23.11.2024
Երևանում բողոքի երթ անցկացվեց էլեկտրաէներգիայի թանկացման դեմ
prev Նախորդ նորություն

Բրազիլիայի Դաշնային սենատը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Բրազիլիայի Դաշնային սենատը մայիսի 27-ին պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Ցեղասպանության ճանաչման բանաձևի հեղինակներն են Սենատի Արտաքին հարաբերությունների և ազգային պաշտպանության հանձնաժողովի նախագահ, դաշնային սենատոր Ալոիզիո Նունես Ֆերեյրա Ֆիլյոն և դաշնային սենատոր Ժոզե Սերան:

Ինչպես նշված է ՀՀ արտաքին գործերի նախարարության հաղորդագրությունում, Բրազիլիայի Սենատի կողմից ընդունված բանաձևում ասված է.

«Դաշնային Սենատը ճանաչում է Հայ ժողովրդի Ցեղասպանությունը, որի 100-րդ տարելիցը նշվեց 2015թ. ապրիլի 24-ին: Հարգանքի տուրք է մատուցում Ցեղասպանության զոհերին և գնահատում Բրազիլիայում բնակվող հայ փախստականների հազարավոր բրազիլահայ ժառանգների ներդրումը երկրի տնտեսական, սոցիալական և մշակութային ոլորտներում, և ընդգծում է, որ ոչ մի ցեղասպանություն չպետք է մոռացվի, որպեսզի չկրկնվի»:

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ողջունել է Բրազիլիայի Սենատի որոշումը՝ նշելով, որ այս բանաձևի ընդունմամբ Բրազիլիան նշանակալից քայլ կատարեց՝ ի նպաստ ցեղասպանությունների և մարդկության դեմ նոր հանցագործությունների կանխարգելմանն ուղղված միջազգային հանրության ջանքերի:

«Շարունակվում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման անշրջելի գործընթացը», - ասված է նախարարի հայտարարության մեջ։

Նշենք, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչվել է բազմաթիվ երկրների, ինչպես նաև ԱՄՆ-ի 44-ի նահանգների կողմից: