Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն խաղաղ ճանապարհով և քաղաքական կամքի առկայության դեպքում: Այդ մասին Բաքվում հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի արտգործնախարար Իվիցա Դաչիչը:
Տարածաշրջանային այցի շրջանակում Իվիցա Դաչիչը այցելել է Բաքու, որտեղից կմեկնի Թբիլիսի, այնուհետև՝ հունիսի 3-ին կժամանի Երևան, հայտնում է Ազատություն ռադիոկայանը:
«Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն խաղաղ ճանապարհով: Քաղաքական կամք պետք է դրսևորեն բոլոր կողմերը: Ես արտահայտեցի իմ վերաբերմունքն այդ հարցի վերաբերյալ: Հավատում եմ՝ Մինսկի խմբի ջանքերով մենք կկարողանանք հասնել երկարատև կարգավորման», - Ադրբեջանի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարել է Իվիցա Դաչիչը:
Իր խոսքում ԵԱՀԿ-ում նախագահող պաշտոնյան նաև ընդգծել է Մինսկի խմբի համանախագահող երկրների հատուկ պարտավորությունները և դրանց հավատարիմ մնալու անհրաժեշտությունը: «Նրանք պետք է հասնեն հրադադարի պահպանման մասին համաձայնագրից բխող բոլոր պահանջների կատարմանը», - նշել է Դաչիչը:
Սերբ պաշտոնյան հայտնել է, որ Երևանում հայաստանցի պաշտոնակցի հետ հանդիպմանը առաջ է քաշելու մի քանի նախաձեռնություն: «Կարծում եմ՝ մենք պետք է կատարենք Հելսինկյան եզրափակիչ ակտի դրույթներն ու խուսափենք երկակի չափանիշներից», - ասել է ԵԱՀԿ-ի գործող նախագահը:
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, Դաչիչը ադրբեջանական կողմին խոստացել է նաև մեկ այլ հարց բարձրացնել Երևանում՝ Լեռնային Ղարաբաղում մի շարք
հանցագործություններում մեղավոր ճանաչված և ազատազրկված ադրբեջանցիներ Շահբազ Գուլիևի և Դիլհամ Ասկերովի հարցը: «Ես հայկական կողմի ուշադրությանը կներկայացնեմ նախարար Մամեդյարովի առաջարկությունը այդ մարդկանց ազատ արձակելու վերաբերյալ: Բանակցությունների արդյունքների մասին կհաղորդեմ ադրբեջանցի գործընկերոջս», - ասել է Դաչիչը:
«Պարոն Դաչիչի այցից հետո ես ակնկալում եմ ինչ-որ տեղաշարժ ղարաբաղյան հակամարտության հարցում», - իր հերթին, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար
Էլմար Մամեդյարովը՝ ընդգծելով, որ «եկել է հարցը մեռյալ կետից շարժելու ժամանակը»:
«Բոլոր կողմերը շահագրգիռ են հակամարտության կարգավորմամբ: Համանախագահող երկրները նույնպես ձգտում են հասնել առաջընթացի: Հնարավոր է, որ առաջիկայում հաջողվի կազմակերպել հանդիպում՝ եթե ոչ հակամարտության վերջնական կարգավորման, ապա դրան տանող ինչ-որ ուղի ընտրելու: Բնականաբար, դա կլինի Մինսկի խմբի ձևաչափի շրջանակում», - ասել է Մամեդյարովը:
Ադրբեջանական աղբյուրների փոխանցմամբ՝ երկուշաբթի օրը ԵԱՀԿ-ի գործող նախագահին ընդունել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Ըստ APA գործակալության՝ կողմերն անդրադարձել են Ադրբեջանի և ԵԱՀԿ-ի միջև համագործակցության հեռանկարներին, Բաքվի և Բելգրադի երկկողմ հարաբերությունների զարգացմանը՝ քաղաքական, տնտեսական, էներգետիկ, հումանիտար և այլ ոլորտներում:
«Հատուկ անդրադարձ է արվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեմային, մասնավորապես՝ շփման գծի միջադեպերին, խնդրի լուծման ձգձգմանը և այդ հակամարտության նկատմամբ երկակի ստանդարտների մոտեցմանը», - փոխանցում է աղբյուրը: