Կապանը ճանաչվել է 2026 թվականի երիտասարդական մայրաքաղաք
ԱՊՀ ղեկավարների խորհրդի նիստի որոշմամբ` ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքը ճանաչվել է 2026 թվականի երիտասարդական մայրաքաղաք:
Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
Համաձայն «ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք» միջազգային ծրագրի կարգի՝ Կապանում 2026 թվականին նախատեսվում է իրականացնել լայնամասշտաբ ծրագրեր: Մասնավորապես՝
• «ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի բացում,
• ԱՊՀ երիտասարդական ֆորում,
• ԱՊՀ երիտասարդական ճամբարներ, դասընթացներ, կլոր սեղաններ,
• երիտասարդներին ուղղված ծրագրերի վերաբերյալ Կապան քաղաքի հնարավորությունների ներկայացում,
• ԱՊՀ երիտասարդության հարցերի խորհրդի նիստ,
• «ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի փակում:
Նախարարությունը որոշել է մեկտեղել «ԱՊՀ 2026 թվականի երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի և 2026 թ․ Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք ծրագրի համար նախատեսված ֆինանսական և մարդկային ռեսուրսները՝ տեղական, հանրապետական և տարածաշրջանային առումով էականորեն մեծացնելով Կապանի՝ որպես ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաքի տեսանելիության բարձրացմանն ուղղված ջանքերի արդյունավետությունը։