ՀՀ տնտեսության ներկայիս վիճակը ոչ հուսադրող է, իսկ առկա միտումները՝ մտահոգիչ։ Այդ մասին են վկայում մի շարք կարևոր մակրոտնտեսական ցուցանիշներ։ Եթե այդ ամենին ավելացնենք նաև արտաքին ոչ բարենպաստ միջավայրը և դրա էլ ավելի վատթարացման հեռանկարը, ապա պատկերը կդառնա ավելի ամբողջական։ Այս մասին VERELQ-ի հետ հարցազրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:
- Պարոն Բոստանջյան, ինչպե՞ս կգնահատեք ՀՀ տնտեսության ներկայիս վիճակը, ունե՞նք անհնագստանալու պահեր: Օրինակ, օրերս հայտարարվեց, որ ՀՀ-ում արդյունաբերությունը 2025-ի առաջին ամիսների ընթացքում կրճատվել է 19,4%-ով:
- ՀՀ տնտեսության ներկայիս վիճակը կբնութագրեի ոչ հուսադրող, իսկ առկա միտումները՝ մտահոգիչ։ Այդ մասին են վկայում ոչ միայն Ձեր մատնանշած, այլև մի շարք այլ կարևոր մակրոտնտեսական ցուցանիշներ։ Եթե այդ ամենին ավելացնենք նաև արտաքին ոչ բարենպաստ միջավայրը և դրա էլ ավելի վատթարացման հեռանկարը, ապա պատկերը կդառնա ավելի ամբողջական ։
Հանրապետության պետական կառավարման այնպիսի ոլորտներ ինչպիսիք են ՝ ազգային անվտանգությունը , երկրի պաշտպանությունը , արտաքին քաղաքականությունը, տնտեսությունը և սոցիալական ապահովվածությունը գտնվում են չափազանց անմխիթար վիճակում։ Հայաստանում որպես ցցուն "զարգացում" պետք է համարել այն , որ շարունակաբար մեծանում է պետական պարտքը և հանրապետություն է մուտք գործում դրամական միջոցների լուրջ զանգված, ինչն ըստ էության դարձել է այսպես կոչված կեղծ տնտեսական աճի հիմնական գործոն։ Հետաքրքիրն այն է , որ այսպիսի իրավիճակը իշխանությունները որակում են որպես աննախադեպ իրադարձություն։
Հայաստանի համար կարևորագույն՝ արդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտներում, այն է՝ բարիք ստեղծող տեղամասերում որևէ առաջընթաց չկա, եթե չխոսենք դրանցում առկա հետընթացի մասին: Ունենք մեծ գնաճ, թանկ փողեր, առնվազն խոցելի իրավիճակ: Հսկայական չափերի հասնող գնաճը տարբեր գնահատականներով կարող է շարունակել էլ ավելի մեծանալ:
Շուկայական հարաբերությունների ձևավորման անցած ժամանակահատվածը Հայաստանում ուղեկցվեց եկամուտների ոչ արդյունավետ բաշխվածությամբ։ Իշխանափոխությամբ եկամուտների բևեռացվածության աստիճանն ավելի մեծացավ, ինչն, ընդհանուր առմամբ, դարձավ սոցիալական խնդիրների լուծմանը և տնտեսական առաջընթացի ապահովմանը հակազդող գործոն։
Տնտեսության ծանր վիճակի մասին է խոսում նաև հանրապետության պետական պարտքը։ Բյուջեից պետական պարտքի սպասարկումն առանց նոր պարտքի ներգրավման նշանակում է կենսական, առաջնահերթ ու կարևոր բազմաթիվ ծախսերի բացառում կամ լավագույն դեպքում դրանց խիստ կրճատում: Փաստորեն նոր պարտքերը հետապնդում են նախկին պարտքերը մարելու նպատակ: Սակայն հայտնի է, որ արդյունավետ պետական կառավարման համակարգերում պարտքը ուղղվում է տնտեսության կառուցվածքի արդիականացմանը, գործունեության ժամանակակից ուղղությունների ստեղծմանը, նոր տեխնոլոգիաների զարգացմանը, այլ ոչ թե բազմամիլիոնանոց սպասարկող մեքենաների ձեռքբերմանը, անիմաստ գործողումների կազմակերպմանը, եկամուտների բաշխվածության բևեռացվածության աստիճանի խորացմանը, պարգևավճարների տրամադրմանը, առանձնասենյակների թանկարժեք կահավորմանը, ինչպես նաև պետության հաշվին այլ ճոխությունների իրականացմանը։
Այս ֆոնի վրա շատ ցցուն է աղքատության ցուցանիշը, որը մեր երկրում շարունակում է խորանալ։Ակնհայտ է, որ նվազագույն աշխատավարձի շեմի և կենսաթոշակների չնչին բարձրացումը գնաճի ներկա պայմաններում ոչ միայն ունի զրոյական նշանակություն, այլև ավելի է վաթթարացնում սոցիալական խոցելի խավի վիճակը։
Հանրապետությունում հարաբերական ֆինանսական կայունություն ապահովելու և գնային ճնշումները մեղմելու նպատակով Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը շարունակաբար ենթարկում է փոփոշությունների։ Այդուհանդերձ հանրապետությունում դեռևս շրջանառվում է թանկ փող, ինչն ունի էական բացասական ազդեցություն տնտեսության վրա։ Ակնհայտ է որ Կենտրոնական բանկը ստիպված է դիմում նման քայլերի, քանի որ գների և ֆինանսական շուկայում կայունության ապահովման խնդիրները օրենքով դրված են նրա վրա։ Միևնույն ժամանակ Կենտրոնական բանկն իր տրամադրության տակ ունեցած գործիքակազմով ի զորու չէ իրականացնել անհնարինը։ Որքան էլ որ Կենտրոնական բանկն իր հիմնական գործունեությունն ուղղի օրենքով սահմանված նպատակների կատարմանը, ակնհայտ է, որ այդ գործում չափազանց մեծ պետք է լինի կառավարության դերը։ Սակայն վերջինս, կարծես թե, չի իմանում այդ մասին, ավելին արհեստավարժության և նրա կողմից համակարգված ու արդյունավետ տնտեսական քաղաքականության բացակայության պայմաններում հանրապետության դրամային իշխանությունները, մեր համոզմամբ, անում են առավելագույնը։ Մինչև օրս Կենտրոնական բանկին դժվարությամբ հաջողվել է իր քաղաքականությամբ և գործիքակազմով զսպել գնաճային ռիսկերը հանրապետությունում և ապահովել հարաբերական ֆինանսական կայունություն։
Միաժամանակ, անհրաժեշտ է գիտակցել, որ Կենտրոնական բանկը իր գործողություններում օժտված չէ տնտեսության կառավարման լծակներով և ստիպված է հաշվի առնել նրանում տեղի ունեցող այն զարգացումները, որոնք իրենց ազդեցությունն են ունենում ֆինանսական համակարգի և գնաճի մակարդակի վրա։ Հետևաբար, խնդրի ամբողջական և համապարփակ լուծումը կարող է ապահովվել, երբ առկա է դրամավարկային քաղաքականության հետ կոորդինացված արդյունավետ ընդհանուր տնտեսական քաղաքականություն։
Յուրաքանչյուր երկրում քաղաքացիների ճնշող մեծամասնությունն երբևիցե հակված չէ արժևորել, առավել ևս մասնագիտական առումով գնահատել նշված ոլորտներում առկա հաջողությունները կամ անհաջողությունները։ Այդպիսի զանգվածի հիմնական ուշադրությունն առաջին հերթին բևեռված է լինում սոցիալական այն խնդիների վրա, որոնք ծառացած են նրանց արջև։ Նման խնդիրների շարքում գլխավորապես առանձնանում են եկամուտների, աղքատության, գնաճի, պետական պարտքի և շրջանառվող արտարժույթի փոխանակման կուրսի հետ կապված հարցերը։
Հայաստանում հանգամանքների բերումով այս պահին միայն ծառայությունների և առևտրի ոլորտում կա որոշակի աշխուժություն, այսինքն՝ դրսի կամ ներսի ֆինանսական որոշակի միջոցների տեղաշարժի արագությամբ պայմանավորված ստացվում է քվազի՝ կեղծ աշխուժություն: Մինչդեռ սրանք այն ոլորտներն են, որտեղ նյութական նոր բարիքներ, հավելյալ արժեք չի ստեղծվում: Ամբողջ աշխարհում տնտեսագիտության մեջ գոյություն ունի կարևորագույն մի ցուցանիշ, այն է՝ համախառն ներքին արդյունք: Հայաստանում այն նետված է մի կողմ, իսկ դրա փոխարեն խոսվում է տնտեսության ակտիվության ցուցանիշի մասին: Սա կեղծ ցուցանիշ է, որը երբևիցե ցույց չի տալիս տվյալ երկրի կառավարման արդյունավետությունը, առավել ևս հասարակության բարեկեցությունը։
- Տարածաշրջանում և աշխարհում զարգացումները ի՞նչպես կարող են ազդել մեր տնըտեսության վրա, ինչպիսի՞ կանխատեսումներ ունեք: Մասնաորապես, եթե Իրանի շուրջ զարգացումները սաստկանան կամ ԱՄՆ նախագահի կողմից մաքսատուրքային պատերազմը ինչպե՞ս կարող է ազդել ՀՀ տնտեսության վրա:
- Ընդհանրապես, աշխարհաքաղաքական իրավիճակի ցանկացած վատթարացում բացասական ազդեցություն է ունենում տարածաշրջանային բոլոր երկրների տնտեսությունների վրա։ ՀՀ տնտեսության դեպքում դա առավել ցավոտ կլինի, հաշվի առնելով երկրի արտաքին կախվածությունը, հաղորդակցության ուղիների սահմանփակությունը և մի շարք այլ գործոններ։ Հանրապետությունում պատկերն ավելի տխուր կլինի, եթե հաշվի առնենք իշխանությունների ոչ կոմպետենտությունը և կառավարման տարրական կանոններին ոտնահարումը։
-Մաքսատուրքերը կարո՞ղ են բերել դոլարի թուլացմանը կամ հակառակը՝ ուժեղացմանը: Ինչպիսի՞նն են հայկական դրամի դիրքերը:
- Մաքսատուրքերի գաձումը ԱՄՆ համար, անշուշտ, կապահովի լրացուցիչ ֆինանսական մուտքեր, կմեծացնի կառավարության ֆինանսական հնարավորությունները, այդպիսով նաև տարբեր, կարևոր ծրագրերի իրականացումը։ Ինչ վերաբերում է դոլարի թուլացմանը կամ ուժեղացմանը, ապա դա պայմանավորված է տարբեր գործոնների ազդեցությամբ, և վարվող դրամավարկային քաղաքականությամբ։ Այստեղ պետք է հաշվի առնել նաև նոր, բավականաչափ հզոր տնտեսական միությունների ստեղծման հանգամանքը։
- ԵՄ-ին անդամակցության նախագծին կանաչ լույս տալը լուրջ քննադատվեց ՌԴ կողմից, որտեղից հայտարարեցին՝ ԵԱՏՄ-ն ու ԵՄ համատեղելի չեն: Միևնույն ժամանակ ՀՀ իշխանությունները մշտապես հայտարարում են, որ ԵԱՏՄ շնորհիվ ՀՀ տնտեսությունը զարգանում է: Ի՞նչ անել, որ ՀՀ շահերը չտուժեն քաղաքականության հետևանքով:
- Քաղաքականության և տնտեսության միջև գոյություն ունեցող կապը վաղուց է բացահայտված և լրացուցիչ ապացույցների կարիք չունի։ Ակնհայտ է, որ ԵԱՏՄ-ն ՀՀ-ի համար ապահովում է տնտեսական լայն հնարավորություններ, ինչը, գոնե այս փուլում, չի կարող անել ԵՄ-ն։ Ընդ որում, կարող եմ պնդել, որ ՀՀ-ի անդամակցության հավանականությունը ԵՄ-ին տեսանելի ապագայում մոտ է զրոյի։ Այս փաստարկների համադրման պարագայում, կարծում եմ, ակնհայտ է դառնում, թե որն է ՀՀ տնտեսության համար շահեկանը և ինչ պետք է հաշվի առնել այդ ուղղությամբ որոշումներ կայացնելիս։
Լիա Խոջոյան