Հայաստանը Բաքվում պահվող գերիներին տեսակցելու հարցով դիմել է երրորդ երկրի. ԱԳՆ
Հայաստանը դիմել է երրորդ՝ չեզոք երկրի հյուպատոսական այց կազմակերպելու և Բաքվում գտնվող հայ գերիներին տեսակցելու խնդրանքով, սակայն նման այցի կազմակերպման համար անհրաժեշտ է Բաքվի համաձայնությունը։ Sputnik Արմենիային այս մասին հայտնել են ՀՀ արտգործնախարարությունից` պատասխանելով մեր գրավոր հարցմանը։
ԱԳՆ–ից չեն նշել, թե կոնկրետ որ երկրին են դիմել: Ընդգծել են, որ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչները շարունակում են ակտիվ քննարկումները Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ՝ Բաքվի բանտերում պահվող հայ անձանց տեսակցությունները վերականգնելու հնարավորության շուրջ։
«ՀՀ ԱԳՆ-ն պարբերաբար հանդիպումներ է ունենում ԿԽՄԿ-ի ներկայացուցիչների հետ և քննարկում նրանց տեսակցելու հնարավորության հարցը, սակայն ընթացիկ տարում ԿԽՄԿ-ին համապատասխան թույլտվություն չի տրվել»,- ասված է ԱԳՆ–ի պատասխանում։
Գերատեսչությունից նաև հետաքրքրվել էինք, թե արդյոք գերիների հարազատներից պաշտոնական գրություն ստացել են Բաքու այցի կազմակերպման պետական աջակցության խնդրանքով։ Նախարարությունից նշել են, որ պաշտոնական գրություն չեն ստացել, սակայն հարցի մասին տեղյակ են կառավարությանն ուղղված բաց նամակից։
Գերատեսչությունից վստահեցրել են, որ Ադրբեջանում պահվող հայ անձանց խնդրի հասցեագրումը շարունակում է մնալ ԱԳՆ-ի ուշադրության կենտրոնում՝ նպատակ ունենալով ապահովել նրանց վերադարձը հայրենիքը։
«Խաղաղության հաստատման և դրա ամրապնդման հանձնառության համատեքստում, ինչպես նաև շարունակական երկխոսության և վստահության ամրապնդման միջոցառումների շրջանակում ՀՀ կառավարությունը կարևորություն է տալիս նաև մարդասիրական խնդիրների ամբողջ շրջանակին»,- նշված է ԱԳՆ պատասխանում։
Հիշեցնենք, որ հուլիսի 8-ին Վերոնիկա Զոնաբենդը բաց նամակով դիմել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ տեղեկացնելով կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության կազմում Բաքու մեկնելու իր մտադրության մասին։
Օգոստոսի 8-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե իրենց բոլորին շատ հուզում և անհանգստացնում է Ադրբեջանում հայրենակիցների անազատության մեջ լինելու հանգամանքը։ Օգոստոսի 7-ին ԶԼՄ-ներում նաև տեղեկություն տարածվեց, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է Զոնաբենդի հետ հանդիպում կազմակերպել ՀՀ ԱԳՆ-ի միջոցով։ Նշվել էր նաև, թե Ռուբեն Վարդանյանի կնոջը փոխանցվել են համապատասխան պաշտոնատար անձի կոնտակտային տվյալները՝ իրեն հարմար ժամանակ հանդիպումը կազմակերպելու համար։
Օրեր անց Վերոնիկա Զոնաբենդը հայտարարեց, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունից որևէ մեկն իր հետ մինչ այս պահը կապ չի հաստատել,
Օգոստոսի 20–ին հայտնի դարձավ՝ ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի պաշտպան, «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Սիրանուշ Սահակյանը և Բաքվի բանտում գտնվող բարերար Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը հանդիպել են ՀՀ ԱԳՆ Մարդու իրավունքների և հումանիտար հարցերի վարչության, Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչների հետ: