Հայաստանի կառավարությունն ընդունել է որոշում «Ինժեներական քաղաք» ծրագրի վերաբերյալ, որը վերաբերում է ռեզիդենտ ընկերություններին տրամադրվող հողակտորների բաղադրիչին։ Ինչպես նշել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը, այս պահի դրությամբ ի սկզբանե նախատեսված 20 ռեզիդենտ ընկերությունների համար դեռևս առկա են ազատ հողակտորներ։
«Վերջին ամիսների ընթացքում ԲՏԱ նախարարությունը ստացել է հայտեր մի քանի խոշոր ընկերություններից՝ դառնալու ռեզիդենտ ընկերություն «Ինժեներական քաղաք»-ի տարածքում։ Սակայն նախկինում սահմանված սահմանափակումը՝ մինչև 500 քմ հողակտոր տրամադրելու վերաբերյալ, դժվարություններ է ստեղծում այդ ընկերությունների համար, քանի որ նրանք անհրաժեշտություն ունեն ստանալ 500 քմ-ը գերազանցող հողակտորներ՝ համապատասխան ինժեներական սարքերի, սարքավորումների, հոսքագծերի և դատակենտրոնների տեղակայման համար», — բացատրել է նախարարը։
Հայրապետյանի խոսքով, այս որոշումը միանշանակ նպաստելու է ինժեներական համայնքի էկոհամակարգի վերջնական կայացմանը, քանի որ այն բերում է նոր ենթակառուցվածքներ «Ինժեներական քաղաք» և տասնյակ կամ հարյուրավոր բարձր որակավորում ունեցող ինժեներների, որոնց ծառայությունները հասանելի կլինեն ամբողջ քաղաքում տեղակայված բոլոր ընկերություններին։
Նախարարը նաև ընդգծել է, որ այս կարգավորումը նախ և առաջ կնպաստի արագացնելու «Ինժեներական քաղաքի» կառուցման տեմպերը՝ զբաղեցնելով համապատասխան հողակտորները և միաժամանակ հեշտացնելով այնտեղ տեղակայված ընկերությունների գործունեությունը։ «Ներկայումս կառուցվող բիզնես աքսելերատորի շենքի, արդեն իսկ գործող ազգային գերհամակարգչային կենտրոնի և ամբողջ ենթակառուցվածքի սպասարկման ծախսերը կբաշխվեն ավելի մեծ թվով ընկերությունների միջև, ինչը կարևոր է ապագայում քաղաքը հնարավորինս ինքնաբավ դարձնելու համար», — նշել է նա։
Պատասխանելով վարչապետի հարցին՝ ընթացիկ արդյունքների վերաբերյալ, Մխիթար Հայրապետյանը հայտնել է, որ պետական ֆինանսավորման վերջին աշխատանքները վերաբերում են բիզնես-աքսելերատորի շենքին, որը կապահովի ոչ միայն գրասենյակային տարածքներ, այլև տարատեսակ լաբորատոր միջավայր և ենթակառուցվածք ամբողջ տեխնոլոգիական էկոհամակարգի համար։ Թեև շինարարական աշխատանքները նախատեսված էր ավարտել մարտի 31-ին, կապալառու ընկերությունը դիմել է կառավարությանը՝ օբյեկտիվ պատճառներով ժամկետը երկու ամսով երկարաձգելու խնդրանքով, որին նախարարությունը հակված է ընդառաջելու։ Այսպիսով, շինարարությունը պետք է ավարտվի մինչև մայիսի 31-ը։
Նախարարը նաև հայտնել է, որ «Ինժեներական քաղաքի» տարածքում արդեն իսկ գործում են ընկերություններ, որոնցից մի քանիսը շինարարության ավարտական փուլում են, իսկ մյուսները ստացել են շինթույլտվություններ և սկսում են իրենց շենքերի կառուցումը։ Գործում է նաև «Ազնավուր» ազգային գերհամակարգչային կենտրոնը, որի ծառայություններից օգտվում են ավելի քան 20 գիտական և հետազոտական խմբեր, աշխատելով 30-ից ավելի նախագծերի վրա։ Ներկայումս օգտագործվում է կենտրոնի ներուժի միայն կեսը, սակայն նոր գիտական խմբերի հետաքրքրության դինամիկան ցույց է տալիս, որ շուտով գերհամակարգիչն աշխատելու է իր ողջ հզորությամբ։
Իր հերթին, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտնել է, որ անցյալ տարվա վերջին ձեռք է բերվել նոր գերհամակարգիչ, որը ներկայումս տեղադրման փուլում է Երևանի պետական համալսարանում։ Այս համակարգիչը չի կրկնօրինակում «Ինժեներական քաղաքում» տեղադրված գերհամակարգչի գործառույթները, այլ առաջարկում է սկզբունքորեն այլ հնարավորություններ՝ թույլ տալով կատարել մեծ քանակությամբ հաշվարկներ և աշխատել մեծածավալ տվյալների հետ բարձր արտադրողականությամբ հաշվողական համակարգերի, տվյալների վերլուծության, վիզուալիզացիայի, բժշկակենսաբանական հետազոտությունների և ռոբոտատեխնիկայի ոլորտներում։
Անդրեասյանի խոսքով, քանի որ գերհամակարգիչը տեղակայվելու է ԵՊՀ-ում, այն նաև լուրջ հնարավորություններ կբացի կրթական ծրագրերի համար և կնպաստի համալսարանի վարկանիշի բարձրացմանը, ինչը կրթական ռազմավարության կարևոր նպատակներից է։ Նախատեսվում է, որ տեղադրման աշխատանքները կմեկնարկեն մայիսին, իսկ տարեվերջին կենտրոնը կգործի ամբողջական ծավալով։