6.10.2025
Լուսանկարը` hetq.am
prev Նախորդ նորություն

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանն անփոփոխ թողեց Հրայր Թովմասյանի դատավճիռը

Լուսանկարը` Sputnik
Լուսանկարը` Sputnik

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանն անփոփոխ է թողել արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանի վերաբերյալ դատավճիռը։ Նա մեղավոր է ճանաչվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ, սակայն ազատվել է քրեական պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով։ Դատարանը մերժել է ինչպես պաշտպանական կողմի բողոքը, որը պահանջում էր արդարացում, այնպես էլ դատախազության բողոքը, որը պնդում էր մեղադրանքի վերաորակման վրա։


2025 թվականի սեպտեմբերի 30-ին կայացված որոշմամբ ուժի մեջ է թողնվել Երևան քաղաքի առաջին ատյանի դատարանի 2024 թվականի սեպտեմբերի 20-ի դատավճիռը։ Այսպիսով, Հրայր Թովմասյանը մեղավոր է ճանաչվել Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքների երկու դրվագով։ Խոսքը վերաբերում է նրա կողմից արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցրած ժամանակահատվածում պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն։


Չնայած մեղավոր ճանաչվելուն՝ Թովմասյանը քրեական պատիժ չի կրի, քանի որ դատարանը հաստատել է, որ նրան մեղսագրվող արարքների վաղեմության ժամկետները լրացել են դեռևս 2019 թվականին։


Հատկանշական է, որ առաջին ատյանի դատարանի դատավճիռը չէր բավարարել կողմերից որևէ մեկին։ Պաշտպանները վերաքննիչ բողոք էին ներկայացրել՝ պնդելով իրենց պաշտպանյալի լիակատար անմեղությունը և պահանջելով արդարացման վճիռ։ Դատախազությունն իր հերթին բողոքարկել էր որոշումը՝ վիճարկելով վաղեմության ժամկետի կիրառումը և պահանջելով վերաորակել մեղադրյալի գործողությունները։ Քննելով բողոքները՝ Վերաքննիչ դատարանը գտել է, որ ստորադաս ատյանի դատավճիռն օրինական է ու հիմնավորված, և մերժել է երկու կողմերի պահանջները։

Լուսանկարը` parliament.am
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ parliament.am
06.10.2025
44-օրյա պատերազմի զեկույցը «արխիվացնելու» որոշումը թելադրված է օրենքով. պատգամավոր