16.04.2025
ՏԿԵ փոխնախարարն ու Չեխիայի դեսպանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրերը
prev Նախորդ նորություն

Անասնաբուծության խթանման երկու նոր ծրագիր կիրարկվի Հայաստանում

Լուսանկարը` ՌԲԿ-ի
Լուսանկարը` ՌԲԿ-ի

Հայաստանի կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշման մեջ՝ ներառելով անասնաբուծության խթանմանն ուղղված երկու նոր ծրագիր։ Ծրագրերը միտված են «խելացի» անասնաշենքերի և տավարաբուծության զարգացմանը՝ նախորդ նախաձեռնությունների համեմատ ավելի մեծ ֆինանսավորմամբ։


Առաջին ծրագիրը՝ «Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման աջակցության 2025-2028 թթ. ծրագիրը, նախատեսում է ընդլայնել շահառուների շրջանակը և տրամադրել մատչելի ֆինանսական ռեսուրսներ ոլորտի արդիականացման համար։


Երկրորդ նախաձեռնությունը՝ «ՀՀ-ում 2025-2029 թթ. տավարաբուծության զարգացման ծրագիրը», նպատակ ունի նպաստել տոհմային խոշոր եղջերավոր կենդանիների ձեռքբերմանը, տոհմային գործի վերականգնմանը և տավարի մսի ու կաթի արտադրության աստիճանական ինտենսիվացմանը։


Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանի խոսքով, նոր ծրագրերում զգալիորեն ավելացվել է փոխհատուցումների չափը։ «Եթե նախկինում 40-45 խոշոր եղջերավոր կենդանու համար կառուցվող անասնաշենքը գնահատվում էր 35 մլն դրամ, ապա առաջարկվող նախագծում այն գնահատված է 46 մլն դրամ, որի 50 տոկոսը, ծրագրի համաձայն, ֆերմերները կարող են հետ ստանալ որպես փոխհատուցում։ Այսինքն՝ 23 մլն դրամը՝ նախկին 17.5 մլն դրամի փոխարեն», - բացատրել է փոխնախարարը։


Հատուկ արտոնյալ պայմաններ են նախատեսված սահմանամերձ բնակավայրերի, կոոպերատիվների և որոշ սոցիալական խմբերի համար, որոնց համար փոխհատուցումը կկազմի ծախսերի 70%-ը։ Արդեն գոյություն ունեցող համալիրների վերակառուցման համար փոխհատուցման չափը կկազմի 25%, իսկ սահմանամերձ շրջանների համար՝ 45%։


Ծրագրերը ներառում են և՛ փոխհատուցման, և՛ վարկային բաղադրիչ։ Կառավարությունը սուբսիդավորելու է ներգրավված վարկերի տոկոսադրույքի 10 տոկոսային կետը։ Արտոնյալ ժամկետը ավելացվել է 12-ից մինչև 18 ամիս։ Սահմանամերձ բնակավայրերի համար վարկի տոկոսադրույքը սուբսիդավորվելու է ամբողջությամբ։


Տոհմային տավարաբուծության ծրագրի մասնակիցների համար, ովքեր արդեն ունեն «խելացի» անասնաշենք, նախատեսված է 30% փոխհատուցում մինչև 25 գլուխ տոհմային անասուն ձեռք բերելու դեպքում և 40%՝ 25-ից ավելի գլուխ գնելու դեպքում։


Երկու ծրագրերում էլ պարտադիր պայման է սահմանվել, որ շահառուները պետք է լինեն իրավաբանական անձինք։


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ծանոթանալով նախորդ ծրագրերի իրականացման արդյունքներին, մտահոգություն է հայտնել դրանց արդյունավետության վերաբերյալ։ Փոխնախարարի տեղեկատվության համաձայն, 2019 թվականից կառուցվել է 58 «խելացի» անասնաշենք և ներմուծվել 2400 տոհմային կենդանի։ Կառավարությունը անասնաշենքերի կառուցման համար փոխհատուցել է 925 մլն դրամ, իսկ տավարաբուծության զարգացման ծրագրի վարկային տոկոսադրույքի սուբսիդավորման համար՝ 587 մլն դրամ։


«Դժգոհ չենք, որ 58 անասնագոմ է կառուցվել, բայց ի սկզբանե մեր պատկերացումն այդ չէր։ Փոխհատուցման ընդհանուր գումարը 925 մլն դրամ է, սա ցույց է տալիս, որ ծրագիրը չի աշխատում։ Հիմա ի՞նչ ենք փոխում, որ հաջորդ շրջանում ավելի մեծ արդյունքներ ունենանք», - ընդգծել է Փաշինյանը։


Վարչապետը նշել է, որ փոքր արտադրողներին աջակցելու փորձերը չեն հաջողվում, և առաջարկել է դիտարկել ավելի արմատական լուծումների մշակման հնարավորությունը, ներառյալ վերապատրաստման և այլընտրանքային գործունեության խթանման ծրագրերը, որոնք կարող են նպաստել հողերի համախմբմանը և դրանց նկատմամբ տնտեսական հետաքրքրության ձևավորմանը։

Լուսանկարը` mil.am
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ tert.am
16.04.2025
Վրաստանի նախագահը պաշտոնական այցով կժամանի Հայաստան