ԼՂ հակամարտության չկարգավորման դեպքում Հայաստանին և Արցախին ապրիլյան պատերազմական գործողությունների նման նոր առճակատումներ ու զոհեր են սպասվում: Այս մասին Հայաստանի առաջին հեռուստաալիքի եթերում հայտարարել է ՀՀ առաջին նախագահ, «Հայ ազգային կոնգրես» կուսակցության առաջնորդ և ԱԺ ընտրություններին «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող Լևոն Տեր-Պետրոսյանը:
Ընտրություններին «Խաղաղության ծրագրով» հանդես եկող եւ ԼՂ հակամարտության անհապաղ կարգավորման վրա շեշտը դնող քաղաքական դաշինքի առաջնորդը նշում է, որ պատերազմի հրդեհը հանգցնելու ժամանակն է։ «Տեսանք ապրիլին ինչ եղավ։ Եթե չլուծվի այս հարցը, մեզ քանի ապրիլներ են սպասվում։ Մեր ժողովուրդը որքա՞ն զոհ պիտի տա, եւ այդ զոհերը իմաստավորվա՞ծ պիտի լինեն։ Բացարձակապես, որովհետեւ ինչ էլ անեն, այս լուծումից (Մադրիդյան սկզբունքներից) բացի ուրիշ լուծում չկա», - ասաց Տեր-Պետրոսյանը՝ պարզանաբնելով, որ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքն առանձին մշակած «Խաղաղության ծրագիրը» չունի, իսկ իրենց առաջարկածը Մադիրիդյան սկզբունքների հիման վրա կազմված խաղաղության համաձայնագիրն է։
Տեր-Պետրոսյանը մի կողմից ընդունում է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Կազանում 2011 թ-ին ՌԴ այն ժամանակվա նախագահ Դմիտրի Մեդվեդեւի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպմանը պատրաստ է եղել ստորագրել այդ փաստաթուղթը, սակայն մյուս կողմից պնդում, որ Հայաստանը պետք է իր սկզբունքային համաձայնությունը հայտնի այդ փաստաթղթի կամ կարգավորման պլանի վերաբերյալ:
«Սերժ Սարգսյանը Կազանում պետք է վերցներ Մեդվեդեւի ձեռքից այդ փաստաթուղը եւ ստորագրեր այն: Հիմա էլ եթե այդպես արվի, ապա սա մեծ առավելություն կտա հայկական կողմին: Ես ժամանակին այդպես արել եմ: Երբ հայր Ալիեւը ԱՊՀ երկրների նախագահների գագաթնաժողովի ժամանակ հանդես եկավ ստանդարտ մեղադրական ելույթով, ՌԴ այն ժամանակվա նախագահ Բորիս Ելցինն ինձ ասաց՝ ինչ կպատասխանեք: Ես ասացի՝ պատասխանը պարզ է, մեզ առաջարկվել է կարգավորման պլան, ես հենց այս պահին պատրաստ եմ այն ստորագրել: Եվ Հայաստանի նկատմամբ մի քանի տարի ոչ մի ճնշում չեղավ», - նշում է Տեր-Պետրոսյանը՝ միեւնույն ժամանակ չբացատրելով, թե ինչու Ադրբեջանը չհամաձայնեց ստորագրել նույն փաստաթուղթը:
Միևնույն ժամանակ ՀԱԿ առաջնորդը վստահ է, որ այժմ խնդրի կարգավորումը մտնում է վճռական փուլ, քանի որ իրավիճակ է փոխվել, ուստի Հայաստանը պետք է օր առաջ համաձայնությունը տա խաղաղության պլանին: «Ռուսաստանը դառնում է առանցքային խաղացող հետխորհրդային տարածաշրջանում: ԱՄՆ-ը եւ Եվրամիությունն ընդունում են ՌԴ-ի այս դերը: Բացի այդ, ՌԴ-ն ներքաշված է Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող բարդ գործընթացներում: Ուստի Մոսկվան չի հանդուրժելու, որ իր ռազմաճակատի թիկունքում իրավիճակը մնա պայթյունավտանգ: Ուստի կարծում եմ կարգավորումը շատ մոտ է եւ հիմնական դերակատարությունն ունենալու է Ռուսաստանը: Եթե ՌԴ-ը կարգավորի այս խնդիրը, ԱՄՆ եւ Եվրամիությունը պետք է շնորհակալ լինեն Մոսկվային», - ասաց առաջին նախագահը:
Լևոն Տեր-Պետրսյանը թեպետ նշում է, որ եթե հայակական կողմը ստորագրի խաղաղության փաստաթուղթը, Ադրբեջանը չի հանդգնի գնալ պատերազմի։ «Մենք այդպիսով հանգցնում ենք պատերազմի հրդեհը: Իսկ եթե հանդգնի, ապա միջազգային հանրության քննադատությունը կուղղվի միայն Ադրբեջանի դեմ», - ասում է նա՝ միևնույն ժամանակ չնշելով՝ ի՞նչ իրավաքաղաքական ու գլխավորը՝ ռազմաքաղաքական արդյունքներ է ունենալու այդ քննադատությունը հայկական կողմերի համար։
Հարցազրույցի ընթացքում տեւական ժամանակ առաջին նախագահը կրկնում էր, որ ԼՂ խնդրի կարգավորումը տրված է միջազգային ատյանին, այն է՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին եւ նրանք են որոշում կայացնողը, այլ ոչ թե Ադրբեջանն ու Հայաստանը: Հատկանշական է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն, ըստ իր մանդատի, ոչ ատյան է, ոչ էլ դատավոր: Համանախագահներն ուղղակի միջնորդներ են: Հենց ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն են բազմիս նշել, որ իրենց ձեւաչափը միջնորդական է եւ նրանք չեն կարող կողմերին հակամարտության կարգավորման լուծումներ պարտադրել:
Տեր-Պետրոսյանին նաև ծիծաղելի են թվում այն պնդումները, որ Ադրբեջանը նախապես պետք է ընդունի ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը եւ Արցախի անկախ կարգավիճակը, իսկ հետո նոր խոսքը գնա որոշ տարածքների զիջման մասին: Նա այս պնդումները ծիծաղելի է համարում, քանի որ Ադրբեջանը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահները դրան չեն գնա։
Հակամարտության կարգավորման վերաբերյալ Տեր-Պետրսյանի թեզերը ոչ միանշանակ են ընդունվել նաեւ փորձագիտական հանրության շրջանակներում: «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանը մասնավորապես հարցադրում է հնչեցնում. «Էդ դեպքում, արդյո՞ք հանցավոր մանկամտություն չի լինելու համաձայնել հակառակին, գնալ պայմանագրի ստորագրմանը ռացիոնալ Ալիեւի հետ, թեկուզ ժամանակավոր հրդեհը հանգցնելու համար։ Մանավանդ, որ հակամարտությունը ծագել է ոչ թե տարածքների, այլ ինքնորոշման իրավունքի համար։ Ադրբեջանի տարածքները հայտնվել են հայկական ուժերի վերահսկողության տակ որպես այդ հակամարտության հետեւանք, այլ ոչ թե պատճառ»։