Հայաստանը գնահատում է Գերմանիայի աջակցությունը բարեփոխումների և զարգացման գործում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Ֆրիդրիխ Մերցին ազգային տոնի՝ Միասնության օրվա առթիվ:
Շնորհավորական ուղերձում ասված է.
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Գերմանիայի բարեկամ ժողովրդին Գերմանիայի Դաշնային Հանրապետության ազգային տոնի՝ Միասնության օրվա կապակցությամբ։ Այս հիշարժան օրը կարևոր առիթ է կրկին արժևորելու Գերմանիայի հաջողություններն ու ձեռքբերումները, ժողովրդավարական արժեքներին ու մարդու իրավունքներին անսասան հավատարմությունը։
Հայաստանը մեծապես կարևորում է Գերմանիայի հետ ձևավորված բարեկամական հարաբերություններն ու արդյունավետ համագործակցությունն ինչպես երկկողմ մակարդակում, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում։
Ջերմությամբ եմ հիշում այս գարնանը Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Ձեզ հետ ունեցած հանդիպումը: Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կշարունակենք ընդլայնել բազմոլորտ փոխգործակցությունը՝ ի շահ մեր ժողովուրդների։
Բարձր ենք գնահատում Գերմանիայի շարունակական աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին, կայուն զարգացմանը, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացմանը:
Թույլ տվեք ևս մեկ անգամ շնորհավորել այս հիշարժան օրվա առթիվ՝ մաղթելով Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Գերմանիայի ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»։