13.04.2025
Լուսանկարը` hightech.gov.am
prev Նախորդ նորություն

Կառավարությունն արտոնություններ է տրամադրել երկու ներդրումային ծրագրերի

Լուսանկարը` primeminister.am
Լուսանկարը` primeminister.am

Հայաստանի կառավարությունն ապրիլի 10-ի նիստի ընթացքում որոշում է կայացրել ներմուծման մաքսատուրքերից ազատելու արտոնություններ տրամադրել երկու ընկերությունների, որոնք ներդրումային ծրագրեր են իրականացնում տնտեսության գերակա ոլորտներում։ Այդ ընկերություններն են՝ «Էպսիլոն ինվեսթ» ՍՊԸ-ն և «Պրիմառոսա» ՍՊԸ-ն։


«Էպսիլոն ինվեսթ» ընկերությունը ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել գուլպաների, ներքնաշորի, կտորի և հագուստի արտադրության համար։ Ներդրումների ծավալը հումքի ձեռքբերման համար կկազմի 935 միլիոն դրամ։ Ներկայումս ընկերությունում աշխատում է չորս աշխատակից՝ 105 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Մինչև 2028 թվականը ընկերությունը նախատեսում է հասցնել աշխատատեղերի թիվը 24-ի՝ 125 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 935 միլիոն դրամ։ Մաքսատուրքերից ազատման արտոնությունը գնահատվում է 46,7 միլիոն դրամ։


«Պրիմառոսա» ընկերությունը Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում կառուցել է 1,3 հեկտար տարածքով ջերմատուն, որտեղ աճեցվում են տարբեր սորտերի, բարձր բերքատվության և որակի վարդեր։


Ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունը նախատեսում է ընդլայնել ջերմատան մակերեսը լրացուցիչ 1,2 հեկտարով՝ հաշվի առնելով արդեն իսկ գրանցած հաջողությունները։ Ընկերությունը նախատեսում է իրականացնել 499,7 միլիոն դրամի ներդրում հիմնական միջոցների ձեռքբերման համար, 170 միլիոն դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար և 15 միլիոն դրամի ներդրում այլ շրջանառու միջոցների ձեռքբերման համար։


Ներկայումս ջերմատնային տնտեսությունում ստեղծվել է 21 աշխատատեղ՝ 111 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Մինչև 2028 թվականը աշխատատեղերի թիվը նախատեսվում է հասցնել 30-ի՝ պահպանելով միջին աշխատավարձի նույն մակարդակը։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 669,7 միլիոն դրամ։ Մաքսատուրքերից ազատման ընդհանուր գումարը գնահատվում է 33,8 միլիոն դրամ։