Փաշինյանը պատասխանել է Մեդվեդևին
Լուսանկարը` artsakh.news
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոշտ է արձագանքել ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի սպառնալիքներին՝ շեշտելով, որ Հայաստանն ընթանում է բացառապես ինքնիշխանության ամրապնդման ճանապարհով։
Հոկտեմբերի 8-ին կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցում նա անդրադարձել է ինչպես հայ-ռուսական հարաբերությունների հռետորաբանությանը, այնպես էլ Թուրքմենստանում սպասվող բարձրաստիճան շփումներին։
Անդրադառնալով Մեդվեդևի այն հայտարարությանը, թե ամենասարսափելին Հայաստանի վերածումն է «նոր Ուկրաինայի», Փաշինյանը հիշեցրել է, որ երկիրն արդեն իսկ բախվել է լրջագույն վտանգի այն ժամանակ, երբ ՀԱՊԿ-ը հրաժարվեց կատարել իր դաշնակցային պարտավորությունները պետության հանդեպ։
«Նույն տրամաբանությամբ ուրիշն էլ կարող է ասել՝ ցանկանում ենք, որ Հայաստանը նոր Ռուսաստանի չվերածվի՝ նկատի ունենալով, որ Ռուսաստանի ամենատարբեր տեղերում պայթյուններ են հնչում: Դա լավ ժանր չէ», - ընդգծել է կառավարության ղեկավարը։ Վարչապետը հավելել է. «Հայաստանը Հայաստան է և ոչ մի ուրիշ բանի չի վերածվելու: Հայաստանը վերածվելու է ավելի ու ավելի շատ ինքնիշխան պետության: Սա՛ է մեր ճանապարհը»։
Խոսելով Թուրքմենստանում կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովի մասին՝ վարչապետը նշել է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ պաշտոնական հանդիպումներ նախատեսված չեն, սակայն ոչ ֆորմալ երկխոսությունն անխուսափելի է։
«Այսօր և վաղը միասին նույն տարածքում ենք լինելու, և այդ ձևաչափերում շփումներ լինում են միանշանակ։ Եթե հանկարծ ընթացս պարզվի, որ կոնկրետ հարցի քննարկման անհրաժեշտություն կա, մենք տեղում կպայմանավորվենք և կխոսենք», - եզրափակել է Փաշինյանը՝ հիշեցնելով, որ դիվանագիտական նման պրակտիկա գործել է նաև նախկինում։