15.04.2025
Լուսանկարը` ՌԲԿ-ի
prev Նախորդ նորություն

Գործադիրը միջոցներ է ձեռնարկում բանակում կանանց ներգրավվածությունն ավելացնելու համար

Լուսանկարը` mil.am
Լուսանկարը` mil.am

Հայաստանի կառավարությունն ապրիլի 10-ի նիստում ընդունել է որոշում, որն ուղղված է Հանրապետության զինված ուժերի կադրային ապահովման բարելավմանը։ Որոշումը նախատեսում է միջոցառումներ՝ սերժանտական համակարգի զարգացման, կանանց գումարտակի համալրվածության մակարդակի բարձրացման, ինչպես նաև ռազմական ուսումնական հաստատություններում կրթական գործընթացում ներգրավված անձնակազմի հետ կապված խնդիրների լուծման համար։


Որոշման հիմնավորման համաձայն, ներկայումս ՀՀ զինված ուժերում իրականացվում են լայնածավալ աշխատանքներ արհեստավարժ սերժանտների և հրահանգիչների նոր համակարգի ներդրման ուղղությամբ։ Այս նպատակի իրագործման համար կազմակերպվում են հատուկ դասընթացներ, որոնք թույլ են տալիս համապատասխան պաշտոնները համալրել որակավորված կադրերով։


Միաժամանակ նշվում է կանանց ծառայության և ինժեներական տեխնիկա շահագործող ստորաբաժանումների համալրվածության ցածր մակարդակի մասին, ինչը բացասաբար է անդրադառնում դրանց բնականոն գործունեության վրա։


Ընդունված որոշմամբ հստակեցվում է հատուկ ինժեներական տեխնիկա շահագործող անձնակազմի հավելման չափը։ Նաև սահմանվում են լրացուցիչ վճարումներ ուսումնական ստորաբաժանումներում անմիջականորեն ուսումնառության գործընթացում ներգրավված անձնակազմի համար, կանանց գումարտակում ծառայության նշանակված կին զինծառայողների համար, սերժանտական կամ հրահանգչի դասընթացներ ավարտած և համապատասխան որակավորում ունեցող զինծառայողների համար, ինչպես նաև օտարերկրյա պետությունների (բացառությամբ՝ ՌԴ) ռազմաուսումնական հաստատություններում առանց կրթաթոշակ ստանալու ուսումնառություն անցնող պարտադիր զինծառայողների համար։


Այս միջոցառումները կոչված են խթանելու կանանց ծառայությունը բանակում, բարձրացնելու սերժանտական պաշտոնների և տեխնիկական մասնագետների պաշտոնների գրավչությունը, ինչպես նաև բարելավելու զինծառայողների պատրաստման որակը։

Լուսանկարը` hightech.gov.am
Հաջորդ նորություն next