24.11.2024
ԵՄ դեսպանը ՀՀ իշխանություններին նախընտրական զգուշացում է արել
prev Նախորդ նորություն

Աթեշյանի թիկունքում դարձյալ Թուրքիայի իշխանություններն են, Ստամբուլի հայերը վրդովված են

Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության գործընթացը շարունակում է մնալ փակուղում ու չլուծված: Թեև երկու օր առաջ պատրիարքարանում տեղի ունեցած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ պատրիարքի տեղապահ էր ընտրվել Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը, սակայն ընտրությունների արդյունքների ամփոփումից կարճ ժամանակ անց պարտված թեկնածուն` Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը ներկաներին է ներկայացրել Ստամբուլի նահանգապետարանից ստացված պաշտոնական գրություն, որի համաձայն նոր պատրիարքի ընտրության գործընթացը իրավական տեսանկյունից հնարավոր չէ սկսել:


«Ակօս»-ն այս առնչությամբ գրում է. «Փաստորեն, թուրքական պատկան մարմինները, հայտնելով, թե չեն ընդունում նոր պատրիարքի ընտրության գործընթացում առաջին քայլը համարվող տեղապահի ընտրությունը, փորձում են միջամտել հայ համայնքի ներքին գործերին: Պատրարքի ընտրությունները նախապատրաստելու համար ձևավորվելիք նախաձեռնող խմբի անդամ, փաստաբան Սեպու Ասլանգիլը «Ակօս»-ին տված հարցազրույցում հայտնել է, թե նահանգապետարանը իրավասու չէ միջամտել ընտրական գործընթացին. «Այդ գրությունը ամբողջությամբ անօրինական է: Պատրիարքական ընտրություններ սկսելու իրավասությունը միայն հայկական համայնքին է պատկանում», - ասել է Ասլանգիլը:


Թուրքական խորհրդարանի հայազգի պատգամավորները ևս արձագանքել են երեկ տեղի ունեցած սկանդալային զարգացումներին: Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Գարո Փայլանն ու Ժողովրդա-հանրապետական կուսակցության պատգամավոր Սելինա Դողանը «Ակօս»-ին փոխանցել են իրենց վրդովմունքը` հայտնելով, որ պատրիարքի ընտրության գործընթացին պետական միջամտությունը անընդունելի և անօրինական է: Մասնավորապես, Կարո Փայլանը հայտարարել է, թե Արամ Սրբազանը փոխպատրիարքի պաշտոնում Թուրքիայի հանրապետության հարկադիր կատարողի գործառույթներ է իրականցնում պատրիարքարանում։ «Նրա արած քայլը հեղաշրջում էր։ Մենք այն չենք ընդունում։ Տեղապահ է ընտրվել ու մի կողմը պարտվել է։ Բոլորս պետք է շնորհավորենք հաղթած թեկնածուին ու արագացնենք պատրիարքի ընտրությունների աշխատանքները»,- նշել է նա:


Ստեղծված խառնաշփոթը բողոքի ալիք ու բազմաթիվ հարցեր է բարձրացել հայ համայնքում: Ստամբուլահայերը տարակուսած են․ եթե պետությունը չէր ընդունելու տեղապահի ընտրությունը, ապա ինչո՞ւ ավելի շուտ չի հայտնել իր դիրքորոշման մասին:


Ուշագրավ ևս մի հանգամանք. տեղապահի ընտրության նպատակով պատրիարքարանում հրավիրված ժողովը մեկնարկել է ժամը 15-ին, իսկ նշյալ գրությունը, «Ակօս»-ի հաղորդմամբ, նահանգապետարանից ստացվել է 13:47-ին, այսինքն քվեարկությունից առաջ: Սակայն Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը գրությունը հրապարակել է միայն այն ժամանակ, երբ պարզ է դարձել, որ ինքը պարտվել է:


Նորընտիր տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը, մեկնաբանելով ստեղծված իրավիճակը, հայտնել է, որ մոտ օրերս Արամ Աթեշյանը, հոգևոր խորհրդի նախագահ Սահակ Մաշալյանը և այլ հոգևորականներ այցելելու են Ստամբուլի նահանգապետարան՝ պարզաբանելու այս խնդիրը, ինչից հետո միայն հնարավոր կլինի խոսել հետագա քայլերի մասին:


Արքեպիսկոպոս Բեքչյանն ու եպիսկոպոս Սահակ Մաշալյանը համոզված են, որ ստեղծված ճգնաժամային իրավիճակից միակ ելքը Արամ Աթեշյանի հրաժարականն է: Միայն այդ պարագայում ընտրված տեղապահը կարող է ստանձնել իր լիազորությունները և սկսել նոր պատրիարքի ընտրության նախապատրաստման գործընթացը:


Հիշեցնենք, Պոլսի Հայ առաքելական եկեղեցու պատրիարքարանի Ընդհանուր փոխանորդ Տեր Արամ Արքեպիսկոպոս Աթեշյանը լայն ճանաչում ձեռք բերեց Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձևից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին գրված նամակով: Նամակում Աթեշյանը մասնավորապես գրել էր. «Ձերդ գերազանցություն, հայ ազգը օգտագործվում է իմպերիալիստական ուժերի կողմից: Բանաձեւի ընդունումը հայ ազգի մոտ խորը վիշտ է առաջացրել»:


Այդ ամենի ֆոնին Ստամբուլի հայ համայնքը պահանջեց Աթեշյանի հրաժարականը, նրանք նաև բաց նամակով հանդես եկան` հասցեագրված Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին` խնդրելով միջամտել Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանի գործունեությանն ու ապահովել նրա հրաժարականը: Սակայն Աթեշյանը շարունակում է պայքարը Պոլսո Հայոց պատրիարքի պաշտոնի համար: