Էլեկտրաէներգիայի թանկացումը Հայաստանում հասարակական դժգոհության ալիք է բարձրացնում
Հայաստանում էլեկտրաէներգիայի թանկացման պատճառով հասարակական դժգոհության աստիճանը գնալով ավելանում է: Երևանում մայիսի 27-ին նախատեսված է մասշտաբային բողոքի ցույց՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման: Սակայն դրա հետ կապված լոկալ միջոցառումները տեղի են ունենում արդեն մի քանի շաբաթ:
Ռուսական Ինտեր ՌԱՕ-ին 100%-ոց բաժնեմասով պատկանող Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը մայիսի 8-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման հայտ է ներկայացրել: Ընկերությունն առաջարկում է ցերեկային սակագներն այսօրվա 1կվտ համար նախատեսված 41.85 դրամից բարձրացնել 58.93 դրամ, իսկ գիշերային սակագները՝ գործող 31.85 դրամի փոխարեն սահմանել 48.93 դրամ: Այսպիսով, առաջարկվում է ցերեկային սակագները բարձրացնել 40%-ով, իսկ գիշերայինը՝ 53.6%-ով:
Սակագների վերանայման հայտը բացատրվում է ընկերության կողմից կուտակված մեծ 250 միլիոն դոլարի հասնող պարտքով: Վերջին ամիսների ընթացքում ԶԼՄ-ներում ակտիվորեն տարածվում է այն տեղեկատվությունը, որ Հայաստանի էլցանցերը ցանկանում է ձեռք բերել ռուսաստանաբնակ հայ գործարար, Տաշիր Գրուպի սեփականատեր Սամվել Կարապետյանը՝ պայմանով, որ ընկերության պարտքերը մարվելու են: Ըստ նույն այդ լրատվամիջոցների՝ սակագների բարձրացման հայտը տեղավորվում է այդ տրամաբանության մեջ, որն էլ առաջացրել է հասարակական դժգոհություն:
Դժգոհության հիմնական ուղենիշն այն է, որ բնակչությունը, ում տնտեսական վիճակը վերջին շրջանում առանց այդ էլ վատթարացել է չպետք է վճարի ընկերության կասկածելի պարտքերի համար, ում գործունեությունը հասարակության շրջանում առաջացնում է բազմաթիվ հարցեր: "Ոչ թալանին" քաղաքացիական նախաձեռնության համակարգող խմբի անդամ Մաքսիմ Սարգսյանի խոսքով, մայիսի 27-ին զանգվածային ակցիայի ընթացքում իշխանություններին կցուցադրվի հասարակության ուժն ու կամքը:
Սարգսյանը նշել է, որ երթը ցույց կտա, որ հասարակությունը դեմ է էլեկտրաէներգիայի սակագների թանկացմանը: Նա հավելել է, որ կառավարության և էներգետիկայի նախարարության միջև ոչինչ չեն քննարկելու, քանի որ միակ պահանջը՝ այսօրվա սակագների պահպանումն է և ոչ մի կոպեկ ավել:
Հասարակական ալիքը անմիջապես ցանկանում են ուղղորդել ընդդիմմադիր ուժերը: ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը օրերս կոչ է արել բոլոր առողջ քաղաքական և հասարական ուժերին միանալ մայիսի 27-ին էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ուղղված ակցիային: Պատգամավորը վստահություն է հայտնել, որ այս անգամ բնակչությունն ավելի ծայրահեղ է տրամադրված, անկոտրում դիրքորշում է որդեգրել սակագների բարձրացման հարցում:
Զուրաբյանը նշել է, որ պետք է անցկացնել հզոր ակցիաներ և ուշքի բերել իշխանություններին: «Այն ինչ այսօր տեղի է ունենում էներգետիկ ոլորտում՝ բեսպրեդել է», - նշել է նա: Պատգամավորը հավելել է, որ հասարակությունը չպետք է պատասխանատվություն կրի Հայաստանի էլցանցերի կուտակած պարտքերի համար:
Միամտություն կլիներ կարծել, թե Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կմերժի Հայաստանի էլցանցերի հայտը: Սակայն վերանայել սակագները Հայաստանի էլցանցերի ներկայացրած հայտով՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նույնպես չի կարող: Հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն օրերս հասկացնել տվեց, որ կասկածով է վերաբերում Հայաստանի էլցանցերի ներկայացրած հայտի պատճառաբանություններին և հիմավորումներին:
Ըստ այդմ, չի բացառվում, որ կողմերի քննարկումների արդյունքում կգտնվի փոխզիջումային տարբերակ՝ 17 դրամի փոխարեն բարձրացումը կլինի 6-7 դրամով: