Եվրահանձնակատար․ Թուրքիան ավելի է հեռանում Եվրամիությունից
Հարեւանության ու ընդլայնման քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Յոհաննես Հանը համարում է, որ Թուրքիան ավելի է հեռանում Եվրամիությունից։ Այս մասին նա հայտնել է Bild-ին տված հարցազրույցում։
«Եթե առաջնորդվենք ԵՄ-ին անդամակցելու խիստ չափանիշներով, Թուրքիան ավելի է հեռանում ԵՄ-ից։ Եթե Թուրքիան կարճ ժամանակում չփոխի իր քաղաքական կուրսը, ԵՄ-ին նրա անդամակցությունն անհնար կդառնա»,- ասել է նա։
Հանի խոսքով, ԵՄ-ն «բազմիցս նշել է Թուրքիայի նախագահ Էրդողանի ավտորիտար քաղաքականությունը, այդ թվում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի կապակցությամբ»։ «Դրանով Թուրքիան հեռանում է Եվրոպայից»,- հայտնել է եվրահանձնակատարը։
«Այդուհանդերձ ԵՄ-ին անդամակցելու մասին բանակցությունների դադարեցման կամ կասեցման որոշումը կայացնում են ԵՄ անդամները,- շարունակել է նա,- Դեկտեմբերին ԵՄ անդամ երկրները կողմ էին արտահայտվել բանակցությունները չդադարեցնելուն։ Բայց ցանկացած պահի կարող է տեղի ունենալ իրավիճակի վերանայում»։
Որպեսզի բանակցությունները աշխուժանան, թուրքական կողմը, ըստ դիվանագետի, «պետք է զգալի առաջընթացի հասնի իրավական պետականություն ապահովելու մասով ՝ նախ երաշխավորելով արդարադատության մարմինների անկախությունը»։ Անկարան նաեւ պետք է ապահովի «բոլոր կալանավորվածների ու աշխատանքից հեռացվածների գործերի արդար քննում, նաեւ հրաժարվի մահապատիժը վերականգնելու մտադրությունից»։