24.11.2024
ԱՀ ՊՆ. Հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 40 անգամ
prev Նախորդ նորություն

Մամուլ. Ի՞նչ էր պատրաստվում անել Բաբայանը եւ ի՞նչու է անհանգիստ ՕՐՕ դաշինքի ռազմական թևը

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի այսօրվա ամենաուշագրավ հրապարակումները:


«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «ԱԱԾ-ն եւ Սամվել Բաբայանի փաստաբան Ավետիք Քալաշյանն առայժմ չեն մեկնաբանում՝ ինչ ապացույցների հիմքով է ձերբակալվել ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատարը, բայց արդեն տեղեկություններ կան, որ ԱԱԾ-ն որոշակի ձայնագրություններ է ունեցել: Քաղաքական ու իրավապահ նեղ շրջանակում երեկվանից պտտվող տեղեկությունների համաձայն, դրանց մեջ լսելի է, որ Ս. Բաբայանը պայմանավորվածություն է ձեռք բերում այն երկու անձանց հետ, որոնց միջոցով «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիրը պետք է ՀՀ հասցնի եւ կարգադրություններ է անում ձեռքբերման ու տեղափոխման վերաբերյալ: Հիշեցնենք, Բաբայանի ձերբակալությունից հետո ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ «Իգլա» համալիր տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրգործի շրջանակներում ձերբակալված են 3 անձ, այդ թվում՝ Բաբայանը: Վերջինիս փաստաբանը երեկ մեզ հետ զրույցում շեշտեց, որ Բաբայանը հերքում է, որ ինքը ճանաչում է մյուս 2 անձանց եւ, որ կապ է ունեցել «Իգլայի» ձեռքբերման ու ՀՀ տեղափոխման հետ: Բայց, մեր տեղեկություններով, ԱԱԾ-ում նախապատրաստված նյութերում առկա են այնպիսի դրվագներ, որ այդ զենքով թռիչքի ժամանակ պետք է հարված հասցվեր այն ուղղաթիռին, որով պետք է թռչեին ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները՝ հավանաբար Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Ի դեպ, փաստաբան Քալաշյանը երեկ մեզ նաեւ ասել է, որ Բաբայանն առայժմ չի հայտարարում, որ իր ձերբակալությունը քաղաքական ենթատեքստ ունի»:


«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Սամվել Բաբայանի ձերբակալությունից հետո Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքում անհանգիստ են: Դաշինքը երկու թեւ ունի`քաղաքական եւ ռազմական: Քաղաքական թեւի ներկայացուցիչները կարողանում են Բաբայանի ձերբակալությունը ներկայացնել որպես քաղաքական հետապնդում եւ հիմնավորել դա: Ռազմական թեւի ներկայացուցիչների խոսքը բավական անհոդաբաշխ է: ՊՆ նախկին փոխնախարար, գեներալ–լեյտենանտ Գագիկ Մելքոնյանն, օրինակ, պատասխանելով «Փաստ»-ի հարցին, թե արդյոք ձերբակալությունը քաղաքական հետապնդում է Բաբայանի նկատմամբ ասել է. «Իհարկե, էն էլ ոնց: Քաղաքական հետապնդում չլինի, «Իգլան» ի՞նչ գործ ունի Սամվել Բաբայանի հետ կամ մեր հետ, դաշինքի հետ «Իգլան» ի՞նչ գործ ունի: «Իգլան» ո՞ւմ համար էր բերում, սամալյո՞տ էր խփում»: Նման հարցադրումներն իրենց տրամաբականական շարունակությունն են ունենում: Օրինակ, երբ ասվում է՝ կարող է՞ սամալյոտ էր խփում, շարունակությունը ենթադրում է` իսկ ինչո՞ւ ոչ, հատկապես եթե այդ «սամալյոտը» Սերժ Սարգսյանին տեղափոխելիս լիներ:


Դաշինքի անդամ, ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը «1in.am»-ի հարցազրույցում մեկնաբանելով Բաբայանի ձերբակալությունը ասում է, որ դա խորը արմատներ ունի: Ըստ Հակոբյանի, որեւէ պետական պաշտոնյա իրավունք չունի նույնիսկ մտածել այդ հողերը վերադարձնելու մասին, դա դավաճանություն է, որը չի ներվում: Հակոբյանը դիմում է իշխանություններին. «Ես եւ իմ համախոհները չենք ուզում, որ որեւէ մեկից արյուն կաթի, թող մեզ չտանեն դրան, մենք առաջին դեմն ենք դրա, բայց իրավիճակ է ստեղծվում...»: Քաղաքական կուլիսներում լուրեր են շրջանառվում, որ Սամվել Բաբայանն ու նրա դաշնակիցները ծրագրում էին մարտի 27-ին ինչ-որ գործողություն իրականացնել: Որեւէ պաշտոնական տեղեկություն կամ մամուլի արտահոսք այս մասին չկա: Տեղեկություն չկա նաեւ այն մասին, թե արդյոք մարտի 27-ին Սերժ Սարգսյանը որեւէ տեղ պետք է մեկնի: Ամեն դեպքում, առեղծվածային ամսաթվից 5 օր առաջ Բաբայանի ձերբակալությունը հետաքրքիր զուգադիպություն է…


Մի բան պարզ է. առաջիկայում կամ զանգվածային ձերբակալություններ են լինելու կամ`զանգվածային գործողություններ: Երրորդ տարբերակը` կողմերի միջեւ փակ դռների հետեւում հնարավոր հաշտությունը, թեեւ լավագույն լուծումը կլիներ, բայց այս պահին անհավանական է թվում»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի դեմ հարուցված քրեական գործի վերաբերյալ: Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն Բաբայանին ու եւս երկու հոգու ձերբակալել է Վրաստանից մաքսանենգ ճանապարհով «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիրի արձակման խողովակ Հայաստան բերելու առթիվ գործի շրջանակներում: Ըստ մեր տեղեկությունների՝ այս գործի համար հիմք են հանդիսացել հեռախոսային գաղտնալսումները: Չի բացառվում, որ այս գործի շրջանակներում լինեն նոր ձերբակալություններ եւս: Բաբայանին երեկվա դրությամբ դեռ մեղադրանք չէր առաջադրվել, բայց չի բացառվում, որ դա արվի ձերբակալության 72 ժամը լրանալուց հետո, եւ նա կալանավորվի: Նշենք նաեւ, որ Բաբայանն ԱԱԾ-ում հրաժարվել է որեւէ ցուցմունք տալուց, ավելին՝ փաստաբանի խոսքով՝ նա ընդհանրապես չի ճանաչում այդ գործի շրջանակներում ձերբակալված անձանց: Հավելենք, որ Վրաստանի ՊՆ-ն երեկ մի հայտարարություն տարածեց, որով բավականին անհարմար դրության մեջ դրեց Բաբայանի «գործը կարած» ԱԱԾ-ին: Ըստ Վրաստանի ՊՆ-ի. «Տարածված տեղեկություններն այն մասին, որ ռուսական ռազմական տեխնիկան իբր Վրաստանի տարածքով ուղեւորվում էր Հայաստան, չեն համապատասխանում իրականությանը»»:


«Իրատես» թերթը գրում է. «Մարտի 15-ից հետո յուրաքանչյուր պահի սպասելի էր Սամվել Բաբայանի ձերբակալությունը, որովհետեւ նրա ստվերային գործունեությունն ուղղված էր երկրի անվտանգության դեմ եւ, մեծ հաշվով, վտանգում էր հենց այն մարդկանց, որոնց շրջապատում Սամոն «հեղինակություն» է: Այն միամիտներից չեմ, որ «հալած յուղի» տեղ ընդունեմ պաշտոնական վարկածն ու միանշանակ հավատամ, որ Բաբայանը կապ ունի «Իգլայի» պատմության հետ: Չեմ կարող միանշանակ պնդել, որ Ղարաբաղի ՊԲ նախկին հրամանատարը կապ ունի այս «մութ» պատմության հետ, սակայն, կարծում եմ, պետությունն ուներ ծանրակշիռ պատճառներ Բաբայանին մեկուսացնելու: Եկել է իրերն իրենց անուններով կոչելու ժամանակը: ՕՐՕ դաշինքի ֆորմալ առաջնորդներն ընդամենը քաղաքական մարիոնետներ են, միանգամայն ձեւական բնույթ է կրում նաեւ նախընտրական շտաբը, որովհետեւ այդ դաշինքը «կամանդիրի հրամանի տակ էր»: Դարձյալ չեմ կարող միանշանակ պնդել, բայց հավաստիանման են այն լուրերը, թե Սամվել Բաբայանն ապահովում է ՕՐՕ-ի եւ Ռոբերտ Քոչարյանի հարաբերություները, այսինքն, վերջինիս կողմից վերահսկում է քաղաքական այս միավորի գործունեությունը:


Կույր պետք էր լինել` չնկատելու համար, որ Բաբայանի ՕՐՕ-ն ոչ թե ընտրություններում հաղթելու, այլ դրանք խափանելու եւ երկրում ցնցումներ առաջացնելու խնդիր է լուծում (ՕՐՕ-ի ու «Սասնա ծռերի» հոգեհարազատությունը պատահական չէ): Սա, ի դեպ, որեւէ աղերս չունի ընդդիմադիր գործունեության հետ եւ նույնքան դատապարտելի է, որքան ընտրությունները կեղծելու իշխանությունների պրակտիկան: Բաբայանը ստվերային կերպով ուղղորդում էր քաղաքական գործընթաց, մեծ ֆինանսներ, ազատամարտիկների վարքագիծ: Եվ այդ ուղղորդման հետեւանքը լինելու էր առնվազն հերթական «հարամված» ընտրությունը: Այս ամենը չէին կարող չնկատել իշխանությունները, ու նրանք որոշեցին «կոտրել» ՕՐՕ-ի ողնաշարը: Այս պատմության հետ ինչ կապ ունի «Իգլան»` ցույց կտա ժամանակը»:


«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ում խստիվ արգելել են որեւէ մեկին մասնակցել քաղաքական բանավեճերի, որոնք կազմակերպում են որոշ հեռուստաընկերություններ՝ ընտրություններին մասնակից տարբեր ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ։ «Մեկ է, ինչ էլ ասենք, մեր դեմ է դուրս գալու»,- բացատրել են շարքերին։ Սակայն հրահանգը եթերի կարոտ որոշ ՀՀԿ-ականների սրտով չէ, նրանք հազիվ են իրենց զսպում, որ ֆեյսբուքյան գրառումներով չարտահայտվեն։ Պաշտոնական քարոզչությունն էլ, ինչպես տեսնում ենք, հաշված մարդիկ են տանում իրենց ուսերին, հատկապես վարչապետ Կարեն Կարապետյանը, ով փաստացի դառնալու է ՀՀԿ-ի վերարտադրության միակ միջոցը»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Րաֆֆի Հովհաննիսյանը, դեռևս անցյալ տարի սեպտեմբեր ամսին կայացած նիստին, «Ժառանգության» վարչության անդամներին հայտնել էր, որ ցանկանում է դուրս գալ քաղաքականությունից և անցնել հանգստի։ Մեր տեղեկություններով՝ Րաֆֆի Հովհաննիսյանի այդ ցանկությունը շարունակում է կենսունակ մնալ։ Պատահական չէ, որ նա հենց 11-րդ հորիզոնականում է ՕՐՕ դաշինքի, որը ոչ մի դեպքում անցողիկ չի համարվում։ Մեր տեղեկություններով՝ Րաֆֆի Հովհաննիսյանը ոչ միայն որոշել է լքել քաղաքականությունը, այլև մտադիր է առաջիկայում վերականգնել իր ամերիկյան քաղաքացիությունը, որից հրաժարվել էր 1991թվականին, սակայն ՀՀ քաղաքացիություն նրան շնորհվել է 2001թ։ Րաֆֆի Հովհաննիսյանը ծնվել է ԱՄՆ-ում և քաղաքացիությունը վերականգնելու որևէ դժվարություն, ըստ օրենքի, նա չի ունենա»։


«Ժամանակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանը լրջորեն մտահոգված է առաջիկա ընտրությունների հնարավոր արդյունքներից։ Ի սկզբանե, Սահմանադրական փոփոխությունները նպատակ են ունեցել քաղաքական դաշտի բոլոր հիմնական դերակատարների համար տեղ ապահովել խորհրդարանում, սակայն ծրագիրը խափանել է Գագիկ Ծառուկյանի մուտքը քաղաքականություն, որը օրըստօրե «խժռում» է ընդդիմության ձայները՝ ավելի ու ավելի մեծացնելով հավանականությունը, որ ԱԺ չանցած ուժերը ընտրություններից հետո կսկսեն հանրահավաքներ, հանրային այլ գործողություններ։ Նախօրեին Սերժ Սարգսյանը հանդիպել է ստեղծված իրավիճակի գլխավոր «մեղավորի»՝ Գագիկ Ծառուկյանի հետ քննարկելու առաջացած իրավիճակից դուրս գալու ելքերը»:


«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Հովիկ Աբրահամյանն այս օրերին կրկին ի մի է հավաքել մարզի յուր հավատարիմ գյուղապետերին, հանդիպմանը մասնակցել է նաեւ եղբայր Ջոնիկը: Արգամիչն ասել է, որ ապրիլի 3-ին արթնանալու ենք բոլորովին այլ Հայաստանում, «տեսեք` ինչեր են լինելու»: Խնդիրը կոնկրետ դեպքում առնչվում է ընտրություններում ԲՀԿ-ի հաղթանակին, որին եթե խորհրդարան մտած եւս երկու ուժ գումարվի, ապա կարող են ստեղծել սեփական կառավարություն` սեփական վարչապետով: Ասում են նաեւ՝ Հովիկ Աբրահամյանը վերջերս ցանկացել է հանդիպել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, սակայն աուդիենցիա չի ստացել»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` ընտրություններում ՀՀԿ-ի հաղթանակի դեպքում կառավարությունում տեղի կունենան կադրային տեղաշարժեր, բայց` ոչ արմատական: Փոփոխությունները հիմնականում կառնչվեն տնտեսական բլոկի նախարարներին: Այդ թվում եւ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի՞ն՝ հարցրինք կառավարության մեր աղբյուրից։ «Ոչ-ոչ, Վաչե Գաբրիելյանն ամենա-պլադատվորնի նախարարն է մեր կաբինետում»: Խնդիրը, ըստ ամենայնի, կառնչվի տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Ս. Կարայանին, ինչպես նաեւ կոալիցիոն քվոտաներով ՀՅԴ-ին տրված պորտֆելներին: «Ոչ այն մասով, որ կոալիցիա չի լինի ՀՅԴ-ի հետ։ Կլինի, պարզապես հնարավոր է ՀՅԴ համամասնական ցուցակում ընդգրկված նախարարները պառլամենտ մտնեն, եւ ՀՅԴ-ին տրված կրթության եւ գիտության, տարածքային կառավարման, բնապահպանության նախարարների պորտֆելները փոխարինվեն այլ պորտֆելներով»,- ասաց մեր աղբյուրը: Իսկ առողջապահության նախարա՞րը: «Նա, հավանաբար, կմնա»։ Հնարավոր է «վերանայվի» սփյուռքի նախարարի պորտֆելը»: