Նոր կանոններ ԵԱՏՄ-ում. էլեկտրոնային հարթակները հաշվետու կլինեն ՊԵԿ-ին
Լուսանկարը` beseller.by
Հայաստանի կառավարությունը խստացնում է էլեկտրոնային առևտրի վերահսկողությունը. 2027 թվականի հունվարի 1-ից մարքեթփլեյսները ստիպված կլինեն ամեն ամիս հարկային մարմիններին զեկուցել Եվրասիական տնտեսական միության երկրներ արտահանված ապրանքների վերաբերյալ:
Անդրսահմանային առևտրի թափանցիկությունն ապահովող այս որոշումն ընդունվել է գործադիրի հոկտեմբերի 8-ի նիստում:
Նոր կարգավորումների գլխավոր նպատակը արտահանման դեպքում ԱԱՀ-ի արտոնությունների կիրառման հստակեցումն է։ «Նախագծով սահմանվում են հարթակների շահագործողների կողմից տվյալների ներկայացման կարգը, ժամկետները և փոխանցվող տեղեկատվության շրջանակը, ինչն անհրաժեշտ է ԵՏՄ արտահանված ապրանքների մասով ԱԱՀ-ի զրո տոկոս դրույքաչափը հիմնավորելու համար», - նշված է հաստատված պաշտոնական փաստաթղթում:
Ընդունված կանոնակարգի համաձայն՝ հարթակը շահագործող ընկերությունները պարտավորվում են մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ, էլեկտրոնային եղանակով ՊԵԿ փոխանցել վաճառված, ինչպես նաև վերադարձված կամ մերժված ապրանքների ամբողջական տվյալները:
Տեղեկատվական բազան պետք է ներառի նաև մատակարարների և առկա փաստաթղթերի մասին տեղեկություններ: Համակարգը միաժամանակ հնարավորություն է տալիս ուղղելու հնարավոր վրիպակները. սխալ հայտնաբերելու դեպքում օպերատորը կարող է ճշգրտված հաշվետվություն ներկայացնել, որն ընդամենը մեկ աշխատանքային օրվա ընթացքում հասանելի կդառնա հարկ վճարողի անձնական էջում: