VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակը» գրում է․ Այսօր արցախցիների կոնսուլտացիաների վերջնաժամկետն է: Հիշեցնենք, որ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ հանդիպումից հետո, երբ պարզեցին, որ ՀՀ կառավարությունը չի պատրաստվում արցախցիների պահանջները կատարել, արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հայտարարեց, որ ՀՀ քաղաքական-հասարակական շրջանակների հետ կոնսուլտացիաներ են սկսում, որից հետո կհրապարակեն իրենց անելիքների ճանապարհային քարտեզ։ Տեղեկություններ կան, որ խորհուրդն այսօր կհայտարարի մեծ հանրահավաքի մասին:
Ըստ նախնական քննարկումների, այն նախատեսում են կազմակերպել ապրիլի 23-ին` Ցեղասպանության ոգեկոչման նախորդ օրը: Բացի այն, որ յոթ տարի առաջ հենց այդ օրն է հրաժարական տվել Սերժ Սարգսյանը` ճանապարհ բացելով Նիկոլ Փաշինյանի` իշխանության գալու համար, եւ դա կարելի է համարել հետագա կորուստների ու ավերածությունների մեկնարկի խորհրդանշական օր։ Այդ օրը նաեւ ավանդական ջահերով երթն է՝ ՀՅԴ երիտասարդների ամենամյա նախաձեռնությամբ։ Հետեւաբար, կազմակերպիչները կարծում են, որ դա այն օրն է, երբ կարելի է հզոր ալիք բարձրացնել։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՔՊ-ն փորձելու է խոչընդոտել Վարդան Ղուկասյանի աշխատանքը որպես Գյումրու քաղաքապետ՝ տապալելով նրա որոշումները։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ չնայած որ արդեն որոշված է, որ ապրիլի 16-ին ավագանու ընդդիմադիր անդամները Գյումրու քաղաքապետ կընտրեն Վարդան Ղուկասյանին, բայց, կարծես թե, ՔՊ-ն էլ իր սեփական պլաններն ունի: Ըստ մեր տեղեկությունների՝ ՔՊ-ականները, որոնք 14 մանդատ են ստացել Գյումրու համայնքապետի ընտրություններից հետո, փորձելու են ամեն բան անել, որպեսզի տապալեն Վարդան Ղուկասյանի պաշտոնավարումը որպես քաղաքապետ: Ամեն ինչ արվելու է, որպեսզի ավագանին որեւէ որոշման համար քվորում չունենա, քաղաքի կառավարումը փաստացի տապալվի: 2-րդ սցենարի համաձայն՝ Վարդան Ղուկասյանը չի կարողանա ձայներ հավաքել եւ 2-րդ փուլով ընտրություններ կնշանակվեն: Բայց ՔՊ-ի այս պլանը դժվար թե իրագործվի:
Նրանք պարզապես կվիժեցնեն Վարդան Ղուկասյանի նախաձեռնությունները, կհրահրեն նրան, որ մարդ ծեծի, կամ որդին դա անի, որպեսզի հանրությանն ասեն, թե տեսեք՝ նախկինների վերադարձը ինչ վատ է: Այսինքն, իշխանությունները պլանավորել են ամեն կերպ տապալել Վարդան Ղուկասյանի աշխատանքները Գյումրիում. գաղտնիք չէ, որ ցանկացած որոշում, կայացնում է ոչ թե միանձնյա քաղաքապետը՝ այս դեպքում Վարդան Ղուկասյանը, այլ իրականացվելու է ավագանու մեծամասնության միջոցով: Իսկ ՔՊ-ի հույսն այն է, որ ինչքան էլ ընդդիմադիր չորս քաղաքական ուժեր միավորվել են, որպեսզի քաղաքապետ ընտրեն Վարդան Ղուկասյանին, նրանք բոլոր հարցերում միակարծիք չեն լինի: Հիշեցնենք, որ վաղը՝ ապրիլի 16-ին, տեղի կունենա Գյումրու ավագանու առաջին նիստը, որը կվարի Վարդան Ղուկասյանը, որի ժամանակ էլ չորս ուժերը քաղաքապետ կընտրեն՝ Ռուբեն Մխիթարյանի, Մարտուն Գրիգորյանի եւ Կարեն Սիմոնյանի թիմակիցները»։
«Հրապարակը» գրում է․ Փաշինյանը Սյունիք այցի ընթացքում ջերմ ընդունելության է արժանացել երբեմնի ընդդիմադիր համայնքապետերի կողմից։ Թե՛ Կապանի ղեկավար Գեւորգ Փարսյանը, թե՛ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը, թե՛ Քաջարանի՝ Մանվել Փարամազյանը, սկզբից մինչեւ վերջ ուղեկցել են վարչապետին, իսկ ուրբաթ երեկոյան Կապանի «Քարավան» ռեստորանում մասնակցել ճաշկերույթի, որին ներկա են եղել նաեւ մարզպետը, տեղակալները, սյունեցի ՔՊ-ական պատգամավորները, համայնքապետերը։ Ռեստորանում մնացել են մինչեւ ուշ գիշեր, ապա վարչապետին ճանապարհել են Մեղրի, որտեղ նա կնոջ հետ գիշերել է «Ցենտրալ» հյուրանոցում։
Հիշենք․ նախորդ այցի ժամանակ Փարսյանը հատուկ չէր մնացել քաղաքում, որ չշփվեր Փաշինյանի հետ, իսկ այս անգամ հետեւել է Առուշանյանի եւ Փարամազյանի օրինակին, որ խնդիրներ չունենա։ Հիշեցնենք․ նրա ընտանիքի հետ կապված վարույթներ կային, եւ հետապնդումներով իշխանությունը հասել է իր նպատակին` եւս մի անհնազանդ քաղաքապետի է հնազանդեցրել:
«Հրապարակը» գրում է․ Մարտի 17-ից Սրբազան շարժումը սկսել է ստորագրահավաք` «Չեմ վստահում Նիկոլ Փաշինյանին»: Սկզբում նախաձեռնողները եւ Սրբազանը չէին բացառում, որ սա կարող է հերթական օրենսդրական նախագծի մեկնարկը դառնալ եւ իշխանափոխության տանել: Հիմա ասում են, որ կրում է սիմվոլիկ բնույթ՝ աշխարհին ցույց տալու, որ հայ ժողովուրդը չի վստահում Փաշինյանի իշխանությանը: «Վերջին շրջանի մեր բոլոր հանդիպումները ցույց են տալիս, որ ապատիայի մեջ գտնվող ժողովուրդ չկա, կան մարդիկ, որ հուսախաբված են, ելքեր չեն գտնում, կան մարդիկ, որոնց ակնկալիքները շատ մեծ էին, բայց տեղի չեն ունեցել, եւ կան մարդիկ, որ համառ պայքարի մեջ են»,- ասել էր Սրբազանը: Շարժման խոսնակն էլ երկրորդում է Սրբազանին. «Այո, ակցիան սիմվոլիկ բնույթի, ժողովրդական անհնազանդության գործողություն է: Մենք չենք սկսել իրավական պրոցես, սա անվստահություն հայտնելու համար չէ: Երիտասարդական պրոցես է՝ ցույց տալու, որ կա մեծ անվստահություն այս իշխանության հանդեպ: Այն շատ կարեւոր է, որպեսզի հասկանանք, թե մարդիկ ինչ են մտածում»: 2 շաբաթ անց ամփոփել են արդյունքները: «Ընդամենը 42 ժամ կանգնելուց հետո ունեինք 10 հազար քվեաթերթիկ: 1 ամսից կրկին հաշվելու ենք քանակը: Երեւանում ունենք 3 տեղամաս, 2-ը` Սուրբ Աննա եկեղեցու մոտ եւ Հանրապետության հրապարակում: Մյուսը շարժական է: Արտերկրից եւ մարզերից էլ ենք ստանում զանգեր, նամակներ։ Գիտակցելով, որ այն հարցի լուծում չէ, սակայն այնքան լցված են, որ ցանկանում են ինչ-որ բան անել»:
«Հրապարակը» գրում է․ ՀՀ ՊԵԿ-ում վերջին օրերին բարեվարքության քննությունների փուլ է և բոլորը՝ աշխատակիցներն ու պաշտոնյաները, փորձում են առավել զուսպ լինել, թաքցնել իրենց կապերը: Այս համատեքստում խնդիր կա ՊԵԿ ամենակարևոր վարչությունում՝ Մաքսանենգության դեմ պայքարի գլխավոր վարչությունում: Այս վարչության պետը ԱԺ նախկին պատգամավոր, ՔՊ-ական Երջանիկ Հակոբյանն է, նրա տեղակալը՝ Գոռ Մարգարյանը, Հակոբյանի քավորն է: Նրանք ջանում են թաքցնել իրենց կապը, որպեսզի բարեվարքության քննությունից չկտրվեն: Մեզ ասացին, որ Գոռ Մարգարյանը մեկիկ մեկիկ բոլոր աշխատակիցներին զգուշացնում է, որ իրենց քավոր-սանիկ հարաբերությունների մասին որևէ տեղ ոչինչ չասեն: ՊԵԿ-ից պատմեցին նաեւ, որ Գոռ Մարգարյանն է իրականում վարչության պետի գործառույթները փաստացի իրականացնում, նա յուրայիններով է շրջապատել իրեն և սև ու սպիտակի տրամաբանությամբ է կառավարում վարչությունը: Իսկ Երջանիկ Հակոբյանը պարզապես պաշտոնական մասն է ապահովում և վայելում պաշտոնը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի, ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանի եւ նրա եղբոր` Նաիրի Սարգսյանի հետ 2017 թվականին վիճաբանած Արթուր Այվազյանը` «Մանախը», արդարացվել է դատարանում։ Ստացվում է, որ Փաշինյանն ու նրա թիմակիցները քաղաքացի Արթուր Այվազյանի՝ «Մանախի» գլխին սարքել էին, բողոքել նրա դեմ, թե բռնություն է գործադրել իրենց նկատմամբ: Իսկ հիմա՝ ամենասկզբից. Արթուր Այվազյանին՝ բոլորին հայտնի «Մանախին», մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա 2017 թվականի մարտի 31-ին` ժամը 22:40-ի սահմաններում, Անդրանիկի փող. 53 շենքի բակում անթաքույց արհամարհանք դրսեւորելով հասարակության նկատմամբ, «Ելք» դաշինքի համակիր Հայկ Սարգսյանի հանդեպ բռնություն գործադրելով՝ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը: Միջադեպը եղել է «Ելք» դաշինքի քարոզարշավի ընթացքում, որից հետո Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում տեղեկացրել է այն մասին, որ դաշինքի շտաբի անդամների նկատմամբ զինված հարձակում է եղել:
Այդ դեպքից հետո Արթուր Այվազյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով (խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով) եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք պահելը, կամ փոխադրելը): Այս գործով վկայի կարգավիճակով դատարան էր հրավիրվել արդեն վարչապետ դարձած Նիկոլ Փաշինյանը։ Արդյունքում 2020 թվականին, դատարանի որոշումով, Արթուր Այվազյանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների կատարման համար: Դատարանի որոշմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով Արթուր Այվազյանն ազատվել է քրեական պատասխանատվությունից` առանց պատժի նշանակման:
Իսկ ահա ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով նշանակվել է պատիժ ազատազրկման ձեւով, 2 (երկու) տարի ժամկետով: «Կիրառել «Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի եւ Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի դրույթներն ու ամբաստանյալ Արթուր Աշոտի Այվազյանին ազատել սույն դատավճռով ազատազրկման ձեւով նշանակված պատժից»: Այս որոշումը բողոքարկվել էր ՀՀ վերաքննիչ դատարանում, ու արդյունքում, 2022 թվականի սեպտեմբերի 29-ին ՀՀ վերաքննիչ դատարանը ամբաստանյալ Արթուր Այվազյանին, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով, առաջադրված մեղադրանքում ճանաչել է անպարտ եւ արդարացրել՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով:
«Ամբաստանյալ Արթուր Աշոտի Այվազյանին, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով, ազատել քրեական պատասխանատվությունից` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով»։ Ի դեպ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գեւորգ Բաղդասարյանը Վճռաբեկ դատարան բողոք էր ներկայացրել, սակայն Վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել դատախազի տեղակալի բողոքը, եւ վերաքննիչ դատարանի որոշումը մնացել է անփոփոխ»։
«Փաստ» օրաթերթը գրում է. Սահմանադրական դատարանը վերսկսել է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործի քննությունը և տասն օրից ավելի է՝ գտնվում է խորհրդակցական սենյակում: «Փաստը» երեկ դիմեց ՍԴ հանրային կապերի բաժին՝ տեղեկանալու՝ կա՞ն տեղեկություններ, թե ե՞րբ կհրապարակվի որոշումը: Մեզ տեղեկացրեցին, որ դեռևս նորություն չկա, և հստակ ժամկետ նշել չեն կարող, երբ որոշումը պատրաստ լինի, կհրապարակվի ՍԴ պաշտոնական էջում:
Հիշեցնենք, որ 2020 թվականին, երբ ընդունվեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» աղմկահարույց օրենքը, ոլորտի բոլոր մասնագետները պնդում էին, որ այն ընդունվել է միջազգային փորձում առկա պահանջների ակնհայտ ու կոպիտ խախտմամբ: Չնայած նման կարևոր օրենքները, նախքան ընդունումը, համաձայն միջազգային փորձի, նախ փոխանցվում են Վենետիկի հանձնաժողով՝ հեղինակավոր այդ կառույցի կարծիքը ստանալու համար, բայց օրվա իշխանությունները խուսափել էին դրանից և չէին ուղարկել օրենքի նախագիծն այդ մարմին:
Երբ օրենքը սկսեց կիրառվել, ակնհայտ դարձավ, որ բոլոր մտահոգություններն իրականություն են դառնում՝ այն չի վերաբերում զուտ նախկին պաշտոնյաներին, այլ ցանկացած անձի, նույնիսկ գործարարների: Ավելին, այդ բռնագանձվող միջոցները ոչ թե փոխանցվում էին ժողովրդին, այլ պարզապես ուրիշ գործարարների տնօրինման տակ էին հայտնվում: Որոշ ժամանակ անց այս օրենքի հարցն առկախվել էր Սահմանադրական դատարանում։ Եվ միայն 4 տարի անց Սահմանադրական դատարանը, ձեռքի տակ ունենալով Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքը, Եվրոպական դատարանի Մեծ պալատի կայուն նախադեպային որոշումները, ըստ որոնց՝ այս օրենքը մի շարք խախտումներ է պարունակում, փաստացի վերսկսել է գործի քննությունը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` երեկ` երեկոյան, իշխանության «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը խորհրդարանում, ի թիվս այլ հարցերի, քննարկել է նաեւ Ազգային ժողովի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքը ուսումնասիրող էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին հարցը: Սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի ՔՊ-ական աղբյուրները փոխանցում են, որ Անդրանիկ Քոչարյանը խնդրել է իրեն վերաբերող հարցը հանել օրակարգից, չքննարկել խմբակցության ձեւաչափով եւ խոստացել է, որ առաջիկա օրերին ինքը կզրուցի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որից հետո նոր կարող են խմբակցության գործընկերները իր հարցը դնել քննարկման։
Նշենք, որ խմբակցությունը, քննարկելուց հետո, պետք է քվեարկություն իրականացնի խմբակցության ներսում եւ քվեարկության արդյունքում որոշվի էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագծին կողմ է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, թե դեմ։
Այսպիսով՝ Անդրանիկ Քոչարյանը շարունակում է իր գործունեությունը խմբակցության թիկունքում. նա վարչապետի հետ զրույցը, ըստ ամենայնի, կվարի իրեն հարմար ուղղությամբ, ինչպես որ ամիսներ առաջ, երբ փորձ էր արվում խմբակցության կողմից բարձրացնել Անդրանիկ Քոչարյանին մանդատից զրկելու հարցը։ Անդրանիկ Քոչարյանը այդ օրերին Նիկոլ Փաշինյանին համոզել էր, որ պետք է իրեն վերաբերող նախագիծ չլինի, եւ ինքը մանդատից չհրաժարվի, քանի որ կա 44-օրյա պատերազմի հանգամանքներ ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույց ներկայացնելու անհրաժեշտություն։ Սակայն այդ զեկույցի ժամկետները վաղուց լրացել են, եւ տվյալ հանձնաժողովը արդեն փաստացի գոյություն չունի։
Տեղեկացնենք նաեւ, որ ՔՊ խմբակցության երեկվա նիստի ժամանակ Անդրանիկ Քոչարյանը գործընկերներին համոզելու գործընթացում ասել է, որ պետք չէ ընդդիմության բերանը լեզու դնել, եւ ճիշտ չէ, որ ընդդիմության ներկայացրած առաջարկները խորհրդարանական մեծամասնությունը ընդունի եւ համաձայնություն տա, էթիկայի հանձնաժողով ձեւավորի՝ քննելով իր վարքը։ Ամեն ինչ պետք է անել քաղաքական նպատակահարմարության շրջանակում: Եվ նա, ըստ ամենայնի, Նիկոլ Փաշինյանին կհամոզի չիրականացնել իր դեմ որեւէ քայլ՝ այդպիսով պահպանելով մանդատը, նաեւ հնարավորություն չտալով խորհրդարանին քննարկել իր հարցը։ Սա նշանակում է, որ իշխող կուսակցությունը, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ամբողջությամբ իր վրա կվերցնի Անդրանիկ Քոչարյանի լկտի վարմունքի պատասխանատվությունը»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արթիկի համայնքապետ Անանիկ Ոսկանյանի վերջին գնումները մեկը մյուսից ուշագրավ են։ Համայնքապետարանը, համաձայն ՀՀ պետական գնումների կայքի, ՀՀ Շիրակի մարզի Արթիկ համայնքի կարիքների համար մարտի 21-ին 1 մլն 848 հազար դրամ արժողությամբ շերտավարագույրներ է ձեռք բերել։ Վարագույրների ընդհանուր քանակը եղել է 210-ը, իսկ մեկ հատի արժեքը կազմել է 8 հազար 800 դրամ։ Սրան զուգահեռ Արթիկի համայնքապետարանը, Արթիկ համայնքի կարիքների համար, ավելի էժան գին՝ 1 մլն 264 հազար դրամ է հատկացրել Պեմզաշեն բնակավայրի այգու խաղահրապարակի սարքավորումների ձեռքբերման համար։ Այս գումարով գնվել է 4 ճոճանակ, մեկ բասկետբոլի ցանց, խորանարդ՝ խաղահրապարակի սարքավորումներ։ «Հրաբուխ» ՍՊԸ-ն, որից գնել են մանկական խաղահրապարակի գույքը, փայտե նստարանների մատակարարման մրցույթին է նաեւ մասնակցել Եղվարդ համայնքում։ Իսկ շերտավարագույրներ մատակարարած ընկերությունը մասնակցել է նաեւ շերտավարագույրներ մատակարարելու այլ մրցույթների: Օրինակ՝ ընկերությունը դիմել է պաշտպանության նախարարությանը՝ գնման բաց մրցույթին մասնակցելու համար»։
«Հրապարակը» գրում է. Պատգամավոր Հովիկ Աղազարյանի դեմ ոչխարների շինծու գործի ճարտարապետներից մեկը` Սլավիկ Կամավոսյանը, պարզվում է, Արմավիրի ՔՊ-ական մարզպետ Արգիշտի Մեխակյանի հորաքրոջ ամուսինն է: Մինչեւ 2018 թվականը նա մոտ 20 տարի Արագած համայնքում գյուղապետ է եղել, ջերմ կապեր է ունեցել Մանվել Գրիգորյանի եւ մանվելականների հետ: Նախկինում նրա անունը եւս շրջանառվել է աղմկահարույց պատմություններում։ Իշխանափոխությունից հետո ներկայիս մարզպետի` նախկինում ՔՊ-ական պատգամավոր Մեխակյանի շնորհիվ էլ անգործ չի մնացել` զբաղեցրել է Էջմիածնի ՋՕԸ-ի պետի տեղակալի պաշտոնը։ Հիշեցնենք, որ Կամավոսյանն էլ է անցնում ոչխարների գործով: Ըստ քրեական գործի՝ նա ընկերոջ հետ զրույցում ասել էր, թե իբր ոչխարների արտահանման համար կաշառք պետք է տա Աղազարյանին, նրա այս ցուցմունքը գլխավոր դատախազն Ազգային ժողով ներկայացված միջնորդության հիմքում էր դրել, որով էլ Աղազարյանին զրկեցին պատգամավորական անձեռնմխելիությունից։