Ֆրանսուա Օլանդը շեշտադրեց շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրումը
Ֆրանսիան Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր է, մենք ցանկանում ենք աշխատել կարգավորում գտնելու ուղղությամբ: Այս մասին Փարիզում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:
Նա նշել է, որ Ֆրանսիան ցանկանում է գտնել խնդրի քաղաքական լուծումը:
«Մենք արձանագրել ենք, որ վերջին շաբաթներին և ամիսներին տեղի են ունեցել մի շարք միջադեպեր: Միջադեպերի հետաքննության մեխանիզմի առկայությամբ կարող ենք կանխարգելել նման միջադեպերը և պատժել այն գործողությունները, որոնք հակառակ են խաղաղությանը»,- շեշտել է Ֆրանսիայի նախագահը:
Իր հերթին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանի նպատակը խաղաղությունն է։
«Զենքի ուժը ոչ մեկին և երբեք բարիք չի բերել, խաղաղությունն էլ հաստատվել է այնտեղ, ուր տիրել է դիմացինին ականջալուր լինելու ու խելամիտ փոխզիջումների անհրաժեշտության գիտակցումը։ Ակնհայտ է, որ խաղաղությունը ոչ թե հակասությունների բացակայությունն է, այլ դրանք խաղաղ միջոցներով կարգավորելը», - շեշտել է Հայաստանի ղեկավարը։