25.11.2024
Քոչարյանը՝ ընտրությունների մասին.  Լինելու է քսակների կռիվ՝ զոռբայության մթնոլորտում
prev Նախորդ նորություն

Նախագահի այցը Փարիզ. Հայաստանը հերթական անգամ ապավինում է սփյուռքի ներուժին

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով երեկ ժամանել է Փարիզ, որտեղ արդեն հանդիպումներ է ունեցել Ֆրանկոֆոնիայի կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանի, Եվրոպայի հայկական համայնքների ներկայացուցիչների հետ:


Եվրոպայի հայկական համայնքների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ իր ողջույնի խոսքում Սերժ Սարգսյանը, մասնավորապես, ասել է․ - «Այսօր Հայաստան-սփյուռք հարաբերություններում կարիք կա կենտրոնանալու ազգը միավորող գաղափարների ու սկզբունքների վրա՝ հաղորդելով համագործակցությանը նոր որակ ու բովանդակություն: Մեր նպատակը մեկն է՝ կառուցել արդյունավետ և բարեկեցիկ Հայաստան։ Միայն այդպիսի Հայաստանն է ունակ պաշտպանելու ինքն իրեն և զորավիգ կանգնելու սփյուռքի իր քույրերին ու եղբայրներին»:


«Մենք որևէ ձևով չենք թերագնահատում մինչև օրս կատարված հսկայածավալ աշխատանքը և կյանքի կոչված բազմաբնույթ ծրագրերը: Ավելին, մեր երախտագիտության անկեղծ խոսքն ենք հայտնում դրանք իրականություն դարձրած մեր քույրերին և եղբայրներին: Մենք հրավիրում ենք մեր հայրենակիցներին անմիջական մասնակիցը դառնալու տարբեր բնագավառների զարգացման քաղաքականության մշակման և կյանքի կոչման աշխատանքներին: Մենք առաջարկում ենք քննարկել գործակցության նոր մեխանիզմներ: Որևէ լուրջ նախաձեռնություն չպետք է դուրս մնա ուշադրությունից: Սկզբունքորեն պետք է պահպանվի թափանցիկ աշխատաոճը, բացառվեն արհեստական խոչընդոտները, և պատասխանատվություն կրեն ներգրավված բոլոր կողմերը», - հայտարարել է Հայաստանի նախագահը:


«Մենք պետք է փորձենք ակտիվորեն օգտագործել սփյուռքի մասնագիտական ներուժը, այդ թվում նաև երիտասարդ ու արհեստավարժ շրջանակների հնարավորությունները, հմտությունները, նորարարական տաղանդը։ Հայը, անկախ բնակության վայրից, մշտապես աչքի է ընկել իր աշխատասիրությամբ և շնորհքով։ Մեր ժողովուրդը ծնել է աշխարհահռչակ գիտնականներ, արվեստագետներ, բժիշկներ, գյուտարարներ, գործարարներ։ Դա է մեր մեծ նվաճումը՝ մեր մարդկային խոշոր կապիտալը», - ասել է Սերժ Սարգսյանը՝ շարունակելով․ - «Դուք՝ սփյուռքի մեր հայրենակիցներդ, հային ճանաչելի եք դարձրել ամբողջ աշխարհում: Այժմ եկել է Հայաստանը լայնորեն ճանաչելի դարձնելու ժամանակը: Անհրաժեշտ է աշխատել Հայաստան երկրի և պետության համար ավելի բարձր հեղինակություն և համբավ վաստակելու ուղղությամբ: Եթե ուրիշներն ունեն նավթ, գազ, ծով, ապա մեր «ծովը», մեր «ելքը դեպի արտաքին աշխարհ» դուք եք, սիրելի՛ հայրենակիցներ։ Այս հսկայական ներուժի ճիշտ ուղղորդման պարագայում կարող ենք ցանկալի հաջողությունների հասնել։ Հզորացնե՛նք մեր բոլորի հայրենիքը»։


Նախագահի խոսքով՝ «սփյուռքը համաշխարհային տնտեսության մեջ Հայաստանի ինտեգրման հուսալի և ամենաարդյունավետ կամուրջ է»:


«Պատմության անարդարության հետևանքով աշխարհը դարձել է շատ հայերի տունը, բայց Հայաստանը եղել ու մնում է սփյուռքահայության օջախն ու հարազատ հանգրվանը: Սիրիայի ողբերգությունը և, մասնավորապես, սիրիահայության վիճակը բոլորիս ցավն են: Բայց այսօր, ի տարբերություն մեկ դար առաջ տեղի ունեցած աղետի, մենք ունենք մխիթարություն, որ Հայաստան պետությունն է: Հավաստիացնում եմ ձեզ, որ մայր հայրենիքը անում է հնարավորը սիրիահայերին աջակցելու գործում: Մեզ համար նրանք փախստականներ չեն, այլ հայրենադարձներ, որ վերադարձել են իրենց տուն: Մենք ջանքեր ենք գործադրում, որ նրանք հիմնավորվեն հայրենիքում և հարմարվեն նոր պայմաններին: Նրանցից շատերն արդեն նոր երանգ են հաղորդել մեր հասարակությանը և նույնիսկ բիզնես միջավայրին: Այո՛, դժվար է, և շատերը դեռ սպասողական վիճակում են, քանի որ մեծ է քաղաքական անորոշությունը:


Այսուհետ պետք է բոլորս մեկ բռունցք դառնանք և մեր ջանքերն ուղղենք նոր Հայաստանի կերտմանը: Դա պետք է լինի նոր՝ ավելի ազատ, ավելի արդար, ավելի անվտանգ և ավելի առաջավոր երկիր», - հայտարարել է Սերժ Սարգսյանը:


Նշելով, որ հայ գործարարները զգալի ավանդ ու կշիռ ունեն համաշխարհային տնտեսության բազմաթիվ ոլորտներում, Հայաստանի նախագահը հավելել է․ - «Միաժամանակ, սփյուռքահայ գործարարների համագործակցությունը Հայաստանում և արտերկրում մնում է ոչ բավարար: Հայաստան-սփյուռք գործակցության արդի փուլի գերակա ուղղություններից մեկն է սփյուռքի գործարարների մասնակցության ընդլայնումը Հայաստանի Հանրապետությունում: Սփյուռքի գործարարները, ներգրավելով իրենց կապերը, կարող են նպաստել Հայաստանում օտարերկրյա ներդրումային ծրագրերի իրագործմանը: Սակայն դրանից ոչ պակաս կարևոր է գործարար մշակույթի ձևավորման գործում ժամանակակից հմտությունների կիրառումը: Դա առաջին հերթին կարող են անել հենց եվրոպական զարգացած միջավայրում աշխատող հայ գործարարները՝ բերելով իրենց հետ աշխատանքի կազմակերպման ամենաառաջադեմ մշակույթը»:


«Սփյուռքի ներդրումներն այսուհետ պետք է թիրախավորված և նպատակային բնույթ կրեն՝ միտված լինելով Հայաստանի արդյունաբերության զարգացմանը և երկրի տնտեսության մյուս ճյուղերի խթանմանը: Հայաստանում գիտելիքահեն տնտեսության ենթակառուցվածքների զարգացումը տնտեսության կայացման կարևորագույն նախապայմաններից մեկն է։ Այս առումով սփյուռքը պետք է լինի գիտելիքի և հմտությունների կարևորագույն աղբյուրը Հայաստանը տարածաշրջանում գործարար և ներդրումային միջավայրի լավագույն վայրը դարձնելու համար», - Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ասել է Սերժ Սարգսյանը:


«Մենք, սիրելի՛ բարեկամներ, քաղաքացիական հասարակությունը մշտապես դիտարկել ենք որպես գործընկեր և ո՛չ որպես հակառակորդ: Մենք կարևորում ենք համահայկական քաղաքացիական հասարակության ձևավորման գործընթացը: Հեռահաղորդակցության արդի տեխնոլոգիաների պայմաններում դա թերևս անխուսափելի իրողություն է: Եթե մենք ձեզ հետ միասին ուզում ենք, որ Հայաստանը լինի ավելի ազատ, ավելի արդար և ավելի ժողովրդավար, ապա մեկմեկու պահանջներ ներկայացնելու փոխարեն մենք պետք է իրար հետ խոսենք և ոչ միայն խոսենք, այլև համագործակցենք», - հայտարարել է նախագահը և շարունակել․ - «Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումները պետք է լինեն անշրջելի: Այդ նպատակով մեզ անհրաժեշտ է հիմնովին բարեփոխել կրթության բնագավառը: Այստեղ կարևոր են նաև սփյուռքի մտավոր ներուժի ներգրավումը, նոր գիտելիքի և հմտությունների ներդրումը կրթության ոլորտում՝ խորհրդատվությունից մինչև դասավանդում»:


«Հայաստանը և սփյուռքը համատեղ ջանքերով կարող են աստիճանաբար հասնել մեր համազգային նպատակների իրականացմանը՝ միաժամանակ զերծ մնալով հուսախաբությունից և հիասթափությունից: Անհրաժեշտ է գտնել նոր լուծումներ, համախմբվել, դառնալ մեկ բռունցք և մեկս մյուսին լրացնելով ու օգնելով՝ առաջ շարժվել այս դժվարին ժամանակներում», - ասել է Սերժ Սարգսյանը:


«Վստահ եմ՝ քաջատեղյակ եք, որ առաջիկայում Հայաստանում թևակոխելու է նոր ժամանակաշրջան՝ անցնելով պետական կառավարման խորհրդարանական համակարգի, ինչը ենթադրում է նոր քաղաքական մշակույթ, համակարգային լայնածավալ բարեփոխումներ։ Սահմանադրական փոփոխություններ իրականացնելու որոշումը պայմանավորված էր մեր երկրի վաղվա օրն ավելի ժողովրդավար, անվտանգ և բարեկեցիկ տեսնելու ցանկությամբ և անհրաժեշտությամբ։ Կասկածից վեր է, որ այդ փոփոխությունները ենթադրում են նաև սփյուռքի հետ գործակցության նորացված օրակարգ։ Այդ օրակարգը կարող է ամփոփվել հետևյալ կարգախոսով. - «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն», - հայտարարել է Հայաստանի նախագահը:


«Պատմության ընթացքում հայ ժողովուրդը զարմանալիորեն միաբանվել է օրհասական իրավիճակներում։ Ի՞նչն է խանգարում մեզ դա անել խաղաղ պայմաններում, և ի՞նչն է խանգարում մեզ առաջ տանել մեր երկիրը՝ շենացնելու ու զորացնելու այն։ Ես այդ ճանապարհին անհաղթահարելի խոչընդոտներ չեմ տեսնում: Համոզված եմ, որ այսօր մենք ունենք բոլոր նախադրյալներն ու նախապայմանները՝ նոր թափ հաղորդելու մեր գործակցությանը։ Սա է մեր տեսլականը, սա է մեր պատկերացումը, սա է մեր վաղվա հաջողության անժխտելի գրավականը», - ընդգծել է Սերժ Սարգսյանը:


«Հավատացած եմ, որ մենք ի զորու ենք հաղթահարելու մերօրյա մարտահրավերները, սեփական թերահավատությունը և այդպիսով հավաքական ջանքերով պայքարելու հանուն մեր լուսավոր ապագայի: Միմյանց սատարելով՝ մենք կարող ենք զինվորագրվել պետականաշինության գործին և դրա անմիջական մասնակիցը դարձնել մեր փայլուն երիտասարդությանը։ Մենք պետք է լինենք առավել խիզախ ու նպատակասլաց, փոխադարձ հարգանքով լեցուն: Մենք պետք է տեր կանգնենք մեր վերանվաճած հայրենիքին: Մենք պետք է զորանանք, որ զորացնենք դարերով փայփայած մեր դրախտավայր հայրենիքը՝ Հայաստանը: Ուրեմն, եկեք բոլորս միասին գործենք», - հայտարարել է Հայաստանի նախագահը:


Նախատեսված է Սերժ Սարգսյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ: Երեկոյան Ելիսեյան պալատում պաշտոնական ընթրիք կմատուցվի ի պատիվ Հայաստանի նախագահի: Կեսօրին Հայաստանի նախագահին կընդունի Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, հայտնում է Ազատություն ռադիոկայանը:


Ֆրանսուա Օլանդը, ով կողմնակից է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման ճանաչման, մտադիր է, ինչպես նա հայտնել է Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի վերջին տարեկան ընթրիքի ընթացքում, Հայաստանի նախագահի հետ քննարկել ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրը: Ինչպես ասել էր Օլանդը նույն ընթրիքի ժամանակ, Մադրիդյան սկզբունքների գործադրումն է, որ կարող է հանգեցնել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշմանը:


Բացի այդ, կարելի է ենթադրել, որ հայ - ֆրանսիական երկկողմ հարաբերությունները, Եվրոպայի հետ Հայաստանի հարաբերությունները կարևոր տեղ կգրավեն ինչպես Ֆրանսիայի նախագահի հետ Սերժ Սարգսյանի հանդիպման, այնպես էլ մյուս պաշտոնական հանդիպումների ընթացքում:


Հայաստանի և Ադրբեջանի հետ հավասարակշռություն պահպանելու նպատակով Ֆրանսիա է հրավիրվել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Ալիևի Ֆրանսիա այցելության օրը՝ մարտի 14-ին, ֆրանսահայ համայնքը բողոքի ցույց է կազմակերպել: