Վրաստանում հայ համայնքը Թբիլիսիի քաղաքապետարանից խորհուրդ է ստացել ապրիլի 24-ին ավանդական դարձած միջոցառումներ չանցկացնել Թուրքիայի դեսպանատան դիմաց: Պաշտոնական պատճառաբանությունը, թե ինչու վիրահայերը պետք է հրաժարվել Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին անցկացվող միջոցառումներից այն է, թե դա կնպաստի երթևեկության խաթարմանը: Սակայն համայնքը իր ծրագրերը փոխել չի պատրաստվում:
Ռուսական «Независимая газета»-ի հաղորդմամբ, ամեն տարի ապրիլի 24-ին Հայոց Ցեղասպանության զոհերի ոգեկոչման միջոցառումներ անցկացվում են աշխարհի տարբեր քաղաքաներում, որտեղ գոյություն ունի հայ համայնք: 2002 թվականի մարդահամարի տվյալներով` Վրաստանում ապրում է շուրջ 250 հազար հայ, որոնց գրեթե կեսը` Թբիլիսիում: Վերջին տարիներին թբիլիսահայությունը միացել է «հայկական աշխարհին», ապրիլի 24-ի գիշերը կազմակերպելով ավանդական ջահերով երթը, իսկ ցերեկը Թուրքիայի դեսպանատան դիմաց բողոքի ակցիա` պահանջելով Անկարայից վերջապես ճանաչել ցեղասպանության փաստը: Եվ այս անգամ ևս հիշատակման միջոցառումները կանցկացվեն նույն սցենարով:
Վրաստանի Սահմանադրության համաձայն, խաղաղ ակցիաներ անցկացնելու համար, որոնք չեն սպառնում ազգային շահերին, իշխանությունների թույլտվություն պետք չէ: Բավարար է միայն տեղական ինքնակառավարման մարմիններին տեղեկացնել անցկացվելիք ակցիայի մասին` կարճե ներկայացնելով դրա բովանդակությունը: ՏԻՄ-երը, ստանալով այդ տեղեկանքը, ընդունում են այն ի գիտություն և իրավունք ունեն պատասխանելու, եթե այդ վայրում մեկ այլ միջոցառում է նախատեսված: Այդ դեպքում պետք է այլընտրանքային տարբերակ առաջարկվի, բայց այս անգամ Թբիլիսիի քաղաքապետարանը գնաց ավելի հեռուն` հորդորելով վիրահայությանը չանցկացնել բողոքի ակցիա Թուրքիայի դեսպանատան դիմաց, քանզի դա կարող է տրանսպորտի երթևեկությունը խաթարել: Այսինքն, գրում է ռուսական պարբերականը, քաղաքապետարանը չարաշահել է իր լիազորությունը, քանի որ այսօր այդ վայրում այլ միջոցառման անցկացում նախատեսված չէ:
Կովկասյան JAM-news-ի հետ զրույցում Վրաստանում հայ համայնքի տեղեկատվական կենտրոնի ղեկավար Սանդրո Օհոնովը հայտարարել է, որ քաղաքապետարանի այդ ուղերձը իրենց համար «տհաճ անակնկալ է» հանդիսացել, բայց համայնքը այն որպես արգելք չի դիտարկում և չի պատրաստվում փոխել իր ծրագրերը.
«Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման ակցիան անցկացվում է 2005 թվականից և մենք մինչ այս երբեք չենք հանդիպել մայրաքաղաքի իշխանությունների նման արձագանքի: Մենք որոշ ենթադրություններ ունենք այս ամենի քաղաքական ենթատեքստի մասով և շատ լավ պատկերացնում ենք, թե որտեղից է քամին փչում»,- ասել է նա` ավելին չբացելով փակագծերը, քանզի չի ցանկանում լարվածություն մտցնել պետությունների հարաբերություններում:
Այսպիսով, ծրագրված միջոցատումները, այդ թվում և Թուրքիայի դեսպանատան դիմաց բողոքի ակցիան` Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու պահանջով, կկայանան:
Ավելի վաղ VERELQ-ը տեղեկացրել էր, որ Վրաստանում գործող հայկական պետական և հասարակական մի շարք կազմակերպություններ դիմել են երկրի բարձրագույն իշխանությանը պահանջով, որպեսզի Վրաստանում սկսվի 1915-1923թ. հայ ժողովրդի Ցեղասպանության փաստի ճանաչման պաշտոնական քննարկումը: Եվ ներկայացրել քաղաքական այն դրդապատճառները, որոնք այս անգամ ևս կխոչընդոտեն այդ նախաձեռնությունը: