25.11.2024
Երևանի ու Ստավրոպոլի միջև չվերթներ կիրականացվեն
prev Նախորդ նորություն

Էդվարդ Նալբանդյանը մեկնաբանել է Արցախում կայացած հանրաքվեն

Փետրվարի 20-ին կայացած սահմանադրական հանրաքվեի միջոցով Արցախի ժողովուրդը հերթական անգամ ապացուցեց ժողովրդավարական ճանապարհով իր ճակատագիրը տնօրինելու վճռականությունը: Այս մասին ասված է ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հայտարարության մեջ:

Նրա խոսքով, սահմանադրական ներկա հանրաքվեն նպատակ է հետապնդում ընտրություն կատարել կառավարման այն համակարգի օգտին, որը Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն առավել համապատասխան է համարում իր կարիքներին։ "Ողջունելի է, որ երեք տասնյակ երկրներ ներկայացնող հարյուրից ավել միջազգային դիտորդների կողմից հանրաքվեն գնահատվել է որպես լավ կազմակերպված, թափանցիկ և միջազգային չափանիշներին համապատասխան", - նշել է նա։

Ըստ Արցախի Հանրապետության ԿԸՀ հրապարակած արդյունքների՝ հանրաքվեին նոր սահմանադրությանը կողմ են արտահայտվել ընդհանուր քվեարկածների 87,6 տոկոսը, դեմ քվեարկված քվեաթերթիկների թիվը կազմել է 7 հազար 686 կամ ընդհանուր քվեարկածների 9,7 տոկոսը:

Ըստ նոր սահմանադրության, ԼՂՀ–ը վերանվանում է Արցախի Հանրապետություն։ Դա նոր սահմանադրության «արտաքին» կողմն է։ Ինչ վերաբերվում է բովանդակային հարցին, ապա իշխանությունը Ղարաբաղում դառնում է ավելի կենտրոնացված։ Վարչապետի պաշտոն այլևս չի լինելու, իսկ կառավարությունն ուղիղ ղեկավարելու է պետության գլուխը`նախագահը։

Ուժեղացվում է երկրում նախագահի ինստիտուտը: Նա ընտրվելու է ուղիղ համաժողովրդական ընտրությամբ ու հնարավորություն կստանա միանձնյա կառավարություն ձևավորել։ Կառավարության անդամներ նշանակելուց և ազատելուց բացի, նախագահը նաև կունենա օրենսդրական վետոյի իրավունք, որը կարող է բողոքարկել միայն խորհրդարանակա մեծամասնությունը։

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն արդեն երկու անգամ նախագահ է ընտրվել և գործող սահմանադրությամբ այլևս չի կարող առաջադրվել երրորդ ժամկետում։ Նրա նախագահության ժամկետ ավարտվում է այս տարի, իսկ հաջորդ խորհրդարանական ընտրությունները կայանալու են միայն 2020թ.–ին։

Հիմնարար ազատությունների կիրառումը, նշում է ՀՀ արտաքին գործերի նախարարը, համընդհանուր իրավունք է, որը ենթակա չէ սահմանափակման։ "Քառորդ դար շարունակ Լեռնային Ղարաբաղում անցկացվում են ժողովրդավարական հասարակությանը բնորոշ գործընթացներ, և Արցախի ժողովուրդն անկասկած վաստակել է իր իրավունքն՝ ապրելու այն նույն համամարդկային արժեքներին համապատասխան, ինչ ազատ ժողովրդավարական աշխարհը", - կարծում է նախարարը։

Նրա խոսքով, Արցախի ժողովուրդը կրկին անգամ ի ցույց դրեց, որ ժողովրդավարական հասարակություն կառուցելու իր կամքն անշրջելի է` չնայած բոլոր դժվարություններին, որոնք պայմանավորված են Ադրբեջանի կողմից ուժի և ուժի սպառնալիքի շարունակական կիրառմամբ, տնտեսական շրջափակմամբ և այլ թշնամական քայլերով։ "Պատահական չէ, որ Արցախում ընթացող ժողովրդավարական գործընթացներն ընդունվում են խիստ դժգոհությամբ՝ մարդու իրավունքները ոտնահարող Ադրբեջանում", - ընդգծել է նա։