«Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը շարունակում է իր նախընտրական այցելությունները մարզեր. այսօր նա Գեղարքունիք մարզում էր՝ Ճամբարակում և Սևանում, ինչպես նաև Տավուշի մարզի Դիլիջան և Իջևան քաղաքներում: Ամենուր նա ներկայացրեց դաշինքի առաջնահերթ 15 կետերը, որոնց թիրախում քաղաքացին ու նրա խնդիրներն են և հավաստիացրեց՝ եթե ապրիլի 2-ին կայանալիք ընտրություններում իրենք ստանան 50+1 ձայն, ապա այդ 15 կետերը կյանքի կկոչվեն առաջին իսկ ամսում:
Իր խոսքում Գագիկ Ծառուկյանը նշում է, որ 2009-ից հետո օր օրի վիճակը Հայաստանում վատացել է՝ մարդիկ շարունակում են ստանալ նույն աշխատավարձն ու թոշակը, բայց կյանքը գնալով դժվարանում է: Նա զարմանում է՝ ինչպե՞ս են հատկապես թոշակառուները 20-30 հազար դրամ թոշակով և՛ սննդի հոգ տանում, և՛ կոմունալ վճարներ կատարում: Այդ իսկ պատճառով անձամբ իր կողմից մշակված 15 կետերում ներառված է նաև այդ դրույթը՝ թոշակների բարձրացում նվազագույնը 25 հազարով և հետագա ինդեքսավորմամբ՝ ամիսը 5-10 հազար նվազագույնը:
Հաջորդ խնդիրը, որ հուզում է բոլորին, առողջապահությունն է, ավելի ճիշտ՝ դրա անհասանելիությունը հատկապես սոցիալական ծանր պայմաններում ապրող ու հատուկ խմբերի ներկայացուցիչների համար: Գագիկ Ծառուկյանի խոսքով՝ «Ծառուկյան» դաշինքը իր ուշադրության կենտրոնում է պահում առողջապահության համակարգի փոփոխությունը, քանզի այնպես, ինչպես այսօր է, շարունակել չի կարելի՝ ամբողջ ազգը հիվանդ է, որովհետև փող չունի բուժվելու համար:
Իրենց առաջարկն է պետպատվերը դարձնել ավելի արդյունավետ ու հասցեական, իսկ դրա համար մարդկանց կտրվեն սերտիֆիկատներ, որպեսզի հենց ինքը որոշի, թե որտեղ է բուժում ստանալու: Հավաստիացրեց՝ կվերացվի այն կարգը, որ հիվանդը գա հիվանդանոց ու պարզվի, թե պետպատվերի համար գումարները վերջացել են: Բացի այդ, ամեն մարզում անվճար սպասարկմամբ հիվանդանոցներ են գործելու, իսկ ներդրումները հնարավորություն կտան ավելացնել բուժաշխատողների աշխատավարձերը:
Ուշադրության կենտրոնում են նաև ուսանողները, հատկապես մարզերից ու հատկապես բարձր առաջադիմություն ունեցողները: Ծառուկյանը նշում է, որ ինքը միշտ գնահատել է կրթությունը, կրթված անձանց ու լավ մասնագետներին և մշտապես խնդիր համարել այն, որ լավ կադրերն ու մասնագետները հեռանում են երկրից ու շենացնում օտար երկրները: Բայց, համոզված է դաշինքի առաջնորդը, եթե մարդկանց համար հնարավորություն ու պայման ստեղծվի, աշխատատեղեր բացվեն, ապա նրանք այլևս չեն հեռանա ու հնարավոր կլինի նաև հեռացածներին վերադարձնել հայրենիք:
«Համախմբում, բոլորիս մասնակցություն ու միասնականություն է պետք, որպեսզի ծրագիրն իրականացվի, հնարավորություն ու պայման ստեղծվի երկրում, որպեսզի մարդիկ հավատան, այլապես այսպես չի կարող շարունակվել: Ես հավաստիացնում եմ, որ ամեն ինչ լավ է լինելու, որովհետև ավելի վատ է եղել՝ լույս չի եղել, հաց չի եղել, միայն պետք է միասնական լինեք, գնաք մասնակցեք ընտրության ու ձայնը տաք այն ուժին, որը կարող է վիճակ փոխել երկրում: Ձեր ձայնը ուժ է»,- հայտարարում է Գագիկ Ծառուկյանը:
Իր խոսքում նա մշտապես շեշտում է՝ չի եկել համոզելու, որպեսզի հենց իրենց ընտրեն, պարզապես հորդորում է ճիշտ ընտրություն կատարել, որպեսզի հետագայում որևէ մեկին չմեղադրեն: Եվ հիշեն՝ սխալ ընտրությունը առաջիկա հինգ տարիներին կստիպի զղջալ այդ մասին, որովհետև ավելի վատ կլինի, քան այսօր է. օր-օրի իրավիճակն էլ ավելի կվատանա և ինքը դա հասկանալով է որոշել իր փափուկ կյանքը թողնել ու վերադառնալ քաղաքականություն: Իսկ որպեսզի իր բառերը մերկապարանոց չհնչեն կամ չընկալվեն իբրև պոպուլիզմ՝ անձամբ մշակել ու ամեն օր Հայաստանի տարբեր մարզերի բնակիչներին է ներկայացնում դաշինքի առաջնահերթ 15 կետերը՝ կենսաթոշակների բարձրացում, գազի և էլեկտրաէներգիայի սակագների նվազում, արագաչափերի և «կարմիր գծերի» վերացում, փոքր ու միջին բիզնեսի հարկերից ազատում, վարկային տոկոսների նվազում և այլն: Մնացած ծրագրերը և, հատկապես, մարզերի համաչափ զարգացումն ու ներդրումները կիրականացվեն հաջորդիվ:
Գագիկ Ծառուկյանը նաև հորդորում է քաղաքացիներին հիշել նոր ընտրակարգով ընտրության կարգը, որը մի փոքր խառնաշփոթ է առաջացնում: Նրա խոսքով՝ հնարավոր է, որ լինի թեկնածու, ում ճանաչում են ու հարգում, բայց նա ներկայացնի այնպիսի կուսակցություն, որին քաղաքացին չէր ցանկանա ձայն տալ: Բայց, ասում է նա, այժմ փոխվել է կարգը, և այդ թեկնածուին ընտրելով՝ ձայն տալու են կոնկրետ կուսակցության՝ ուզեն թե չուզեն.
«Մի ընտրություն պետք է անեք, երկուսը չեք կարող: Այսօր թեկնածուն կարող է ձեր բարեկման ու ծանոթը լինել ու նրան ընտրեք, բայց երբ պատգամավորի թեկնածուին ձայնը տաս, ապա համապատասխանաբար ձայնը տալիս ես նաև այն քաղաքական ուժին, որից նա առաջադրված է: Կարող է պատգամավորի թեկնածուն շատ լավ մարդ է, բայց իրեն ձայն տալուց՝ ձայնը կգնա այն կուսակցությանը, որին կարող է չեք էլ ուզում ընտրել, բայց այդպես է օրենքը: Դրա համար ճիշտ որոշում կայացրեք, արդար ընտրություն արեք, պարտադրողներին էլ ասեք «այո», վատամարդ մի դառեք, բայց ընտրեք այն ուժին, որը կարող է պայման ու հնարավորություն ստեղծել, ձեզ համար գործ անել: Այդպես ընտրություն կատարեք ու պահանջեք, այլապես չեք էլ կարողանալու պահանջել ու ավելի վատ է լինելու երկրի վիճակը: Ըտրեք ոչ թե անձ, այլ համակարգ»,- պարզաբանում է նա տեղերում:
Անդրադառնալով իր հասցեին հնչող քննադատությանը, թե ինքը պոպուլիզմով է զբաղված, նա հայտարարում է՝ յուրաքանչյուրին կապացուցի իր ասածը փաստերով ու հաշվարկներով.
«Ինձ մեղադրում են պոպուլիզմով զբաղվելու մեջ, բայց որտե՞ղ է այստեղ պոպուլիզմը: Ես ամենքին պատրաստ եմ տնտեսագիտորեն բացատրել, որ իմ ասածները պոպուլիզմ չեն, այլ իրականության վրա հիմնված հաշվարկ: Ժողովրդին շատ չնչին բան է պետք՝ արդարություն ու պայման: Մարդիկ շատ բան չեն ուզում, ու դուք էլ հիշեք, որ անհնարին ոչինչ չկա»,- շեշտում է նա: