկելու համար վերջիններից կաշառք են ստացել: Մասնավորապես, ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության Բագրատաշենի բաժանմունքի մաքսային տեսուչ Դ. Ա.-ն և նույն բաժանմունքի հերթափոխի պետ Վ. Մ.-ն խմբի կազմում` նախնական համաձայնությամբ, անհատ ձեռնարկատերեր Գ. Ա.-ից և Լ. Ս.-ից կաշառք են ստացել` վերջիններիս թույլ տալով առանց մաքսային ձևակերպումների և անհրաժեշտ լաբորատոր հետազոտությունների Բագրատաշենի մաքսակետով ներկրել օրենքով սահմանված թույլատրելի չափաքանակը գերազանցող (50 կգ) տարբեր տեսակի միրգ-բանջարեղեն, այդ թվում` ադրբեջանական խնձոր: Հիշյալ ձեռնարկատերերն այնուհետև առանց հայտարարագրման ներկրված ապրանքն իրացրել են տեղական շուկայում:


Այսպիսով, խմբի կազմում` նախնական համաձայնությամբ կաշառք ստանալու համար Հ. Դ.-ին և Վ. Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3–րդ մասի 2-րդ կետով: Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:


Ժամեր առաջ ասուլիսի ընթացքում ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը հայտարարել էր, որ ադրբեջանական խնձորի ներկրման հարցում իր ղեկավարած կառույցը մեղքի բաժին ունի: Նա նշել էր, որ արդեն բացահայտվել է, թե ովքեր են իրականացրել ապօրինի գործունեությունը, սակայն անուններ կամ այլ տեղեկություններ, մասնավորապես կաշառքին վերաբերող, հրապարակել չի կարող՝ գործը գտնվում է քննության փուլում է: