24.11.2024
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը հրավիրում է ուսանել ու կատարելագործվել Միացյալ Նահանգներում
prev Նախորդ նորություն

Neue Zürcher Zeitung․ Էրդողանի հուսահատ խաղը

Նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջին ինը ամիսներին երրորդ անգամ հանդիպել է Պուտինի հետ։ «Ու դեպի Ռուսաստան այդ պատրանքային շրջադարձը ոչ այլ ինչ է, քան Արեւմուտքին շփոթեցնելու փորձ»,- վստահ է շվեյցարական Neue Zürcher Zeitung թերթի տեսաբան Քրիստիան Վայսֆլոգը։


Հիմա Էրդողանը «գործում է ավելի թույլ կողմի դիրքերից ու անում այն, ինչը արտաքին քաղաքականության մեջ հաճախ են անում ավտորիտար կառավարիչները, այսինքն օտարերկրյա գործընկերներին իրար է հակադրում՝ հանուն սեփական իշխանության պահպանման, ստիպելով անտեսել Թուրքիայի ներքին ոչ ժողովրդավարական քաղաքականությանը»։

Բացի դրանից Թուրքիան, լինելով ՆԱՏՕ-ի անդամ, բացահայտորեն մտածում է Ռուսաստանի Ս-400 ՀՕՊ համակարգեր գնելու մասին։ «Ըստ էության սա ենթագիտակցական սպառնալիք է Արեւմուտքին առ այն, որ Թուրքիան ռազմական առումով ունի այլընտրանքային գործընկերներ»,- գրում է լրագրողը։ Եվ տնտեսական առումով էլ Անկարան նախորդ ամիսներին ձգտում էր Ռուսաստանի հետ մերձեցման։ Մասնավորապես, ակտիվացվել է «Թուրքական հոսք» գազատարի շինարարությունը ու արագացվել Թուրքիայի տարածքում ռուսական ԱԷԿ-ի շինարարությունը։

Ինչեւէ, այդ բոլոր նախագծերը «չեն կարող քողարկել այն, որ երկու երկրների միջեւ կան լուրջ տարաձայնություններ սիրիական հակամարտոթյան հարցում»։ Դա ակնհայտ դարձավ Սիրիայի երկնքում 2015-ի վերջին ռուսական ռմբակոծիչի ոչնչացման միջադեպից հետո։ Այն ժամանակ Մոսկվայի կողմից Անկարայի դեմ սահմանված պատժամիջոցները Էրդողանին ստիպեցին ներողություն խնդրել։ Բայցեւայնպես, չնայած դրան հաջորդած հաշտեցմանը, Կրեմլն առայսօր չի չեղարկել պատժամիջոցները։

Արդյունքում այդ միջադեպից հետո Պուտինին հանգստացնելու համար Էրդողանը հիմա հրաժարվել է իր առաջնահերթ նպատակից ՝ գահընկեց անել Սիրիայի նախագահ Բաշ՛ար Ասադին։ Ի պատասխան՝ թուրքական բանակը Մոսկվայից կանաչ լույս է ստացել՝ Սիրիայի հյուսիսում ԻՊ –ի դեմ հարձակման համար, ինչի շնորհիվ Թուրքիան կարող է սեպ խրել սիրիական քրդերի արեւմտյան ու արեւելյան տարածքների միջեւ։

Հիմա Էրդողանը ուզում է շարունակել իր հարձակումը ու գրոհել «Սիրիայի դեմոկրատական ուժերի» հսկողության տակ գտնվող տարածքների վրա։ Այդտեղ վճռորոշ խոսքի իրավունքը քրդական Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներինն (YPG) է, որոնց ԻՊ-ի դեմ պայքարում աջակցում է ԱՄՆ-ն։ YPG –ի դեմ պայքարի օգնությամբ Էրդողանն ուզում է դեռ սաղմնային վիճակում ոչնչացնել քրդական պետությունը։ «Բայց առայժմ նրան չի հաջողվում այս հարցում շահել Ռուսաստանի աջակցությունը»,- շեշտում է հոդվածագիրը, նշելով, որ սիրիական քրդական PYD կուսակցությունը ներկայացուցիչներ ունի Մոսկվայում ու վերջերս Ռուսաստանը YPG –ի զինյալներին է վարժեցնում Աֆրին քրդական նահանգում։

«Դրա համար էլ Պուտինի ու Էրդողանի միջեւ բազմաթիվ հանդիպումները ու բարեկամական հարաբերությունների մասին հայտարարությունները այդքան էլ լավ չափման միավոր չեն մակերեսային գործընկերության ամրությունը հասկանալու համար»,- ամփոփում է հոդվածագիրը։