24.11.2024
Պետրեուս. Իսլամական պետության դեմ պետք է պայքարել քաղաքական մեթոդներով
prev Նախորդ նորություն

«Ռոսատոմ». Թուրքիայի մտահոգությունները Հայկական ատոմակայանի անվտանգության վերաբերյալ անհիմն են

Թուրքիայի մտահոգությունները Հայկական ատոմակայանի անվտանգության վերաբերյալ անհիմն են: Այդ մասին հայտարարել է «Ռոսատոմի» կապիտալ ներդրումների գծով տնօրենի տեղակալ Պյոտր Ստեպաևը:

«Ռոսատոմի» ներկայացուցիչը նշել է, որ Մեծամորում գտնվող ատոմակայանն այս պահին շահագործվում է նույն այն տեխնիկական չափանիշներով, ինչ Վորոնեժի ատոմակայանը: «Այն բավականին անվտանգ ատոմակայան է: Իսկ Անկարայից հնչող հայտարարություններն անտեղի են»,- նշել է Ստեպաևը:

Հայկական ատոմակայանը միակն է տարածաշրջանում և այն գտնվում է Մեծամոր քաղաքի մոտակայքում՝ Երևանից մոտ 30 կմ դեպի հարավ: Այն շահագործման է հանձնվել 1980թ.-ին և դադարցվել է 1989թ.-ին՝ Սպիտակի 1988թ.-ի երկրաշարժի պատճառով: Այնուհետև վերագործարկվել է 1995թ.-ի նոյեմբերին՝ հանրապետությունում առկա էներգետիկ ճգնաժամի պատճառով:

Ատոմակայանի երկու կայանները զինված են ռուսական ВВЭР-440 ռեակտորներով: Մեծամորի ատոմակայանը ապահովում է երկրի էներգետիկ կարիքների 30%-ը:

Այս տարվա ապրիլին ՀՀ խորհրդարանը հավանություն է տվել Երևանի և Մոսկվայի միջև կնքված համաձայնագրին, որի շնորհիվ ՌԴ-ը 270 միլիոն դոլարի վարկ և 30 միլիոնի դրամաշնորհ կտրամադրի, որը թույլ կտա 10 տարով երկարաձգել Հայկական ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործումը:

Հայկական ատոմակայանի կյանքը երկարաձգող վարկի կարևորությունը դժվար է թերագնահատել, քանի որ ՀՀ-ի էներգետիկ համակարգը այս պահին պատրաստ չէ ատոմակայանի կոնսերվացիային, ինչի անհրաժեշտության մասին պնդում է ԵՄ-ը: ԵՄ-ի հետ միասին, ատոմակայանի փակման ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են տանում տարբեր միջազգային հարթակներում նաև Թուրքիան և Ադրբեջանը: