VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի այսօրվա ամենաուշագրավ հրապարակումները:
«Ժամանակ» թերթը գրում է. «Նախօրեին վարչապետ
Կարեն Կարապետյանի ԱԺ-ում արած
հայտարարությունը կապված Ապրիլյան պատերազմի օրերին վառելիքի հետ եղած խնդիրներին, հստակ ուղերձ է պարունակել ուղղված ՕՐՕ դաշինքի ցուցակը գլխավորող, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին։ Վարչապետը հայտրարել էր, որ բանակն ունեցել է վառելիքի խնդիր, ինչի պատճառով ռազմական տեխնիկան հնարավոր չի եղել աշխատեցնել, քանի որ դիզվառելիքի հետ կերոսին են խառնում: Մեզ հասած տեղեկություններով՝
Սեյրան Օհանյանն արդեն համապատասխան շրջանակներում արձագանքել է վարչապետի «նամյոկին»։ Նա հայտարարել է, որ կերոսին բանակի վառելիքին խառնում է Հայաստան նավթամթերք ներկրող Բարսեղ Բեգլարյանը՝ Ֆլեշի Բարսեղը։ Ինքը կապ չունի դրա հետ։ Եվ եթե փորձեն վառելիքի հարցը կոտրել իր վրա, ապա ինքը բոլոր մեղավորների անունները կհայտնի»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար
Դավիթ Հարությունյանը, ով արդեն հրաժեշտ է տվել ԱԺ-ին, ծրագրում է հեռանալ նաև Հայաստանում գործադիր աշխատանքից։ Մեզ հասած տեղեկություններով՝ նա հույս ունի նշանակվել Եվրախորհրդում Հայաստանի ներկայացուցիչ, որտեղ արդեն տևական ժամանակ պաշտոնավարում է Խոսրով Հարությունյանի փեսան՝ Արմեն Պապիկյանը։ Ստրասբուրգում Դավիթ Հարությունյանը բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյա ընկերներ ունի դեռ 2008 թվականից։ Քննարկվում է նաև նրան ԵԱՀԿ-ում Հայաստանի դեսպանի նշանակելու հնարավորությունը, որտեղ համատեղությամբ դեսպան է Ավստրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Կիրակոսյանը։
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը բարձր պաշտոն է խոստացել ԱԳ նախկին նախարար, ՄԱԿ-ում Հայաստանի առաջին ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր
Ալեքսանդր Արզումանյանին։ Վերջինս չի շտապում բացահայտել, թե ինչ աշխատանքի է անցնելու, սակայն մեզ հասած տեղեկություններով՝ դա դիվանագիտական լուրջ նշանակում է լինելու։
«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Մեր տեղեկություններով, շաբաթ օրը Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում Սերժ Սարգսյանի հետ տեղի ունեցած հանդիպմանը մասնակցել է նաեւ Կոտայքի մարզպետ
Կարապետ Գուլոյանը՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի փեսան: Ինչպես տեղեկացրել էինք, Գուլոյանը համակարգում է ՀՀԿ‐ի Կոտայքի մարզի շտաբը: ՀՀԿ‐ի մարզային շտաբները համակարգում են մարզպետները, եւ այդ օրը նա իր մյուս գործընկերների հետ միասին հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ ու քննարկել ՀՀԿ‐ի նախընտրական գործունեությանը վերաբերող հարցերը: Վերջինս, հիշեցնենք, օրեր առաջ հերքել էր մեր այն հրապարակումը, որ ինքն է համակարգելու ՀՀԿ‐ի շտաբը: «Ժամանակն այնքան արագ է փոխվում»,‐ երեկ մեզ հետ զրույցում ասաց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ
Ռուբիկ Թադեւոսյանը՝ հաստատելով որ Կարապետ Գուլոյանն է իրենց շտաբի պետը եւ այդ օրն էլ ներկա է եղել այդ հանդիպմանը: Իսկ եթե Կարապետ Գուլոյանը Կոտայքի մարզում ՀՀԿ‐ի փոխարեն աշխատի «Ծառուկյան» դաշինքի համար, ի՞նչ են անելու իշխանությունները: «Եթե նմանատիպ դեպքեր արձանագրվեն, մենք կքննարկենք»,‐ պատասխանեց Ռուբեն Թադեւոսյանը»:
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է․ «ՊԵԿ նախկին նախագահ
Գագիկ Խաչատրյանի որդուն պատկանող «Գալաքսի միլենիում» տաքսի ծառայություն մատուցող ընկերությունը սնանկ է ճանաչվում: Այդ ընկերությունը երեք պարտատերերի նկատմամբ գումարային պարտավորություններ ունի: Պարտատերերից երկուսը պետական գերատեսչություններ են՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, եւ որ հետաքրքիրն է՝ ՊԵԿ‐ը: Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ այդ ընկերությունը հարկային պարտավորություններ է կուտակել հենց այն ժամանակ, երբ Խաչատրյանը եղել է ՊԵԿ նախագահ, իսկ սնանկության վարույթը հարուցվել է 2015թ., երբ նա ֆինանսների նախարար էր: Ընկերության սնանկության գծով կառավարիչ Ալեքսանդր Կարակելյանը երեկ մեզ հետ զրույցում չասաց, թե որքան են կազմում պետական ու մասնավոր պարտատերերի նկատմամբ ընկերության ունեցած պարտավորությունները: Ընդամենն ասաց, որ եթե ընկերությունը սնանկ է ճանաչվում, ուրեմն ֆինանսական պարտավորությունը գերազանցում է 1 մլն դրամը: Նշենք, որ ՀԾԿՀ‐ին Գ. Խաչատրյանի որդուն պատկանող ընկերությունը պարտք է մոտ 1,3 մլն դրամ»:
«Իրատես» թերթը գրում է. «Ընտրական օրենսգրքի փոփոխությունը նոր փորձանք է բերել հանրության գլխին։ Դեռ ընտրությունների պաշտոնական քարոզչությունը չսկսված` մարզերը «պատերազմական գոտիներ» են հիշեցնում. ամեն մի թեկնածու իր թիմով կատաղի պայքարի է ելել, գործի դրել հարազատ-ծանոթ-բարեկամ-սանիկ-քավորներին, կաշառքն ու վարչական ռեսուրսը։ Որոշ տեղերում իրենց առանձնահատուկ գործառույթներն ունեն քրեական տարրերը, որոնք ոչ մի բանի առաջ կանգ չեն առնում։ Չնայած
Սերժ Սարգսյանը հավաքել ու զգուշացրել է տարածքային ցուցակներով առաջադրված թեկնածուներին, որ իրար «միս չուտեն», չկրակեն, չդանակահարեն իրար, սակայն գնալով լարվածությունը մեծանում է։ Ամեն օր մի ընտրատարածքում իրար են դանակահարում ու ծեծում։
Չնայած, որքան էլ իրար «կոտորելով» մրցակցության մեջ մտնեն, ՀՀԿ-ն որոշել է` «հայտնիներից» ում է բերելու խորհրդարան, իսկ նույն կուսակցությունը ներկայացնող «անհայտ» թեկնածուներն ընդամենը ֆոն են ապահովում։ Ավելին, ոմանք ափսոսում են, որ «խցկվել» են այս անողոք ու դաժան մրցապայքարի մեջ, սակայն նրանց վրա պարտականություն է դրված. ամեն մեկը, ներկայացնելով մի ոլորտ, պետք է հնարավորինս իշխանական ուժի քարոզչությունը տանի այնտեղ և ձայներ փախցնի ընդդիմությունից։ Շատ «փախցնողներին» էլ խոստացվել է «կարգին գործ»։ Ի դեպ, ակտիվ քարոզչություն է սկսվել նաև մարզերի դպրոցներում ու բուժհիմնարկներում։ Տարածքային ցուցակներով ներկայացված թեկնածուների գրասենյակները պարբերաբար մարդկանց են բերում-տանում, ուղղորդում-հրահանգում։ Ասում են, միևնույն մարդուն մի օր կարող ես տեսնել մի թեկնածուի շտաբում, հաջորդ օրը՝ մյուս։ Այլ խոսքով, կատարյալ քաոս է ստեղծվել։
Ի միջի այլոց, ԸՕ-ի այսօրինակ խառնաշփոթից բացի, մեկ այլ հոգս էլ ունեն ընտրողները։ Չնայած հեռուստատեսությամբ ցուցադրում են, թե ինչպես պետք է քաղաքացիներն ընտրեն, սակայն շատերը դժգոհում են, թե լավ չեն հասկանում` ինչու հինգ թերթիկ վերցնել, մեկը գցել քվեատուփի մեջ, ինչպես քվեարկել ու ինչպես գլուխ հանել»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ թիվ 3 ընտրատարածքում առաջադրված պատգամավոր
Սամվել Ալեքսանյանը մրցույթ է հայտարարել իր շտաբների միջեւ, թե ով ավելի շատ ձայն կբերի։ Ըստ այդմ՝ առաջին հորիզոնականում հայտնված շտաբի ղեկավարը կստանա 50 հազար, 2-րդը՝ 40 հազար, 3-րդը՝ 30 հազար դոլար։ Այժմ Լֆիկ Սամոյի շտաբի ղեկավարներն օրուգիշեր, քափ-քրտինքի մեջ աշխատում են հանուն մրցանակի։ Մալաթիա-Սեբաստիա համայնքի նախկին թաղապետ, այդ համայնքում Հանրապետական կուսակցության տարածքային կազմակերպության ղեկավար
Դավիթ Օհանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այդպիսի տեղեկություն ինքը չունի, նման խոսակցություններ իր ականջին չեն հասել»:
«Ժողովուրդ»–ին հայտնի դարձավ որ «ՎՏԲ-Հայաստան» բանկը վաճառքի Է հանել Հրազդանի ցեմենտի գործարանը։ Հիշեցնենք՝ այս գործարանը պատկանում Էր Սերժ Սարգսյանի մտերիմ, գործարար
Միխայիլ Բադդասարովին, ով ժամանակին գործարանը գրավադրել Էր բանկում։ Իսկ Բաղդասարովի սնանկանալուց հետո գործարանը դարձել Էր բանկի սեփականությունը։ Հիմա փաստացի չգործող գործարանը ցանկանում Է գնել «Հայբիզնեսբանկ»–ը մի քանի ներդրողների հետ։ «Ժողովուրդ»–ը տեղեկացավ որ փոխվել Է նաև Հրազդանի ցեմենտի գործարանի տնօրենը, այժմ ղեկավարում Է Հարություն Պողոսյանը, իսկ նախկին տնօրեն Նաիրա Մարտիրոսյանը որոշել Է զբաղվել քաղաքականությամբ։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նա Կոմկուսի ռեյտինգային ցուցակով Կոտայքի մարզում առաջադրվել Է պատգամավորի թեկնածու»,–գրում է թերթը: