Ապրիլի 7-8-ը Մոսկվայում տեղի կունենա Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի ներկայացուցիչների եռակողմ հանդիպում, որի ընթացքում կքննարկվի Իրանի միջուկային ծրագիրը: Այս մասին հայտնել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բագային՝ ըստ IRNA գործակալության տեղեկատվության:
Դիվանագետը նշել է, որ իրանցի իրավաբանները ակտիվորեն աշխատում են այս ուղղությամբ, և մոսկովյան խորհրդակցություններից կարճ ժամանակ անց տեղի կունենա հանդիպում տեղակալների մակարդակով Եվրոպական Միության արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչների հետ: Նախորդ եռակողմ հանդիպումն անցկացվել էր մարտին Պեկինում:
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով առաջիկա բանակցությունները, ընդգծել է, որ Մոսկվան մշտական երկխոսություն է պահպանում Թեհրանի հետ, այդ թվում՝ միջուկային գործարքի հարցերով: «Ռուսաստանը պատրաստ է գործադրել բոլոր ջանքերը, անել հնարավոր ամեն ինչ այս խնդրի կարգավորմանը քաղաքական-դիվանագիտական միջոցներով նպաստելու համար»,- հայտարարել է նա:
Միևնույն ժամանակ, Իրանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունները մնում են ծայրահեղ լարված: Բագայիի խոսքերով, Վաշինգտոնի և Թեհրանի միջև հնարավոր անուղղակի բանակցությունները կարող էին անցկացվել Օմանում, սակայն այս գործընթացը դեռ չի սկսվել: Մարտի սկզբին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջնագիր էր ներկայացրել՝ պահանջելով Իրանից երկու ամսվա ընթացքում ստորագրել նոր միջուկային համաձայնագիր՝ հակառակ դեպքում սպառնալով «շատ վատ բաներով», ներառյալ ռմբակոծություններ և նոր պատժամիջոցներ:
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանը պատասխանել է, որ Թեհրանը պատրաստ է միայն հավասար երկխոսության. «Եթե դուք ցանկանում եք բանակցություններ, ապա ի՞նչ իմաստ ունի սպառնալը»:
Bloomberg-ի տեղեկություններով, ԱՄՆ-ը դիմել է Ռուսաստանին՝ խնդրելով հանդես գալ որպես միջնորդ Իրանի հետ միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում: Այս հարցը քննարկվել է ինչպես Թրամփի և ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև փետրվարյան հեռախոսազրույցի ընթացքում, այնպես էլ Ռուսաստանի և ԱՄՆ-ի բանակցություններում Էր-Ռիադում:
Հիշեցնենք, որ իր առաջին նախագահական ժամկետում Թրամփը ԱՄՆ-ը դուրս բերեց 2015 թվականի միջուկային համաձայնագրից, որը խիստ սահմանափակումներ էր սահմանում իրանական միջուկային ծրագրի նկատմամբ՝ պատժամիջոցների թուլացման դիմաց: ՄԱԳԱՏԷ-ի տվյալներով, 2023 թվականին Իրանը 18 անգամ գերազանցել է ուրանի հարստացման սահմանված սահմանաչափերը: