Էրդողանը քննադատել է հայերին, ԶԼՄ-ներին և սեռական փոքրամասնություններին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թշնամի է անվանել հայերին, ԶԼՄ-ների և սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչներին: Բինգյոլում իր նախընտրական ցույցերից մեկի ընթացքում Էրդողանը հայտարարել է, որ նրանք աջակցում են քրդամետ Դեմոկրատական ժողովրդական կուսակցությանը, փոխանցում է Hürriyet-ը:
«Նրանց ամենամեծ դաշնակիցը Դողան Մեդիան է, ինչպես նաև հայկական լոբբին, միասեռականները և նրանք, ովքեր հավատում են «ալևիականության առանց Ալիի»: Նրանք բոլորը խառնակչության մասնակից են, ովքեր աջակցում են Դեմոկրատական ժողովրդական կուսակցությանը», - հայտարարել է Էրդողանը: Ինչպես նշում է թուրքական պարբերականը, Դեմոկրատական ժողովրդական կուսակցության շուրջ առկա սպեկուլյացիաները կապված այն բանի հետ, որ այդ կուսակցությունը կարող է հավաքել անհրաժեշտ 10%-ը, որպեսզի մտնի խորհրդարան, իսկ դրանից կախված է իշխող "Արդարություն և զարգացում" կուսակցության մանդատների թիվը:
Էրդողանը նախանշած թշնամիները, ինչպես նա է կարծում, իբր աջակցություն են ստանում արտասահմանից, որի նպատակն է երկրի կազմաքանդումը և գաղութացումը: Էրդողանի Արդարություն և զարգացում կուսակցության նախընտրական քարոզարշավը ուղեկցվում է տեղական ԶԼՄ-ների (Doğan Media Group-ի մեջ մտնող Hürriyet-ի, Cumhuriye) և արտասահմանյան New York Times, CNN International և BBC-ի խիստ քննադատությամբ:
Էրդողանի հայտարարություններից ֆաշիզմի հոտ է գալիս: Թուրքիայի նախագահը հավասարվում է "փոքր եղբոր"` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանի կարծիքով, տասնամյակներ շարունակվող հակահայկական քարոզչությունը, որն առաջ են մղվում թուրքական իշխանությունները, հանգեցրել է նրան, որ հայերին այսօրվա թուրքական հասարակության 20% ընկալում է որպես Թուրքիայի անմիջական սպառնալիք:
«Դա բավականին զգալի էլեկտորալ ռեսուրս է և օգտագործելով այդ տրամադրությունները` Էրդողանը փորձում է ընտրությունների մի քանի օր առաջ ավելացնել իր կողմնակիցների թիվը: Բանն այն է, որ "Արդարություն և զարգացում" կուսակցության վարկանիշը վերջին շրջանում անկում է ապրել և սոցհարցումները ցույց են տալիս, որ Էրդողանի կուսակցությունը չի կարող հավակնել 50%+1%-ին ինչպես նախկին խորհրդարանական ընտրությունների ընթացքում էր», - նշել է Սաֆրաստյանը: Փորձագետը նշել է, որ պատմության մեջ առաջին անգամ Դեմոկրատական ժողովրդական կուսակցությունը կարող է հաղթահարել 10%-ոց շեմը և որպես կուսակցություն անցնել խորհրդարան:
Նմանատիպ կարծիք է հայտնել նաև Թուրքիայի վարչապետի նախկին օգնական Էթյեն Մահչուպյանը: «"Արդարություն և զարգացում" կուսակցությունը հավաքում է 22 միլիոն ձայն, որից 10 միլիոնը՝ ազգայնականներ են: Եթե "Արդարություն և զարգացում" կուսակցությունը ստանար 20% ձայն, ապա շատ հարցերի վերաբերյալ այն ավելի հստակ կարտահայտվեր: Սակայն 50% ձայն հավաքող կուսակցությունը պետք է հաշվի առնի իր օգտին բոլոր քվեարկողների շահերը», - նշել է նա:
Ընտրությունները Թուրքիայում կկայանան հունիսի 7-ին: Ինչպես սպասվում է հիմնական պայքարը կծավալվի "Արդարություն և զարգացում" կուսակցության և քեմալական "Ժողովրդա-հանրապետական կուսակցության" միջև, որը դեմ է Թուրքիայի տարածաշրջանային հակամարտություններին մասնակցությանը: