Դեռ մի քանի շաբաթ առաջ նախագահ Թրամփին մեղադրում էին ռուսների գործիք լինելու մեջ, որն ակամա ռուսական ազդեցության տակ է գտնվում։ Նա այնաստիճան հիացած էր, որ պաշտպանում էր Վլադիմիր Պուտինին քննադատներից, նրանց անվանելով մարդասպաններ, գրում է The New York Times–ը:
Իսկ հիմա Թրամփը Պուտինյան Ռուսաստանի հետ դիվանագիտական դիմակայության մեջ է, նրա աշխատակազմը Մոսկվային մեղադրում է Սիրիայում խաղաղ բնակիչների դեմ քիմիական հարձակումը քողարկելու փորձերի մեջ ու նրա պետքարտուղարը վերջնագրեր է դնում՝ «մենք կամ նրանք» ոճով։
«Նույնիսկ անկանխատեսելիությամբ աչքի ընկնող նախագահության համար դա ցնցող անցում էր հովանավորությունից դեպի առճակատում։ Դրա պատճառով Վաշինգտոնում ու մյուս մայրաքաղաքներում տեղի է ունեցել աշխարհքաղաքական ցնցում։ Ռուս- ամերիկյան հարաբերությունների լավացման հեռանկարները մինչ այդ էլ համեստ էին ՝ հաշվի առնելով ընտրություններին Կրեմլի միջամտության կապակցությամբ կասկածների մթնոլորտը։ Սակայն լիցքաթափման փոխարեն, որի մասին ժամանակին խոսում էր Թրամփը, տեղի է ունեցել հարաբերությունների վատացում՝ ընդհուպ մինչեւ նոր սառը պատերազմի մակարդակ»,- ասվում է հոդվածում։
Թրամփի ճամբարի համար այդ կտրուկ շրջադարձը դարձել է ապացույց, թե ի սկզբանե որքանով կեղծ էր ռուսների հետ Թրամփի դավադրության տեսությունը։ «Եթե անգամ Սիրիան ինչ-որ բան արել է, ապա հաստատել է այն փաստը, որ Ռուսաստանի հետ որեւէ կապ գոյություն չունի»,- ասել է նախագահի որդին` Էրիկ Թրամփը։
«Որոշ քննադատների դա թվացել է Թրամփի ու Ռուսաստանի հնարավոր շփումների մասին բազմաթիվ հետաքննություններից ուշադրություն շեղելու ցինիկ միջոց,- ասվում է հոդվածում,- Ինչեւէ, ամեն ինչ հուշում է այն միտքը, որ երկու տերությունների հարաբերությունները կարող են անկայուն լինել առաջիկա ամիսներին, հաշվի առնելով արտաքին քաղաքականության փորձ չունեցող նախագահի իմպուլսիվ արձագանքները ու Ռուսաստանի նախագահի կտրուկ պատասխանները»։
«Ես սկզբից եւեթ թերահավատորեն էի վերաբերում ԱՄՆ-ի ու Ռուսաստանի հարաբերությունների վերբեռնմանը այն ամենից հետո, ինչ տեղի է ունեցել վերջին մի քանի տարիներին,- ասել է ԱՆջելա Սթենթը, ազգային հետախուզության նախկին սպան, որը մասնագիտացած էր Ռուսաստանի հարցերով, իսկ հիմա աշխատում է Ջորջթաունյան համալսարանում,- Զարմանալի է , թե որքան արագ մենք վերադարձանք status quo ante–ին, որը կար Օբամայի վարչակազմի օրոք»։ Ջոն Ռ․ Բեյրլը, Մոսկվայում ԱՄՆ-ի նախկին դեսպանն ասել է, որ հարաբերությունների բարդությունը չափազանցվում է ու դրանք ամենայն հավանականությամբ այդ երկու ծայրահեղ պատկերացումների մեջտեղում են գտնվում։ «Վստահության մակարդակը այնքանով է վատացել, որ առաջին հանդիպումները քիչ արդյունք կտան համաձայնությունների իմաստով, ու ընտրություններին ռուսական հավանական միջամտության հետաքննությունը հսկայական ստվեր կնետի դրանց վրա, որը երկու կողմերն էլ պետք է գիտակցեն»,- նշել է Բեյրլը։