Հայաստանի և Ֆրանսիայի բազմադարյա բարեկամությունն ու պատմամշակութային կապերը, ինչպես նաև քաղաքական խնդիրների բացակայությունն այն ամուր հիմքն է, որի հիման վրա մեր հարաբերությունները շարունակում են ընդլայնվել փոխադարձ հարգանքի և վստահության մթնոլորտում: Այս մասին Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ հանդիպման ավարտին հայտարարել է պաշտոնական այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Նա նշել է, որ ֆրանսիացի գործընկերոջ հետ գոհունակությամբ փաստել են ձեռքբերումները՝ կայուն քաղաքական երկխոսություն, միջխորհրդարանական շատ ամուր կապեր, տնտեսական, գիտակրթական ու մշակութային ակտիվ կապեր, ապակենտրոնացված համագործակցության խորացում, միջազգային հարթակներում փոխշահավետ համագործակցություն, Ֆրանսիայի կողմից Հայաստանում իրականացվող աջակցության ծրագրեր, միջազգային կարևորագույն հարցերում սատարում միմյանց, ինչպես նաև ընդգրկուն իրավապայմանագրային դաշտ: Սերժ Սարգսյանի խոսքով` ևս մի քայլ կատարեցին երկկողմ հարաբերությունների խորացման ուղղությամբ՝ ստորագրելով փաստաթղթեր զբոսաշրջության, միջբուհական-գիտակրթական համագործակցության ոլորտներում։
«Անշուշտ, բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը ամուր հիմք է նաև արդյունավետ տնտեսական համագործակցության համար։ Եվ որքան էլ մեր տնտեսական հարաբերությունները դեռ չեն հասել քաղաքական հարաբերությունների մակարդակին, մենք հաստատուն քայլեր ենք ձեռնարկում այդ ուղղությամբ: Այսօր առավոտյան ՄԵԴԵՖ-ում ես փորձում էի համոզել ֆրանսիացի գործարարներին, որ Հայաստանում ներդրումային բարենպաստ պայմաններ կան, առաջարկեցի նրանց գալ Հայաստան և ներդրումներ կատարել: Փորձեցի համոզել այն իրականությամբ, որ այսօր Հայաստանը, լինելով Եվրասիական տնտեսական միության անդամ, կարող է հարթակ լինել նրանց համար` արտադրելու Հայաստանում և իրացնելու Եվրասիական տնտեսական միության 170 միլիոնանոց շուկայում: Եվ երկրորդ` ունենալով Իրանի հետ լավ հարաբերություններ, Իրանի դեմ պատժամիջոցների կիրառման ընթացքում այդ երկրի հետ պահպանելով լավ հարաբերություններ, ճանաչելով իրանական շուկան և Իրանի ժողովրդին՝ Հայաստանը ևս կարող է այստեղ առաջատար ֆրանսիական ընկերություններին օգտակար լինել, եվրոպական ընկերություններին հարթակ ծառայելով` ունենալով հնարավորություններ և այդ հնարավորություններն ի սպաս դնել մեր այս հարաբերությունների զարգացմանը: Եթե ֆրանսիական բիզնեսը ծաղկի Իրանում, մենք ևս կլինենք օգտատերերի թվում», - նշել է ՀՀ նախագահը:
Սերժ Սարգսյանը նախագահ Օլանդին շնորհակալություն է հայտնել 2018 թվականին Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելու որոշմանն աջակցելու համար: Հայաստանի համար, նրա խոսքով, դա շատ կարևոր միջոցառում է, որը լավ մակարդակով կազմակերպվելու և անցկացվելու է:
Նշենք, որ բանակցությունների ավարտին ստորագրվել են մի շարք ոլորտներում հայ-ֆրանսիական համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթեր:Մասնավորապես ստորագրվել են` Ֆրանսիայի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև համաձայնագիր` Հայաստանում ֆրանսիական համալսարանի մասին, Ֆրանսիայի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային զարգացման նախարարության և Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության վերաբերյալ մտադրությունների հայտարարություն, համագործակցության շրջանակային համաձայնագիր ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի և Հայաստանում ֆրանսիական համալսարանի, Տուլուզ Միդի-Պիրենեյ դաշնային համալսարանի, Գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի, Տուլուզի ազգային պոլիտեխնիկա ինստիտուտի, Տուլուզ 3-Պոլ Սաբատիեի համալսարանի, Տուլուզ 1 Կապիտոլ համալսարանի, Տուլուզի Ժան-Ժորե համալսարանի միջև: