VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի այսօրվա ամենաուշագրավ հրապարակումները:
«Ժամանակ»-ի իշխանամերձ աղբյուրները հայտնում են՝ իշխանությանը հայտնի է դարձել, որ մինչեւ ապրիլի 2-ը ՕՐՕ դաշինքի ստվերային առաջնորդ Սամվել Բաբայանը «Սասնա ծռեր-2» գործողություն է ծրագրում։ Իշխանությանը ամենայն մանրամասնությամբ հայտնի է ամբողջ ծրագիրը, բայց որեւէ գործողության չեն դիմում, որեւէ մեկին չեն ձերբակալում, որպեսզի ընտրության ընթացքում ՕՐՕ-ի ռեյտինգը չավելացնեն։ Սակայն վիճակը գնալով այնքան է լարվում, որ չեն բացառվում ԱԱԾ-ի կողմից կտրուկ քայլեր եւ գործողություններ՝ ընդհուպ կալանավորումներ»:
«ժամանակ» թերթը գրում է. «Ազգային անվտանգության ծառայությունը ներքին օգտագործման համար հարցում է իրականցրել և պարզել, որ եթե ընտրություններն այսօր տեղի ունենան՝ ԱԺ կարող են անցնել ընդամենը երկու ուժ՝ ՀՀԿ-ն 48 տոկոսով և «Ծառուկյան» դաշինքը 46 տոկոսով։ Հարցման արդյունքները տագնապ է առաջացրել առավելապես «Հայկական վերածննդի» նախագահ Արթուր Բաղդասարյանի և ՀՅԴ-ի մոտ։ Այս երկու ուժերը մինչև այս պահը վստահ են եղել, որ իրենց տեղն ապահովված է նոր խորհրդարանում։ Իշխանությունը իսկապես տագնապած է, որովհետև, եթե այս պատկերը կտրուկ չփոխվի, ապա ընտրություններից շատ չանցած կարող է արտախորհրդարանական հանրային գործողությունների մեծ ալիք ի հայտ գալ, որը կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ։
«Փաստ» օրաթերթը գրում է. «ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը, ում քաղաքական կոնյունկտուրայի շրջանակում իշխանությունը ներեց օֆշորային սկանդալը, այժմ էլ սիրիահայերի շնորհակալություններով է «զարդարում» քարոզարշավը: Զոհված զինվորների ծնողները չեն մասնակցում նրա քարոզարշավին, փոխարենը «Քեթրին գրուպի» քարոզչական տեսանյութից տեղեկանում ենք, որ բակային յուրաքանչյուր հանդիպման ժամանակ անպայման գտնվում է մեկը, ով գովերգում է Միհրան Պողոսյանին՝ հավաքվածներին ներկայացնելով նրա մեծ արժանիքները: Իսկ բակային վերջին հանդիպումներից մեկի ժամանակ Միհրան Պողոսյանին շնորհակալություն էր հայտնում «Սիրիայի գործարարների միության» նախկին փոխնախագահը՝ շեշտելով, որ Միհրան Պողոսյանը սիրիահայերի համար շատ մեծ բան է արել. «Իրականում շատ բարերար մարդ ա, ուզում ա օգնել բոլորին»: «Համենայն դեպս ապրել եմ էնպես, ինչպես գտել եմ ճիշտ»,– ներկաներին ասաց միլիոնատեր, ԴԱՀԿ նախկին պետը:
«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով՝ հայտնի գործարար Բարսեղ Բեգլարյանին՝ Ֆլեշի Բարսեղին, թալանել են հենց իր ընկերության աշխատակիցները: Մասնավորապես «Ֆլեշ Մոտորս» ՍՊԸ կոմերցիոն բաժնի մենեջերներից Կոնստանտին Կոստանյանը 2014-2015թթ. ընթացքում ընկերությունից հափշտակել է 65.6 մլն դրամ կամ մոտ 135 հազար դոլար արժողությամբ տարբեր տեսակի ավտոպահեստամասեր: Ավելին՝ այս ընկերության կոմերցիոն բաժնի մեծածախ վաճառքի մենեջերներից Միշա Վարդանյանն էլ 2014-2015թթ. ընթացքում հափշտակել է 46.8 միլիոն դրամի կամ մոտ 96 հազար դոլարի գույք եւ գումար: Կատարվածի վերաբերյալ հարուցվել են քրեական գործեր. ե՛ւ Կոստանյանը, ե՛ւ Վարդանյանը ձերբակալված են: Ինչպես տեղեկացավ «Ժողովուրդ» օրաթերթը, այս քրեական գործերով ավարտվել է նախաքննությունը, ու գործերն ուղարկվել են դատարան»:
«Ժողովուրդը» գրում է. «Սերժ Սարգսյանն իր թիմին հրահանգել է ամեն գնով խորհրդարան անցկացնել «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքին՝ ապահովելով անգամ երրորդ տեղը: Բայց քանի որ բոլոր հարցումները ցույց են տալիս, որ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը անգամ 5 տոկոս արգելքը չի հաղթահարի, դաշինքին հովանավոր տրամադրելուց բացի՝ ի դեմս գործարար Խաչատուր Սուքիասյանի, իշխանությունն իր հովանավորյալներին հրահանգել է նաեւ տեղերում աշխատել` ՀԱԿ-ՀԺԿ դաշինքին ձայներ նվիրելու համար: Թերեւս սրանով է պայմանավորված, որ ՀԱԿ-ում այնքան հանգիստ են, նույնիսկ քարոզարշավ, որպես այդպիսին, չեն իրականացնում: Եւ այս համատեքստում պատահական չէ, որ 1998 թվականից հետո առաջին անգամ Տեր-Պետրոսյանը հյուրընկալվեց Հանրային հեռուստաընկերություն եւ հատուկ գովազդի շրջանակներում եթերից ներկայացրեց իրենց դաշինքի ծրագրի ամենաառանցքային թեզը` խաղաղության բանաձեւը, որն անընդունելի է գրեթե բոլոր քաղաքական ուժերի համար»:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանի կինը՝ Զարինե Դանիելյանը, պարզվում է, դոլարային միլիոնատեր է: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովից armtimes.com-ը տեղեկանում է, որ Զարինե Դանիելյանը նախորդ տարի 789 միլիոն դրամով գնել է անշարժ գույք: Հանձնաժողովի կայքում այդ գույքը ներկայացված է հետեւյալ կերպ՝ ՀՀ օրենսդրության համաձայն նոր կառուցված, ձեռք բերված և անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնի կողմից հաշվառված ու գնահատված այն շինությունները, որոնք դեռևս չեն ստացել իրավունքների պետական գրանցում, ինչպես նաև սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամասի վրա ինքնակամ կառուցված շենքերը և շինությունները, այդ թվում՝ բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից ինքնակամ կառույցները:
Երեւանի քաղաքապետարանի՝ հասցեներ տրամադրելու մասին որոշման հավելվածից էլ տեղեկանում ենք, որ 2016 թվականին քաղաքապետարանը Ազատության պողոտայում գտնվող եւ Զարինե Դանիելյանին պատկանող հողամասից առանձնացված հատվածին հասցե է տրամադրել: Իսկ նշված հասցեի հարեւանությամբ գտնվում է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի շքեղ առանձնատունը: Նույն ժամանակահատվածում Զարինե Դանիելյանը 175 հազար ԱՄՆ դոլարով էլ ձեռք է բերել Mercedes-Benz G 63 AMG տեսակի ավտոմեքենա: 2016 թվականին նա 1.7 միլիոն դոլարի փոխառություն է տվել, որը մինչեւ հարկային տարվա ավարտը նույնությամբ պահպանվել է: Նախորդ տարվա սկզբին Զարինե Դանիելյանի դրամական միջոցները հետեւյալ տեսքն են ունեցել՝ 842 միլիոն դրամ եւ 2.1 միլիոն ԱՄՆ դոլար, որոնք հարկային տարվա ավարտին դարձել են 41 միլիոն դրամ եւ 139 հազար դոլար: Նա եկամուտ է ստացել ընդամենը 1700 ԱՄՆ դոլարի չափով, որը գոյացել է փոխառության դիմաց ստացած տոկոսներից»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր քարոզչական այցով կլինի Արարատի մարզում: ՀՀԿ-ն ու կառավարական թիմը «հատուկ» են պատրաստվում այդ այցին, որպեսզի «կոնկուրենտ ֆիրմային» ցույց տան իրենց հզորությունը: Ոչ ստանդարտ քարոզարշավ վարող Կարեն Կարապետյանն առավել ինքնատիպ է գտնվելու: Այցն սկսվելու է վաղ առավոտյան` «Մասիս տաբակից», կանգնելու են Վեդիում, Ավշարի գինու կոմբինատում` Գրիգորյանների մոտ։ Ժողովրդի հետ մեծ հանդիպումը կկայանա Արարատի մշակույթի տանը: Կավարտեն «Սպայկայի» ջերմոցներում: Իսկ հնարավո՞ր է Հովիկ Աբրահամյանը մասնակցի այդ հանդիպումներին, նա սիրում է անակնկալներ մատուցել՝ սադրեցինք ՀՀԿ-ական մեր զրուցակցին։ «Չեմ կարծում, սակայն նաեւ որեւէ արտառոց բան չեմ տեսնում»: 2 օր հետո էլ Արարատում կլինի ԲՀԿ-ն` Ծառուկյանի գլխավորությամբ։ Մարտի 26-ին էլ ՀՀԿ-ն կեզրափակի մարզային այցերը Գյումրի այցով»: