22.11.2024
Հայ և ռուս ազգերը միշտ միասին են եղել. ՌԴ դեսպանը Հայաստանում
prev Նախորդ նորություն

Մամուլի տեսություն.«Բիզնես-օմբուդսմենի» պաշտոնը հանձնվելու է Խաչատուր Սուքիասյանին

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան տպագիր մամուլի տեսությունը, որում ներառված է կարևոր իրադարձությունների մասին ընդգրկուն տեղեկատվություն:

«Չորրորդ ինքնիշխանություն» թերթը գրում է. «Օրերս Հայաստանում գտնվող և ՀՀ իշխանությունննրին վարկային առատաձեռնությամբ երջանկացած Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Սումա Չաբրարարտին իր մամլո ասուլիսում հանկարծ մտաբերեց, որ Հայաստանին խիստ իրանհրաժեշտ է ունենալ «բիզնես-օմբուդսմեն"։ Մեր իրականության պայմաններում առանձնապես ում է պետք, այսպես կոչված, բիզնես-օմբուդսմենի պաշտոնի «ներդրումը» և կոնկրետ ո՞ւմ համար է այն ներդրվում: Եթե հաշվի առնենք ՎԶԵԲ-ի և հայաստանյան «ՍԻԼ» կոնցեռնի միջև առկա բազմամյա ջերմ գործնական հարաբերությունները (անգամ մարտի 1-ի դեպքերից հետո հենց ՎԶԵԲ-ի անմիջական միջնորդությամբ «Հայէկոնոմբանկը» չենթարկվեց ճնշումների, այն դեպքում, երբ «ՍԻԼ» կոնցեռնի մնացած բոլոր բիզնեսները վտանգի տակ էին), կարելի է ենթադրել, որ այս ինստիտուտը հանձնվելու է իշխանության գիրկը վերադարձած Խաչատուր Սուքիասյանին: Լավատեղյակ աղբյուրները պնդում են, որ հենց այդպես էլ լինելու է: Այս համատեքստում պատահական չեն նաև վերջին շրջանում Խաչատուր Սուքիասյանի ձոնած դիֆերամբները առ վարչապետ Հովիկ Արրահամյանը (չնայած ընդամենր մեկ-երկու տարի առաջ պարոն Սուքիասյանը նույն դիֆերամբները ձոնում էր նաև Հովիկ Արրահամյանի «ոխերիմ» կուսակից Տիգրան Սարգսյանին)»: 

«168 ժամ» թերթը գրում է. «Այսօր էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարող քաղաքացիական նախաձեռնություններից մեկն Ազատության հրապարակում հրավիրել է հանրային քննարկում՝ պայքարի հետագա անելիքները քննարկելու նպատակով: Այսօր Կառավարության շենքի առջև պատրաստվում են նստացույց սկսել «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները՝ իրենց չվճարված աշխատավարձերը վճարելու պահանջով: Այս և նմանատիպ այլ խնդիրներով բազմաթիվ պայքարի «օջախներ» կան, ընդ որում, դրանցից որևէ մեկը կապ չունի ընդդիմության հետ, չի առաջնորդվում ընդդիմության կողմից: Հասարակությունը՝ իր այս խնդիրներով, ըստ էության, մենակ է մնացել իշխանության դեմ պայքարում, իշխանությունն էլ՝ ըստ այդմ, իրեն ավելի հանգիստ է զգում սոցիալական ընդվզման հնարավոր առաջացման վտանգից»: 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ վերջերս ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունն ինչ-որ շինարարության մրցույթ է հայտարարել, որին երկու կազմակերպություն է մասնակցել, եւ հաղթել է ամենաբարձր գին ներկայացրածը: Մինչդեռ մրցույթի կանոններով հաղթող պետք է ճանաչվի նվազագույն գին առաջարկողը: Ըստ լուրերի՝ այս պատմության մասին իմացել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը եւ պարզաբանման համար իր մոտ կանչել ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին: Նրանց «զրույցից» հետո մրցույթի արդյունքները չեղյալ են հայտարարվել: Երեկ «Ժողովուրդ»-ը դիմել էր Երվանդ Զախարյանին` վերը բերվածի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար, սակայն նախարարը հայտարարեց, թե նկարագրված պատմություն չէր կարող տեղի ունենալ: «Չի կարող նման բան լինել: Ճշգրիտ ասեք, ներկայացրեք, ես անպայման կպատասխանեմ»,- ասաց Զախարյանը: Այսինքն՝ եթե անունները գիտեք, ասեք, իսկ եթե հնարավոր է, որ անունները չգիտենք, ապա դեպքն էլ չի եղել եւ վերջ: Բայց մենք գիտենք»: 

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանը Սերժ Սարգսյանին խոստացել է, որ բոլոր ջանքերը կներդնի եւ կաջակցի իշխանություններին՝ սահմանադրական հանրաքվեն Կոտայքի մարզում բարեհաջող անցկացնելու համար:

Հենց սրա դիմաց էլ Ծառուկյանի փեսան՝ Աբովյանի նախկին քաղաքապետ Կարապետ Գուլոյանը նշանակվել է Կոտայքի մարզպետ: Սույն պայմանավորվածության շրջանակներում էլ երեկ ՀՀԿ շարքերից հեռացվել է Աբովյանի քաղաքապետի թեկնածու Արթուր Հարությունյանը՝ Պալաչը, ով ՀՀԿ-ԲՀԿ լարվածության շրջանում մարզում մեծապես աջակցել է ՀՀԿ-ին»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀԿ կազմակերպչական հարցերով ղեկավար Ռուբեն Թադեւոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ Կոտայքի մարզի ՀՀԿ կառույցը որոշում է կայացրել կուսակցության շարքերից հեռացնել Արթուր Հարությունյանին` Պալաչին: Ըստ Թադեւոսյանի՝ նա չի ենթարկվել ՀՀԿ-ի պահանջներին եւ առաջադրվել է Աբովյանի քաղաքապետի թեկնածու, ինչի համար էլ հեռացվել է: Ինքը՝ Արթուր Հարությունյանը, այս առնչությամբ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որը ինքնաառաջադրվել է: «Աստված առաջ, հունիսի 8-ին մեզ կշնորհավորեք՝ մեր հաղթանակի համար, մի՛ շտապեք, ժամանակը կգա, կտեսնեք»,- ասաց Հարությունյանը: Հիշեցնենք, որ Աբովյանի քաղաքապետի ընտրությունները տեղի են ունենալու սույն թվականի հունիսի 7-ին: Թեկնածուների առաջադրումը սկսվել է երեկ: Հարությունյանից բացի՝ երեկ առաջադրվել էին նաեւ անկուսակցականներ Վահագն Գեւորգյանը եւ Կարապետ Իսրայելյանը»: