Կաթողիկոսը հաստատել է. ՀՀ, ՌԴ և Կովկասի մահմեդականների հոգևոր առաջնորդները կհանդիպեն
Կովկասի մահմեդականների վարչության նախագահ, Շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն նախօրեին հանդես է եկել հայտարարությամբ, որում տեղեկացրել է, թե ծրագրվում է հերթական եռակողմ հանդիպումը:
Այս առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է, որ ղարաբաղյան հակամարտության սկզբնավորման առաջին օրվանից, միջնորդությամբ Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարքների, պարբերաբար հանդիպումներ են ունեցել Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեի հետ` համատեղ ջանքերով նպաստելու հակամարտության խաղաղ կարգավորմանը: Իր գահակալության շրջանում ևս տեղի են ունեցել այդպիսի հինգ հանդիպումներ.
«Ներկայիս, միջնորդությամբ Կիրիլ Պատրիարքի, այո՛, ծրագրվում է նման եռակողմ հանդիպում: Հանդիպման ժամկետները դեռ հստակ չեն. հանդիպման թվականի և օրակարգի ձևավորման ուղղությամբ կողմերի միջև աշխատանքներ են տարվում»,- նշել է նա:
Ինչ վերաբերում է Ալլահշուքյուր Փաշազադեի՝ հայկական կողմի ջանքերով Շուշիի մզկիթի վերականգնման անդրադարձին և հայտարարությանը, թե հայերը դա անում են սադրիչ նպատակներով, ուստի ինքը այդ հարցը բարձրացնելու է Մոսկվայում կայանալիք ԱՊՀ երկրների Միջկրոնական խորհրդի նիստին, Գարեգին Բ-ն նշել է.
«Անշուշտ, Ալլահշուքյուր Փաշազադեն ազատ է բարձրացնել ցանկացած խնդիր, ինչը և հաճախ անում է` տուրք տալով նաև ադրբեջանական քարոզչամեքենայի պահանջներին: Պատմական փաստ է, որ, ի տարբերություն ադրբեջանական կողմի, որ ոչնչացնում է հայկական հետք պարունակող ցանկացած հուշարձան և սրբավայր, ինչպիսին էր պարագան օրինակ` հայոց հավատքի վկա Ջուղայի հազարավոր խաչքարերի կործանման, Բաքվի հայկական եկեղեցու` գրապահոցի վերածման, Նախիջևանի մեր վանքերի և եկեղեցիների ավերման, Արցախի իշխանությունները պահպանում ու վերականգնում են Արցախի հողում գտնվող իրենց պատմական ժառանգությունը, նաև այլ կրոնների պատկանող սրբավայրեր և հուշարձաններ: Շուշիի մզկիթի վերականգնման վերաբերյալ գոհունակություն արտահայտելու փոխարեն Ադրբեջանի հոգևոր առաջնորդի կողմից դրսևորված ընդվզումը և դրա հիմնավորումը մեզ համար անընկալելի է: Արդար և ազնիվ կլիներ այն արտահայտել սեփական երկրի տարածքում գտնվող հայկական սրբավայրերի և հուշարձանների նկատմամբ գործվող բարբարոսությունների առնչությամբ»,- ընդգծել է Կաթողիկոսը: