Ընդդիմադիր «Հայ ազգային կոնգրես» (ՀԱԿ) կուսակցությունը պատրաստ է աջակցել ՀՀԿ-ին, եթե այն հաղթի այս ընտրություններում եւ ցանկանա իրագործել «Կոնգրես-ՀԺԿ»-ի առաջարկած խաղաղության ծրագիրը: Ծրագիրն իրենց ենթադրում է ԼՂ հակամարտության շուտափույթ կարգավորում՝ փոխզիջումների հիման վրա: «Մենք պատրաստ ենք այս հարցում օրնել իրենց (ՀՀԿ-ին)», - ասել է ՀԱԿ կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:
«Մենք կոալիցիայի մեջ երբեք չենք մտնի, բայց եթե իրենք գնան այդ ճանապարհով, խաղաղության ծրագրի իրականացման ճանապարհով, մենք, բնականաբար, կօգնենք մեր հանրային մոտեցումներով՝ զուտ խաղաղության ծրագրի իրականացման հարցում: Մնացած հարցերում, կներեք, մենք շարունակելու ենք մնալ իրենց անխնա քննադատը: Ի՞նչ է եղել․․․ Մենք չե՞նք կարող միաժամանակ լինել խաղաղության ծրագրի իրականացման կողմնակից և լինենք կոռուպցիայի ոչնչացման, վերացման կողմնակից․․․ Դրանք անհամատեղելի բանե՞ր են», - լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց Զուրաբյանը, հայտնում է Ազատությունը:
Ծրագրում են ծավալել խաղաղության շարժում, որը, անկախ ընտրությունների արդյունքից, ցանկացած իշխանության կպարտադրի իրենց ծրագիրը: Զուրաբյանը կարծում է, որ Հանրային հեռուստատեսության «Օրակարգից դուրս» ծրագրին տված Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցը ժողովուրդը «շատ դրական է ընկալել»:
Այնուհանդերձ նա հարկ համարեց պատասխանել ԱԺ-ի փոխնախագահ, Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովին, ով անդրադառնալով առաջին նախագահի հարցազրույցին՝ ասել էր, թե «շատ կարևոր է, որ պետության առաջին նախագահը նաև ընդունում է, որ այսօրվա իշխանությունները ընտրված են»։
2008-ի և 2013-ի նախագահական ընտրություններից հետո, հիշեցնենք, Տեր-Պետրոսյանը Սերժ Սարգսյանին չընտրված նախագահ էր համարում:
«Սա տեսական մի մոտեցում է, որ ժողովուրդը կարող է պարտադրել իր կամքը մի իշխանության, որը ինքն իրեն պաշտոնապես ընտրված է համարում», - ասաց Զուրաբյանը: - «Բայց ես ուզում եմ ասել, որ Շարմազանովը շատ սխալվում է, եթե սա ընդունել է որպես Սերժ Սարգսյանի նախագահության լեգիտիմության ճանաչում: Տեր-Պետրոսյանի գնահատականները և՛ 2008 թվականի, և՛ 2013 թվականի վերաբերյալ ոչ մի սանտիմետր չեն փոխվել: Եվ ես կխնդրեի Շարմազանովին չհրճվել շատ, եթե ինքը չի հասկացել նախագահի խոսքի ենթատեքստը»: