«Էրդոգազ» օպերացիան. Անդրադրիատիկ գազատարի գաղտնիքները
Այս միջազգային լրագրողական հետաքննությունը հնարավոր է դարձել՝ շնորհիվ օտարերկրացի գործընկերների հետ համագործակցության, ովքեր Թուրքիայում ստեղծված քաղաքական իրավիճակի պատճառով ստիպված են գաղտնի պահել իրենց անունները՝ անձնական անվտանգության և անձեռնմխելիության նպատակով։ Ավելի քան կես տարի շարունակված՝ հազարավոր ակտերի ու ընկերությունների փաստաթղթերի ուսումնասիրմանը մասնակցել է կոռուպցիայի դեմ պայքարի Re:Common կազմակերպության հետազոտողների խումբը։
Էրդողանի ընտանիքի անդամներ և ձեռնարկատերեր, որոնք մտերիմ են Թուրքիայի նախագահին, ոսկե երիտասարդություն՝ կապված ադրբեջանցի բռնապետի հետ, էներգետիկայի թոփ մենեջերներ Պուտինի շրջապատից. Անդրադրիատիկ գազատարը, որը իտալացիներին ներկայացվում է որպես ռազմավարական ենթակառուցվածք ռուսական գազի կախվածությունից Եվրոպան ազատելու համար, կարող է մտնել պատմության մեջ որպես երեք ռեժիմների գազատար: Այս մասին գրում է L’Espresso-ն։
Պարբերականն ի հայտ է բերել մի քանի տասյակ ներքին կապեր (ընկերություններ՝ նույն կառավարիչներով կամ բաժնետերերով) ձեռնարկությունների շարքում, որոնք զբաղվում են վիթխարի խողովակաշարով, որը պետք է անցկացվի իտալական Ապուլիա տարածաշրջանով։
Անդրադրիատիկ գազատարն ադրբեջանական Շահ-Դենիզ 2 հանքից սկիզբ առնող և ողջ Թուրքիայով անցնող 4000 կմ երկարությամբ գազատարի վերջին մասն է՝ Հունաստանից Իտալիա։ Եվրահանձնաժողովը հավանություն էր տվել դրան 2013 թվականի հունիսին՝ որպես ԵՄ նախագիծ։
Գործող նավթատար Բաքու-Թբիլիսի-Ջեյհանը, որը հանդիսավոր կերպով բացվել է 2006 թվականին, դարձել է հաշվարկի կետ, որի շուրջ Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (Socar) սկսել է իր շահերի ցանցը կառուցել Թուրքիայում։ Այսօր Ստամբուլում գրանցված են Ադրբեջանի պետական նավթային ընկերության խմբի առնվազն 25 ընկերություններ, որոնք գործում են էներգետիկ ոլորտում։ Դրանցից մի քանիսն անմիջականորեն հետաքրքրված են Անդրանատոլիական գազատարի (TANAP) կյանքի կոչմամբ։
Socar-ի խմբի հետ կապված թուրքական ընկերությունների բլոկում կան բազմաթիվ ընկերություններ, որոնք կապված են Էրդողանի շրջապատի՝ մասնավորապես փեսաների հետ, որոնցից մեկը էներգետիկայի նախարար Բերաթ Ալբայրաքն է։
Ամենաակնհայտ փաստը. ադրբեջանական և թուրքական բլոկը ձևավորել է ընկերություն, որը գործում է որպես կամուրջ նրանց միջև։ Այն կոչվում է Socar Gaz Ticareti և զբաղվում գազի բաշխմամբ։ Այն հայտնվել է 2012 թվականին՝ Ադրբեջանից Թուրքիա մեթան վաճառելու համար։ Այդ ընկերությունը, որպես Արիադնայի թել, տալիս է հնարավորություն հետազոտելու ադրբեջանական ռեժիմի և թուրքական իշխանության միջև անձնական կապերի և գործարար հարաբերությունների լաբիրինթոսը։ Պարբերականը ներկայացնում է այդ կապերի փաստաթղթային ապացույցներ։
Ադրբեջանում գազային բլոկը սերտորեն կապված է իշխող ռեժիմի հետ։ Նախագահ Իլհամ Ալիևը, որը իշխանության ղեկին է 2003 թվականից, զբաղեցրել է այդ պաշտոնը հորից՝ Հեյդար Ալիևից հետո, ով նախկին խորհրդային հանրապետությունը ղեկավարել է 1969 թվականից։ Այդպիսով՝ գազով ու նավթով հարուստ ոչ մեծ պետությունն արդեն կես դար գտնվում է մեկ ընտանիքի ձեռքում։ Ադրբեջանական ռեժիմը միջազգային կազմակերպությունների կողմից համարվում է աշխարհում առավել կոռումպացվածներից մեկը։ Պանամական փաստաթղթերից պարզ է դառնում, որ ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմայիլովան իրավացի էր՝ անվանելով բռնապետ նախագահի ընտանիքի անդամներին օֆշորային հոլդինգների իրական սեփականատերեր։ Նա իր հոդվածներում պատմում էր, որ երեք ընտանիքներ՝ Ալիևները, Մամեդովներն ու Հեյդարովները, վերահսկում են երկրի ողջ ռեսուրսները։