Բլոգեր Լապշինը սրտի խնդիրներով տեղափոխվել է մեկուսարանի հիվանդասենյակ
Բլոգեր Ալեքսանդր Լապշինը սրտի խնդիրներով՝ տախիկարդիայով, տեղափոխվել է քննչական մեկուսարանի հիվանդասենյակ: Այս մասին Facebook-յան իր էջում գրառել է Լապշինի կինը՝ Եկատերինան:
Նա նշել է, որ նախկինում Ալեքսանդրը սրտի հետ կապված խնդիրներ երբեք չի ունեցել: Իր գրառման մեջ նա հեգնել է Ադրբեջանի արդարադատության նախարարության ներկայացուցիչներին, որոնք օրերս հայտարարել էին, թե Լապշինը առողջական որևէ խնդիր չունի.
«Այսքանի հետո է՞լ կասեք, որ Ալեքսանդր Լապշինի հետ ամեն բան կարգին է և նա առողջական խնդիրներ չունի»,- գրառել է նա:
Ավելի վաղ VERELQ-ը հայտնել էր, որ բլոգերի կալանքը դատարանի որոշմամբ երկարաձգվեց ևս երեք ամսով:
Ռուսաստանի և Իսրայելի, Ուկրաինայի քաղաքացի Ալեքսանդր Լապշինը ձերբակալվել է 2016-ի դեկտեմբերին Մինսկում Ադրբեջանի պահանջով, քանզի նա ներառված է այդ երկրի «սեւ ցուցակում»՝ Լեռնային Ղարաբաղ այցելության համար։ 2015-ին նա Վրաստանի տարածքով եւ Ուկրաինայի քաղաքացու անձնագրով այցելել է Ադրբեջան այն բանի շնորհիվ, որ նրա անվան գրության մեջ տառի տարբերություն կա՝ ուկրաինական անձնագրում նա գրված է «Օլեկսանդր»։ Դրանից հետո Ադրբեջանը բլոգերի նկատմամբ հետախուզում էր հայտարարել՝ «Պետական սահմանի մասին» օրենքը խախտելու համար:
Հունվարի 17–ին Բելառուսի դատախազությունը որոշել էր բավարարել Ադրբեջանի պահանջը եւ արտահանձնել Լապշինին Ադրբեջանին։ Իսկ հունվարի 26–ին Մինսկի դատարանը մերժել էր Լապշինի փաստաբանների բողոքը:
Ռուսաստանը եւ Իսրայելը փորձել են հասնել արտահանձնման որոշման չեղարկմանը: Սակայն Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի վերջերս կայացած մամուլի ասուլիսից հետո ակնհայտ էր, որ Լապշինին կարտահանձնեն:
Փետրվարի 7-ի երեկոյան Ալեքսանդր Լապշինին Բաքու են տեղափոխել: