25.11.2024
Բաքվում ԱՄՆ դեսպան. Արցախի հակամարտության կարգավորումը կնպաստի տարածաշրջանային կայունությանը
prev Նախորդ նորություն

Սերժ Սարգսյան. Արցախի անվտանգությունն ապահովելու համար ՀՀ-ն պատրաստ է կիրառել իր ողջ զինանոցը

Եթե Ադրբեջանը շարունակի նույն ոգով և իրավիճակը հասցնի պատերազմականի, ապա Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար մենք մեկ վայրկյան անգամ կանգ չենք առնի կիրառելու մեր զինանոցում եղած բոլոր հնարավորությունները։ Այս մասին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում ԱԳՆ կենտրոնական ապարատի, ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների ղեկավարների հավաքի մասնակիցների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նախագահի խոսքով` Երևանը և Ստեփանակերտը պատերազմ չեն ցանկանում, մինչդեռ Բաքուն վաղուց ամենաբարձր մակարդակում անընդհատ խոսում է պատերազմի մասին, մեծացնում է լարվածությունը շփման գծում, հերոսացնում է այն զինվորներին, որոնց գործած, այսպես ասած, «սխրանքները» համարվում են պատերազմի հանցագործություն:

«Այսօր տարածաշրջանում լայնածավալ պատերազմի զսպող գլխավոր գործոնը հայ զինվորն է, ով ամուր կանգնած է և հստակ գիտակցում է, թե ինչի համար է պայքարում և ինչ խնդիր է լուծում»,- հավելել է նա: