VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Նազարյանի վարքը խմբակցությունը որոշել է քննարկման դնել, եւ չի բացառվում, որ իրենք էլ Նազարյանին «խնդրեն» մանդատը վայր դնել՝ Հովիկ Աղազարյանի օրինակով։ Նազարյանը երկար ժամանակ է՝ ակտիվ շփումների մեջ է իշխանականների հետ, վերջերս էլ Վիետնամ էր մեկնել եւ Ալեն Սիմոնյանի հետ լուսանկարվել նավի վրա: Երբ նրան հիշեցրել են, որ իրենք ԱԺ են եկել Փաշինյանին հեռացնելու, ասել է. «Սամբոյի ինչ-որ պրիոմ պիտի անեինք` Փաշինյանին հեռացնեի՞նք»: Իշխան Սաղաթելյանն էլ արձագանքեց, որ իրենց օրակարգը նույնն է՝ իշխանափոխությունը, եւ Նազարյանի հարցն առաջիկայում խմբակցությունը կքննարկի, եւ քայլեր կձեռնարկվեն։ Հիշեցնենք, որ Գեղամ Նազարյանը քոչարյանական թեւի ներկայացուցիչ է:
«Հրապարակ» թերթը գրում է. «Արգիշտի Քյարամյանի պաշտոնանկությունից հետո Քննչական կոմիտեում ուշքի չեն գալիս։ Մեզ հայտնի դարձավ, որ Քյարամյանի հեռանալու օրը աշխատանքից ազատման դիմում է գրել ՔԿ իրավաբանական վարչության պետ Արթուր Վարդանյանը՝ ասելով, որ Քյարամյանի հեռանալուց հետո չի պատկերացնում իր հետագա աշխատանքը ՔԿ-ում։ Մեզ պատմեցին, որ ՔԿ-ում իսկական քաոս է առաջացել, երբ Փաշինյանը հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ նոր նախագահը դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանն է։ Աննա Վարդապետյանի կառավարման ժամանակաշրջանում դատախազությունից դուրս եկած կադրերին Քյարամյանը սիրով ընդունում էր Կոմիտե։ Այդ անձանցից ոմանք արդեն աշխատանքից ազատման դիմումներ են գրել, երբ իմացել են, որ Պողոսյանն է գալիս է ՔԿ։
«Հրապարակ»-ի տեղեկություններով, ազատման դիմում է գրել նաեւ ՔԿ տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության պետ Արսեն Սիմոնյանը, որը մոտ մեկ տարի առաջ էր դատախազությունից քննչական տեղափոխվել։ Մեր տեղեկություններով՝ հենց Արթուր Պողոսյանի հետ կոնֆլիկտի պատճառով էր նա հեռացել, որն այնքան լուրջ է եղել, որ Պողոսյանի անունը լսելուն պես դիմումը գրել է։ Նշենք․ Սիմոնյանը Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Տիգրան Սիմոնյանի եղբայրն է, որն օգոստոսի սկզբին պաշտոնից ազատման դիմում գրեց եւ լքեց դատական համակարգը։ ՀՀ քննչական կոմիտեից հաստատեցին պաշտոնյաների՝ աշխատանքից ազատման դիմումներ գրելու մասին տեղեկությունը»:
«Հրապարակը» գրում է․ Նախօրեին Ալեն Սիմոնյանի եւ Հովիկ Աղազարյանի հանդիպումը տեւել է մոտ 40 րոպե: Հիմնականում խոսել է ԱԺ նախագահը, որը հանդիպման նախաձեռնողն է եղել։ Հիշեցնենք, որ Աղազարյանը խոստացել էր երկուշաբթի, 18.00-ին պատասխանել վարչապետի «խնդրանքին»՝ մանդատը վայր դնելու վերաբերյալ: Նա վճռական էր՝ հայտարարելու, որ չի հրաժարվելու մանդատից, սակայն Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումից հետո անսպասելիորեն հայտարարեց, որ մի քանի օրով հետաձգում է որոշման մասին հրապարակումը` դեռ որոշ հարցեր կան պարզաբանելու։
Իսկ երեկ պատասխանելով մեր հարցին, որ, մեր տեղեկություններով, Սիմոնյանը սպառնացել ու վիրավորել է իրեն, ինքն էլ հոգեպես ճնշվել է եւ փոշմանել, Աղազարյանը պատասխանեց․ «Ես կուզեի, որ Ալեն Սիմոնյանն ինձ սպառնար, քան էն, որ ինքն արեց իմ գլխին»: Բայց չմանրամասնեց, թե ինչ է արել Սիմոնյանը: Ասաց, որ իրեն չի վիրավորել. «Ուր էր, թե վիրավորած լիներ, պատասխանը ստանար։ Վատ բան չի ասել, ուղղակի ճնշել է ինձ՝ ուրիշ իմաստով»։ Իրականում Աղազարյանը ճիշտ չասաց․ տեղեկացանք, որ Սիմոնյանը ոչ միայն վիրավորել, այլեւ ծաղրել է Աղազարյանին, թե` ինչ ես քեզ կինոյի տղու տեղ դրել ու դուրս եկել համակարգի, պետության, պետականության դեմ։
Հընթացս էլ սպառնացել է` չգիտե՞ս, թե նմանների վերջն ինչ է լինում։ Իր եղբոր կնոջ մասին է հիշեցրել, որ ինքն այն ժամանակ լինելով ԱԺ նախագահ, վարչապետին դեմ դուրս չեկավ: Մի խոսքով, Աղազարյանին ամեն կերպ նվաստացրել է ու ճնշել, որից հետո Աղազարյանը հետաձգել է որոշումը։ Բայց նրա հարցուպատասխանից պարզ դարձավ, որ որոշումը հնարավոր է մեկ կամ մեկուկես տարի չհրապարակի: Ասաց՝ քանի դեռ ռուսաստանցի ընկերոջս չեմ հանդիպել, չեմ հրապարակի, իսկ ընկերոջ գալը Երեւան չի կարող ասել, թե երբ կլինի։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը նեղսրտել է իր թիմակիցներից. պատճառն իր մտերիմ ընկերոջ՝ Նարեկ Զեյնալյանի պատգամավորական մանդատը վայր դնելու պահանջն է Փաշինյանի կողմից: Հիշեցնենք, որ իր ելույթի ժամանակ Զեյնալյանը կոպիտ ձեւով կշտամբեց ՔԿ արդեն նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանին՝ ասելով նրան. «Դուք խոսում եք Ազգային ժողովի պատգամավորների հետ, Ձեր կաբինետում չեք եւ Ձեր ենթակաների հետ չեք խոսում։ Ես չեմ կարողանում ընկալել՝ որն է ավելի վատ՝ հասկանալով որտեղ եք գտնվում եւ նման ոճո՞վ եք խոսում պատգամավորների հետ, թե՞ հակառակը»:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արարատ Միրզոյանը թիմակիցների հետ զրույցում ասել է, որ անարդար են վարվել Նարեկ Զեյնալյանի հետ, Միրզոյանի պնդմամբ՝ վերջինս զուսպ անձնավորություն է, եւ պետք չէր նրան զրկել մանդատից, քանի որ կան այլ պատգամավորներ ովքեր խայտառակ միջադեպերի կենտրոնում են հայտնվել, բայց Փաշինյանը նրանց հանդեպ բարեհաճ է գտնվում ու չի պատժում: Բանն այն է, որ Նարեկ Զեյնալյանն Արարատ Միրզոյանի ընկերն է, ու հիմա Փաշինյանի՝ Զեյնալյանին մանդատից զրկելու հարցը խիստ վրդովվեցրել է նրան, ինչի մասին արտահայտվել է նաեւ վարչության անդամների մոտ: «Ժողովուրդ» օրաթերթը գրավոր հարցմամբ դիմել էր ԱԳՆ՝ պարզելու, թե ինչպես է Արարատ Միրզոյանը վերաբերում Նարեկ Զեյնալյանի պաշտոնանկությանը: ԱԳՆ-ից, սակայն, հրաժարվեցին հարցին պատասխանելուց՝ պատճառաբանելով, թե այն տեղեկություն պարզելու նպատակով չէ, այլ գնահատականի, որը չեն կարող տալ»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի կողմից ՍՄՍ հաղորդագրություններով պաշտոնանկ անելու սարսափը մարզեր է հասել: Օրենսդիրում եւ գործադիրում կատարվող «մաքրազերծումներին» զուգահեռ՝ նա մաքրում է նաեւ ՔՊ մարզային կառույցները։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը ՔՊ վարչության փոխնախագահ Գեւորգ Պապոյանին, որը ՔՊ-ի, այսպես ասած, «մարզային պատասխանատուն» է, հրահանգել է մաքրել թիմը, եւ ՔՊ մարզային կառույցների այն անդամները, որոնք այս կամ այն կերպ սկանդալների կենտրոնում են հայտնվել, հեռացվում են թիմից։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը ընտրություններից առաջ որոշել է մաքրել թիմն ու ազատվել սկանդալային կերպարներից, որ ձայներ կարողանա հավաքել:
Սրան զուգահեռ Փաշինյանը մարզային կառույցների ղեկավարների պաշտոններում իր վստահելի մարդկանց է նշանակում։ Օրինակ՝ Փաշինյանի սանիկը՝ ՏԿԵ նորանշանակ նախարար Դավիթ Խուդաթյանը, որը մինչ այս Արմավիրի մարզպետի պաշտոնն է զբաղեցրել, օրեր առաջ ընտրվել է Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ։ Ակնհայտ է, որ ՔՊ-ն արդեն իսկ պատրաստվում է 2026 թվականի հերթական, կամ գուցե արտահերթ ընտրություններին: Բայց քաղաքացիների քվեն սկսել է հետաքրքրել մարդկանց:»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ներկայացնել այն երջանիկ հեղափոխականների կենսամակարդակի աճի տվյալները, որոնք հակասում են տնտեսագիտական բոլոր հայտնի եւ անհայտ նորմերին։ ՔՊ խմբակցությունում կա մի պատգամավոր՝ Ալխաս Ղազարյան, ով, ըստ պաշտոնական կենսագրության, մինչեւ մանդատ ստանալը ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ընդհանուր եւ անօրգանական քիմիայի ինստիտուտից վարձատրվում էր գիտնականի համեստ աշխատավարձով` տարեկան 300-600 հազար դրամի սահմաններում: Զարմանալին այն է, որ ԳԱԱ-ին զուգահեռ ստանձնելով ԱԺ պատգամավորի բազմազբաղ աշխատանքը՝ տրամաբանորեն ԳԱԱ-ում պետք է նվազեր Ղազարյանի աշխատավարձը, կամ գոնե մնար նույնը, քանի որ «պատգամավոր գիտաշխատողը» եւ «պարապ գիտաշխատողը» տարբեր օրակարգեր ու զբաղվածություն ունեն: Բայց Ալխաս Ղազարյանի տարեկան աշխատավարձը (եկամուտը) հատել է 2 միլիոն դրամի շեմը՝ նախկին 300 հազարի փոխարեն։
Միաժամանակ, Մարտունու Վաղաշեն գյուղում ծնված-մեծացած Ալխաս Ղազարյանը, ինչպես ցանկացած հեղափոխական ՔՊ-ական, 2023 թվականին 30.8 միլիոն դրամով ձեռք է բերել բնակարան Երեւանի Նորք-Մարաշ վարչական շրջանում։ Առավել զարմանահրաշ են Ղազարյանին փոխկապակցված անձի՝ եղբոր՝ Դավիթ Ղազարյանի հետհեղափոխական հաջողությունները։ Եթե այն ժամանակ, երբ քույրը պաշտոն էր ստանձնում, Դավիթ Ղազարյանի տարեկան եկամուտը 5 միլիոն դրամ էր, մեկ տարի անց անհատ ձեռնարկատեր Դավիթ Ղազարյանը տարին ավարտել է 26.5 միլիոն դրամ եկամուտով, իսկ ամենաանհասկանալին՝ անհատ ձեռնարկատեր Ղազարյանը, թողնելով այս եկամուտները, 2023 թվականին տեղափոխվել է վարչապետի աշխատակազմ` չինովնիկի համեստ աշատավարձ ստանալու։ Անհավատալի զարգացումներ»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հակակոռուպցիոն կոմիտեն, որը Նիկոլ Փաշինյանի թեթեւ ձեռքով 2 շաբաթ Է ղեկավար չունի, առաջիկայում կպատրաստվի Կոմիտեի նախագահի ընտրություններին, որը երկարատեւ գործընթաց է: Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ընտրությունների համար նախ պետք է հայտարարվի մրցույթ, ապա ձեւավորվի ընտրող հանձնաժողով։ Սասուն Խաչատրյանի՝ sms-ով հեռանալուց հետո Հակակոռուպցիոն կոմիտեն, որպես նախագահի ժամանակավոր պաշտոնակատար, ղեկավարում է Փաշինյանի վաղեմի ծանոթ, «Մարտի 1»-ի քննչական խմբի ղեկավար, արդարադատության գնդապետ Էդիկ Հակոբյանը։ Հարկ է նշել, որ Էդիկ Հակոբյանը «Հաց բերող» Արթուր Սարգսյանին կալանավորողն է եղել, ում 2024 թվականի գարնանը ՀՀ նախագահի հրամանով շնորհվել է երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան։ Իսկ ինչ ունեցվածք ունի Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Էդիկ Հակոբյանը։
«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրեց 2023 թվականի անշարժ գույքի, եկամուտների, շահերի եւ ծախսերի նրա հայտարարագիրը, ըստ որի՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալը հայտարարագրել է 2 անշարժ գույք՝ 1 անհատական բնակելի տուն, 1 հողամաս։ 2023 թվականին Հակոբյանը ձեռք է բերել 2022 թվականի արտադրության Lexus մակնիշի մեքենա, որն արժեցել է 15 մլն 300 հազար դրամ։ Նրա բանկային հաշիվների մնացորդները կազմել են գրեթե 800 հազար դրամ, որը նախորդ տարվա համեմատ ավելացել է գրեթե 500 հազար դրամով։ Կանխիկ դրամական միջոցները կազմել են 2 մլն 400 հազար դրամ (կանխիկ դրամական միջոցները գրեթե կրկնապատկվել են)։ Նախորդ տարվա՝ 2022 թվականի համեմատ տարեկան եկամուտներն ավելացել են գրեթե 4 մլն դրամով։ Կոմիտեի նախագահի տեղակալի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 44 մլն 369 հազար դրամ, որից 27 մլն 840 հազարը աշխատանքի վարձատրություն է ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից։
Էդիկ Հակոբյանի ստացած վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 35 մլն 437 հազար դրամ, որից 21 մլն 313 հազարը բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է, ինչի համար էլ Հակոբյանը ՀՀ պետական եկամուտների կոմիտեից ստացել է 2 մլն 875 հազար դրամ՝ եկամտահարկի վերադարձի օրենքով հիփոթեքի մայր գումարը մարելու համար։ Վարկի մարմանն ուղղել է 8 մլն 222 հազար դրամ։ Հիշենք եւ չմոռանանք լեգենդար «պոզով-պոչով կոռուպցիան», որն անտարբեր չի անցել նաեւ Էդիկ Հակոբյանի ընտանիքի կողքով։ Հակոբյանի կինը՝ Աննա Խաչատրյանը, Երեւանի Ներսես Մեծի անվան թիվ 124 հիմնական դպրոցի տնօրենն է, իսկ նրանց հետ համատեղ բնակվող Արմենակ Հակոբյանը նույն դպրոցում աշխատում է որպես պահակ։ Ահա թե ինչպիսին է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ներկայիս ժամանակավոր պաշտոնակատարի ունեցվածքը։»: