Փորձագետ. Իրան-Հայաստան գազամուղի Մեղրիի հատվածի վաճառքը "Գազպրոմին" միայն կամրապնդի ռուսական մոնոպոլիան
Իրան-Հայաստան գազամուղի Մեղրիի հատվածի վաճառքը միայն կամրապնդի ռուսական մոնոպոլիան Հայաստանի գազատրանսպորտային շուկայում: Այդ մասին VERELQ-ի հետ զրույցում նշել է "Մաքուր էներգիա" ոչ կառավարական կազմակերպության ղեկավար Վահե Դավթյանը:
Նրա խոսքով, եթե Մեղրի-Քաջարան հատվածի վաճառքը դիտարկվի Հայաստանի էներգետիկ անվտանգությունն ապահովելու տեսանկյունից, ապա այդ որոշումը աննպատակային է: Սակայն հարցը կայանում է նրանում, որ Իրան-Հայաստան գազամուղը արդեն վաղուց հանձնվել է ռուսական ընկերության տնօրինությանը և 40կմ-ոց հատվածի գտնվելը պետության ձեռքում, ըստ էության, չէր փոխում իրավիճակը:
«Ժամանակին գազամուղի շինարարության հարցը հետապնդում էր գազամատակարարման այլընտրանքային համակարգի ստեղծում, քանի որ երկրորդ աղբյուրի առկայությունը՝ երկրի էներգետիկ անվտանգության ապահովման կարևորագույն էլեմենտն է: Երկորդ հարցը կայանում է նրանում, որ Իրան-Հայաստան գազամուղը ռուսական կողմից դիտարկվում էր որպես "Կապույտ հոսքի" մրցակից: Այդ պատճառով, 2005թ.-ին Գազպրոմի ղեկավարությունը հետևողականորեն ցանկանում էր հասնել խողովակի նկատմամբ վերահսկողության», - նշել է փորձագետը:
Այսօրվա պայմաններում, երբ գազամուղը շահագործման պահից վերահսկվում է Գազպրոմի կողմից վերոնշյալ հատվածի վաճառքը միայն հստակություն է մտցնում և չարժի դրան որևէ քաղաքական երանգներ հաղորդել:
Դավթյանը նաև սխալ է համարում ընդդիմադիր որոշ ուժերի հայտարարությունները, թե Իրան-Հայաստան գազամուղը ապագայում կարող է իրանական գազը արտահանել Եվրոպա: «Առաջին, այդ խողովակը ունի շատ ցածր տարանցիկ հնարավորություն: Երկրորդ, իրանական գազի Հայաստանի տարածքով տարանցման համար, Երևանը պետք է համապատասխան տնտեսական հարաբերություններ հաստատնի եվրոպական երկրների հետ, ինչը ԵԱՏՄ-ի օգտին ընտրություն կատարելու պարագայում հնարավոր չէ», - նշել է նա:
Գազամուղի վաճառքի մասին հայտարարել է էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արա Սիմոնյանը: «Մենք գտնում ենք, որ շատ ավելի արդյունավետ է, երբ նմանատիպ ծախսերը իր վրա է վերցնում ոչ թե պետությունը, այլ մասնավոր ընկերությունը: Հայաստանի ողջ գազամատակարարման համակարգը գտնվում է Գազպրոմի լիազորությունների ներքո և իմաստ չունի, որ այդ 40կմ-ոց փոքր հատվածը գտնվի ոչ մասնագիտացված պետական ընկերության պատասխանատվության ներքո», - նշել է նա:
Տնտեսագետ Վահագն Խաչատրյանի կարծիքով, Հայաստանը դեռևս խորհրդային շրջանում ունեցել է գազի տեղափոխման համակարգ, նա սկսնակ չէ այդ ոլորտում և կարող էր նման ծառայություններ մատուցող ընկերություն ստեղծել, այլ ոչ թե վաճառել գազամուղի այդ հատվածը: «Կարելի էր այդ հատվածը գրանցել ինչ-որ հայկական ընկերության վրա», - նշել է տնտեսագետը: