Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարել է, որ 2018-ից հետո Հայաստանի պետական բյուջեի եկամուտները աճել են մաքուր 4,2 միլիարդ դոլարով: Ընդգծեմ, խոսքը ամեն տարի այդքան աճի մասին չէ, այլ 2018-ից ի վեր առ այսօր:
Համեմատության համար՝ 2018 թվականից ի վեր Հայաստանի պետական պարտքը աճել է ավելի շատ՝ մոտավորապես 6-7 միլիարդ դոլար: Եթե օրինակ պարտքի աճի պարագայում կարող են հղում անել կորոնավիրուսին կամ պատերազմին, ապա նույն կերպ էլ բյուջեի եկամուտների աճի առումով պատճառը բոլորովին էլ հմուտ տնտեսական քաղաքականությունը չէ, այլ արտաքին տարբեր գործոններ:
Մասնավորապես, մինչեւ 2018 թվականը, 2016-ից հետո Կարեն Կարապետյանի կառավարությունը արդեն իսկ կատարեց որոշակի քայլեր, որոնց էֆեկտը զգացվեց 2018-ից հետո: Դրանից բացի, հիշում ենք ավտոմեքենաների բումը, երբ ԵՏՄ մաքսատուրքերի ժամկետին մոտ՝ Հայաստանն ուղղակի ողողվեց ներկրվող ավտոմեքենաներով, ինչը տնտեսական վիճակագրության հսկայական աճի պատճառ էր: Ներկրողները մեծ քանակի ավտոմեքենաներ էին գնում, որովհետեւ 2020 թվականից ուժի մեջ էին մտնում ԵՏՄ ավելի բարձր մաքսատուրքերը, որոնց առումով Հայաստանին արտոնություն էր տրվել 2015-20 թվականների ժամկետի համար:
Հաջորդ բումը արձանագրվեց արդեն 2022 թվականի ռուս-ուկրաինական պատերազմից հետո, ՌԴ հանդեպ պատժամիջոցների շնորհիվ: Դա Հայաստանի տնտեսության համար դարձավ ըստ էության վիճակագրության «բազմապատկման աղյուսակ»: Ռելոկանտների գործոնը, բանկային այսպես ասած վերափոխանցումների կամ օպերացիաների գործոնը, ինչպես նաեւ առ այսօր շարունակվող վերաարտահանումների գործոնը հանգեցրին ահռելի տնտեսական վիճակագրական էֆեկտի:
Ավելին, մեղմ ասած շատ մեծ հարց է, թե արդյո՞ք Հայաստանը չէր կարող առավել մեծ արդյունք ստանալ այդ նպաստավոր կոնյուկտուրայից, բյուջեն արդյո՞ք չէր կարող ավելի մեծ եկամուտ ունենալ, եթե վարվեր ավելի արդյունավետ տնտեսական քաղաքականություն:
Ըստ այդմ, 4,2 միլիարդ թիվը, որ ներկայացնում է վարչապետ Փաշինյանը, իրականում ոչ թե հեղափոխության տնտեսական էֆեկտի, այլ հակառակը՝ տնտեսական դեֆեկտի մասին է:
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյան