Հունաստանի ԱԳՆ-ն դատապարտել է սահմանների վերանայման Թուրքիայի քաղաքականությունը
Հունաստանի ԱԳՆ-ն դատապարտել է Թուրքիայի եվրոպական գործերի գծով նախարար Օմեր Չելիքի հայտարարությունը, որը կասկածի տակ է դրել Ագատոնիսի կղզու պատկանելությունը Հունաստանին:
«Մենք միանշանակ դատապարտում ենք սահմանների վերանայման Թուրքիայի շարունակական սադրիչ քաղաքականությունը, որը կասկածի տակ է դնում միջազգայնորեն ճանաչված սահմանները, որոնք ձևավորվել են պատմականորեն և երաշխավորվել են 20-րդ դարում միջազգային իրավունքով»,- ասվում է հայտարարության մեջ:
«Մենք դիմում ենք միջազգային հանրությանն ու ՄԱԿ անդամ պետություններին՝ Թուրքիայի վտանգավոր վարքի ու սահմանների վերանայման փորձերի կապակցությամբ»,- հայտարարել է Հունաստանի ԱԳՆ-ն, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Ագատոնիսին գտնվում է Էգեյան ծովում, Պատմոսից 30 կմ հեռավորության վրա՝ Թուրքիայի ափից ոչ հեռու: Ըստ հունական ԶԼՄ-ների, Չելիքը, մեկնաբանելով Հունաստանի պաշտպանության նախարար Պանոս Կամենոսի այցը կղզի, հայտարարել էր թե «Ագատոնիսին պատկանում է Թուրքիային»: «Դա թուրքական հող է: Այն, ինչ արեց Կամենոսն, անլուրջ է»,-ասել է նա: