ԱՄՆ-ում ավարտվել է ռեկորդային երկար շաթդաունը
ԱՄՆ-ում ավարտվել է ռեկորդային երկար շաթդաունը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է դաշնային կառավարության աշխատանքի ֆինանսավորումը մինչև հունվարի 30-ը ներառյալ երկարաձգելու մասին օրենքը:
Նոյեմբերի 11-ին և 12-ին փաստաթղթին աջակցել են Կոնգրեսի երկու պալատները։ ԱՄՆ - ում այս անգամ շաթդաունը շարունակվել է 43 օր՝ երկրի պատմության մեջ ամենաերկար նման դադարը:
Հանրապետականների և դեմոկրատների միջև դաշնային բյուջեի հարցով տարաձայնությունների պատճառով մոտ 750 հազար դաշնային ծառայող ուղարկվել է հարկադիր պարապուրդի և աշխատավարձ չի ստացել:
Բացառություն են արել միայն կենսապահովման կառույցների՝ ավիակարգավարական ծառայության, ոստիկանության, սահմանապահ պահպանության և շտապ բուժօգնության համար։ Axios պարբերականը գրել է, որ շաթդաունի պատճառով հետաձգվել է ՆԱՏՕ-ի դաշնակիցներին ավելի քան 5 մլրդ դոլարի (4,3 մլրդ եվրո) ամերիկյան սպառազինության մատակարարումը:
Պարբերականի տվյալներով՝ դա կարող էր վերաբերել նաև Ուկրաինային։ Երկու կուսակցությունների ներկայացուցիչների փոխզիջման հիմքում բժշկական ապահովագրության ոլորտում հարկային արտոնությունների վերաբերյալ պայմանավորվածությունն է: Բացի այդ, շաթդաունի ընթացքում ազատված դաշնային ծառայողները կվերականգնվեն աշխատանքում և կստանան կուտակված աշխատավարձային պարտքը։