25.11.2024
Ադրբեջանցի փորձագետ. Հանրությանն է ներկայացվել ՌԴ–ից գնված զինտեխնիկայի միայն մի փոքր մասը
prev Նախորդ նորություն

Բլոգեր Լապշինը ծանոթացել է քննության ընթացքին

Բլոգեր Ալեքսանդր Լապշինը Բաքվի մեկուսարանի բուժկետում հանդիպել է փաստաբանին: Trend-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել է նրա փաստաբան Էդուարդ Չերնինը:


Նրա խոսքով, բուժումը շարունակվում է, Լապշինը իրեն նորմալ է զգում, առողջության վատթարացում չկա:


«Լապշինը նաև հանդիպել է քննիչի հետ և ծանոթացել քննչական նյութերին: Քննիչը նրան անհրաժեշտ հարցեր է տվել: Քննությունը դեռևս շարունակվում է, առաջիկա օրերին սպասվում է դրանց ավարտը»,-­ ասել է փաստաբանը:


Չերնինը նաև տեղեկացրել է, որ բլոգերը մտադրություն չունի տեղափոխվել Արդարադատության նախարարության հիվանդանոց:


Նշենք, որ ապրիլի 13-ին Լապշինը տեղափոխվել էր մեկուսարանի բուժկետ սրտի խնդիրներով: Նրա կինը` Եկատերինան, հայտարարեց, որ նախկինում բլոգերը սրտի հետ խնդիրներ չի ունեցել:


Հիշեցնենք, ապրիլի սկզբին Լապշինի կալանքը Բաքվի դատարանի որոշմամբ երկարաձգվեց ևս երեք ամսով:


Ռուսաստանի և Իսրայելի, Ուկրաինայի քաղաքացի Ալեքսանդր Լապշինը ձերբակալվել է 2016-ի դեկտեմբերին Մինսկում Ադրբեջանի պահանջով, քանզի նա ներառված է այդ երկրի «սեւ ցուցակում»՝ Լեռնային Ղարաբաղ այցելության համար։ 2015-ին նա Վրաստանի տարածքով եւ Ուկրաինայի քաղաքացու անձնագրով այցելել է Ադրբեջան այն բանի շնորհիվ, որ նրա անվան գրության մեջ տառի տարբերություն կա՝ ուկրաինական անձնագրում նա գրված է «Օլեկսանդր»։ Դրանից հետո Ադրբեջանը բլոգերի նկատմամբ հետախուզում էր հայտարարել՝ «Պետական սահմանի մասին» օրենքը խախտելու համար:


Հունվարի 17–ին Բելառուսի դատախազությունը որոշել էր բավարարել Ադրբեջանի պահանջը եւ արտահանձնել Լապշինին Ադրբեջանին։ Իսկ հունվարի 26–ին Մինսկի դատարանը մերժել էր Լապշինի փաստաբանների բողոքը:
Ռուսաստանը եւ Իսրայելը փորձել են հասնել արտահանձնման որոշման չեղարկմանը: Սակայն Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի վերջերս կայացած մամուլի ասուլիսից հետո ակնհայտ էր, որ Լապշինին կարտահանձնեն:
Փետրվարի 7-ի երեկոյան Ալեքսանդր Լապշինին Բաքու են տեղափոխել: