25.11.2024
Ֆրանսուա Օլանդը շեշտադրեց շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրումը
prev Նախորդ նորություն

Ուորլիք. Ստատուս քվոյի պահպանումն իրականում խաղաղության չի բերում

Ես կցանկանայի, որպեսզի Հայաստանում եւ Ադրբեջանում քաղաքացիները բարձրաձայնեն, որ եկել է ժամանակը խաղաղություն հաստատելու եւ ստիպեն նախագահներին կարգավորման ճանապարհ գտնել:  Այս մասին  «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում նշել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ դեսպան Ջեյմս Ուորլիքը :


Վերջինս հայտնել է, որ իր տպավորությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները գիտակցում են, որ հակամարտության վերսկսումը ծայրահեղ վտանգավոր է.


«Մինչ օրս պարզ չէ, թե շփման գծում ինչ է տեղի ունենում, քանի որ չկա մի անկախ աղբյուր, որը տեղեկացներ, թե ով է սկսել եւ ով առաջինը կրակ արձակել: Նախորդ տարվա ապրիլին բազմաթիվ զոհեր եղան եւ մինչ օրս զոհերի թիվը հստակ չէ»:


Ջեյմս Ուորլիքի խոսքով` հակամարտության գոտում ստատուս քվոյի պահպանումն իրականում խաղաղության չի բերում, քանի որ այն կայուն չէ և էլ ավելի հավանական է դարձնում պատերազմի վտանգը: Խաղաղությունը, ըստ դիվանագետի, կփոխի ամեն ինչ, այն կփոխի ամեն ինչ տարածաշրջանում: Հայաստանում այն կբերի տնտեսական աճի ՝ նոր հնարավորությունների հսկայական ուղիներ բացելով:


«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական արգելքը կողմերի մոտ քաղաքական կամքի պակասն է: Երկու նախագահներն էլ պետք է պատրաստ լինեն առաջ շարժվելու:Երկուսն էլ, ոչ թե մեկը կամ մյուսը, այլ երկուսն էլ պետք է որոշեն, որ եկել է խաղաղության ժամանակը: Իսկ խաղաղությունն իր հետ ռիսկեր է բերում: Համապարփակ կարգավորումը բազմաթիվ գործոններից է բաղկացած եւ դրանք բոլորն էլ պետք է մշակվեն: Երկու նախագահներն էլ պետք է իրենց բնակչությանը նախապատրաստեն խաղաղության: Կարեւոր է հասկանալ, որ պետք է քննարկվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, սակայն, միեւնույն ժամանակ, պետք է խոսվի նաեւ Ադրբեջանին տարածքների վերադարձի մասին»,- հայտարարել է նա:


Չնայած բոլոր դժվարություններին` Ուորլիքը հավատում է, որ Լեռնային Ղարաբաղում հնարավոր է խաղաղություն հաստատել. «Տարածաշրջանի բնակչությունն արժանի է խաղաղության: Այժմ եկել է ժամանակը եւ եթե ոչ այժմ, ապա ե՞րբ», - հավելել է նա: