26.11.2024
Փորձագետ. Լուրջ նախագծերի խորացման համար անհրաժեշտ է ավելացնել ՀԱՊԿ–ի բյուջեն
prev Նախորդ նորություն

Պուտին. Սահմանադրական բարեփոխումները ՀՀ-ում, ըստ ամենայնի, բարդ գործընթաց է

Պաշտոնական այցով ՌԴ-ում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Կրեմլի լրատվության բանից տեղեկանում ենք, որ հանդիպմանը քննարկվել են երկկողմ համագործակցությանը վերաբերող, ինչպես նաև եվրասիական տարածքում ինտեգրացիոն համագործակցության զարգացման հեռանկարներին նվիրված հարցեր:


Ռազմավարական գործընկեր երկու պետությունների ղեկավարները քննարկել են հայ-ռուսական երկկողմ և բազմակողմ ձևաչափով հարաբերությունների օրակարգին և համագործակցությանը վերաբերող հարցեր, անդրադարձել տարբեր ոլորտներում բարձր մակարդակով ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին, հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:


Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը քննարկել են ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացը, մտքեր փոխանակել միջազգային և տարածաշրջանային արդի խնդիրների ու մարտահրավերների շուրջ: Միեւնույն ժամանակ Պուտինը հիշեցրել է, որ ապրիլի 3-ին լրանում է ՀՀ և ՌԴ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: Այս առումով նա ընդգծել է, որ անցած տարիների ընթացքում Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները ստացել են «բառի լիարժեք իմաստով դաշնակցային բնույթ»:  


«Միջազգային կազմակերպություններում, այդ թվում նաև այն, որոնք ստեղծվել են հետխորհրդային տարածքում և ունիվերսալ միջազգային կազմակերպություններում, մենք ակտիվ համագործակցում ենք գրեթե բոլոր ուղղություններով»,- ասել է Ռուսաստանի նախագահը:


Անցած տարիների ընթացքում շատ իրադարձություններ են տեղի ունեցել երկու երկրների միջև, որոնք, Պուտինի գնահատմամբ, մշտապես կառուցվել են հին դարերից եկող հիմքերի վրա: Այդպես, նրա խոսքով, շարունակվում է նաև զարգացման ներկայիս փուլում: 


«Մենք գիտենք, որ մեր հանդիպումն անցկացվում է Հայաստանում սպասվող խոշոր քաղաքական միջոցառման ՝ ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, ինչը կապակցված է նաև սահմանադրական բարեփոխումների հետ: Ըստ ամենայնի՝  հեշտ գործընթաց չէ, բայց վստահ եմ, որ Հայաստանը՝ Ձեր ղեկավարմամբ, կանցնի զարգացման իր այս փուլը»,- նշել է Պուտինը:


Իր հերթին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը համաձայնել է, որ երկկողմ հարաբերությունները ՌԴ և Հայաստանի միջև անընդհատ զարգանում են, օրակարգ են գալիս նոր հարցեր, և բարձր մակարդակի պարբերական հանդիպումները հնարավորություն են ընձեռում ամփոփել կոնկրետ ժամանակահատվածում կատարված աշխատանքի արդյունքները: Ինչպես նաև նախանշել «համագործակցության առաջնահերթ ուղղությունները առաջիկա ապագայի ու հեռանկարի համար»: