Հայաստանի կառավարությունը հավելյալ 500 միլիոն դրամ կուղղի երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովմանը՝ ռեկորդային պահանջարկի պատճառով, իսկ հաջորդ տարվանից արմատապես կվերանայի աջակցության տրամադրման կանոնները։
Գործադիրի այսօրվա նիստում հաստատված որոշումը նպատակ ունի բավարարելու հիփոթեքային վարկավորման պետական աջակցության հանդեպ աճող հետաքրքրությունը։ Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանի խոսքով՝ 2026 թվականի համար նախատեսված 2,4 միլիարդ դրամ բյուջեն սպառվելու եզրին է, և վերաբաշխման արդյունքում հատկացված լրացուցիչ ֆինանսավորումը հնարավորություն կտա մինչև տարեվերջ աջակցել ևս 626 շահառուի։
2020 թվականից ի վեր պետությունն արդեն իսկ վճարել է շուրջ 13,2 միլիարդ դրամ ավելի քան 17 հազար ընտանիքի։ Նախարարն ընդգծել է, որ ոմանք ծրագրից հասցրել են օգտվել մեկից ավելի անգամ՝ հաջորդ երեխաների լույս աշխարհ գալուն պես։ «Սա նաև ցույց է տալիս, որ ծրագիրն իրոք ազդում է ընտանիքների՝ երեխա ունենալու որոշում կայացնելու վրա», - շեշտել է Թորոսյանը։
Գործող կարգավորումներն ուժի մեջ են մինչև տարեվերջ, որից հետո կմեկնարկի նոր, առավել հասցեական փուլ։ Նոր նախագծով աջակցության չափը կֆիքսվի 1 միլիոն դրամի սահմանում՝ անկախ երեխայի հերթականությունից, իսկ ձեռք բերվող գույքի առավելագույն արժեքի շեմը 35 միլիոնից կդառնա 40 միլիոն դրամ։
Զուգահեռաբար կխստացվեն պայմանները. շահառուները ոչ միայն չպետք է ունենան այլ սեփականություն, այլև վերջին 12 ամիսների ընթացքում չպետք է բնակարան օտարած լինեն՝ արհեստական գործարքներից խուսափելու նպատակով։
Կառավարությունը հրաժարվում է նաև մարզային առանձին բաղադրիչից, քանի որ այն չի ծառայել բնակչության ապակենտրոնացման բուն նպատակին։
«Պարզվել է, որ այս ծրագրից մեր քաղաքացիներն ամենաշատն օգտվել են Կոտայքի մարզում՝ երևանամերձ համայնքներում: Ավելի հեռու մարզերում, որտեղ, ի դեպ, ավելի մատչելի կլիներ տուն ձեռք բերելն ու կառուցելը, նման ժողովրդականություն չի եղել», - արձանագրել է նախարարը՝ հավելելով, որ նոր ծրագիրը կգործի միասնական կանոններով հանրապետության ողջ տարածքում։